Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Ի՞նչ եմ ասել Նիկոլ Փաշինյանին՝ պատերազմի թեժ պահին»․ Էդուարդ Շարմազանով

«Ի՞նչ եմ ասել Նիկոլ Փաշինյանին՝ պատերազմի թեժ պահին»․ Էդուարդ Շարմազանով
101
Այսօր, 12:06

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «2020-ի հոկտեմբերի 12-ին տեղի էր ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ։
Հրապարակում եմ ելույթս՝ այդ հանդիպումից։
«Իշխանափոխության առաջին օրերից Հանրապետական կուսակցությունը քանիցս բարձրաձայնել է Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացում՝ արտաքին և անվտանգային քաղաքականության մեջ ՀՀ և ԱՀ իշխանությունների գործած կոպիտ սխալների մասին։
Զգուշացրել ենք, որ չի՛ կարելի հրաժարվել բանակցային գործընթացում ձեռքբերված Մադրիդյան սկզբունքներից, չեղարկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջև նախապայմաններ դնել, զգացմունքային և թերհաշվարկված հրապարակային հայտարարություններ անել, զրոյացնել բանակցային ողջ ժառանգությունը և հայտարարել նոր կետից գործընթացի մեկնարկի մասին, անհիմն լարվածություն առաջացնել մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում:
Չի՛ կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին: Չի՛ կարելի երկար տարիների բանակցային գործընթացի պատմությունը իմանալ Ալիևից:
Այդ փաստարկված և պետության շահերից բխող քննադատությանն ի պատասխան, սակայն, մենք ստանում էինք չհիմնավորված քրեական գործեր, ատելության քարոզ և հասարակության պառակտմանն ուղղված պետական քաղաքականություն։
Այս հանգամանքներից անկախ՝ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի վերսկսման առաջին իսկ օրվանից ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ սառեցնում է ներքաղաքական օրակարգը, ազգային համախմբման եւ միասնականության կոչ արեց և իր բոլոր հնարավորություններով կանգնեց մեր բանակի ու երկու հայկական հանրապետությունների կողքին։
Այս օրերին սեփական նախաձեռնությամբ Հանրապետականն արել է առավելագույնը, հրապարակավ հայտարարելով, որ ստեղծված ծանր իրավիճակում դրանից բացի, պատրաստ է լծվել ցանկացած խնդրի լուծման, որ իշխանությունների կողմից կդրվի կուսակցության առջև: Փորձել ենք աշխատանքային կապեր հաստատել տարբեր պատկան մարմինների հետ՝ առաջացած կարիքները ճիշտ գնահատելու և նպատակային աջակցություն ցուցաբերելու համար։ Ավաղ, այդ փորձերը միշտ չէ, որ արդյունավետ են եղել, և մենք սկսեցինք աշխատել ու առ այսօր աշխատում ենք դարձյալ սեփական նախաձեռնություններով:
Ցավոք, պատերազմի առաջին օրերին ստեղծված ազգային համերաշխության մթնոլորտը ստվերվեց այսպես կոչված՝ «դավաճանների» մասին վարչապետի և ԱՀ նախագահի հայտարարություններով, ռազմական դրության պայմաններում ԶԼՄ-ների նկատմամբ օրենքի սելեկտիվ կիրառմամբ, անպատիժ կերպով սոցցանցերում և առանձին լրատվամիջոցներում վերսկսած նպատակային ատելության պառակտիչ քարոզի թողտվությամբ, նոր քրեական գործերով, խուզարկումներով, սպառնալիքներով:
Ամփոփելով վերոհիշյալ հանգամանքներն ու փաստերը՝ լիազորված եմ պաշտոնապես հայտարարելու, որ
1. Ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի և Արցախի գործող ղեկավարության վրա։
2. Անկախ այդ հանգամանքից՝ Հանրապետականը պատրաստ է անելու առավելագույնը մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, առկա ծանր վիճակից դուրս բերելու, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով։ 12.10.2020թ.: Երևան,ՀՀ Կառավարություն։
Հ.Գ.
Ելույթս ընթերցելուց հետո Նիկոլ Փաշինյանին ասել եմ, որ դիմի և նույնիսկ խնդրի ՌԴ նախագահին պատերազմը կանգնեցնելու կոչով։
Հետագայում տեղեկացանք, որ հոկտեմբերի 19-ին ոչ թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, այլ Վ.Պուտինն է առաջարկել դադարեցնել պատերազմը։
Սակայն ապագա կապիտուլյացիայի սիմվոլը չի համաձայնվել այդ առաջարկին, որի հետևանքով մենք ունեցել ենք նորանոր տարածքային կորուստներ՝ ներառյալ Շուշին և հազարավոր զոհեր:
Ավելին. Նիկոլ Փաշինյանին ասել եմ՝ նախորդ իշխանությունը ձեզ թողել է 2 հայկական պետություն ու այդ թվում 12.000 կմ² տարածք ունեցող Արցախի Հանրապետություն։
Ավելի լավ է դուք մտածեք, թե ի՞նչ եք թողնելու ձեզանից հետո։
Ի՞նչ է թողնելու իրենից հետո Նիկոլը…ավերակներ։
Արցախ չկա, ՀՀ-ը ապագան էլ մշուշոտ է»։