«Հայաստանին բաց սահման առաջարկում են միայն դավանա-քաղաքական ինքնությունն ապամոնտաժելու պայմանով»․ Հակոբ Բադալյան
154
Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ., 15:42
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Մենք միշտ ուրախացել ենք, որ մեր սահմանները փակ են, նույնիսկ նարատիվներ են ՀՀ-ում տարածվել, որ եթե հանկարծ սահմանը բացվի, մեր վերջը կգա», լրագրողների հետ զրույցում ասում է կառավարող մեծամասնության ներկայացուցիչ նախարարը, այն, որ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի օրը դիտում էր որպես Հայաստանի «իրական անկախության» օր: Այսինքն, մարդ, որը փաստորեն «ուրախության նոտաներ» էր գտնում Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի պայմաններում (դե, համենայն դեպս ենթադրվում է, որ անկախությունը ուրախության պատճառ է, ոչ թե հակառակը), հայտարարում է, թե «մենք ուրախացել ենք փակ սահմանով»: Իհարկե պետք է հասկանալ, թե ով է «մենք»-ը, բայց, Հայաստանն այդ ե՞րբ է ուրախացել փակ սահմանով: Այո, փակ սահմանի առնչությամբ Հայաստանը ոչ թե «սուգ» է հայտարարել, այլ փորձել է կառուցել իր կենսագործունեությունը՝ իրողությունները հաշվի առնելով, և թույլ չտալով, որպեսզի սահմանը փակողների նպատակներից մեկը՝ Հայաստանին քաղաքական պայմաններ թելադրելը, արդարանա: Հայաստանը փորձել է զարգացում ապահովել նաև փակ սահմանների, կամ ավելի շուտ՝ կիսափակ սահմանների պարագայում, որովհետև այդուհանդերձ երկրի չորս սահմանից երկուսը եղել են բաց: Իհարկե, եթե բաց լինեին չորսը, ապա կլիներ ավելի մեծ հնարավորություն: Բայց, չորսից երկուսը փակվել է հենց Հայաստանին քաղաքականություն պարտադրելու համար: Հետևաբար, Հայաստանը փորձել է գտնել այդ պայմաններում զարգացման հնարավորություն: Եվ գտել է: Սկզբունքային խնդիրները ի հայտ են եկել ոչ թե սահմանները փակ լինելու, այլ կառավարման համար պատասխանատու վերնախավերի արժեքային ու գաղափարական ցածր գործակցի հետևանքով: Հայաստաննի բուն խնդիրները եղել են ներքին կյանքում: Այդտեղ են եղել տապալումները, վրիպումները, ձախողումները, անարդյունավետությունը: Միևնույն ժամանակ, Հայաստանը դեռ երկու տասնամյակ առաջ հենց ինքն է առաջարկել վերականգնել ռեգիոնալ տնտեսական հարաբերությունները, արտահայտելով այն մոտեցումը, որ տնտեսական հարաբերությունների վերագործարկման ուղղությամբ աշխատանքը ավելի նպաստավոր միջավայր կձևավորի քաղաքական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Բայց, Հայաստանի այդ մոտեցումը մերժվել է, որովհետև սահմանը փակող հարևաններին հետաքրքրել է ոչ թե խաղաղ կարգավորումը և խաղաղությունը, այլ Հայաստանի՝ որպես պետություն, կամ չգոյությունը, կամ դեկորատիվ գոյությունը: Ընդ որում, այսօր էլ, Հայաստանին բաց սահման առաջարկում են միայն քաղաքական ենթակայության, դավանա-քաղաքական ինքնությունը ապամոնտաժելու պայմանով: Որովհետև, այստեղ, ի տարբերություն Հայաստանի, իրավիճակը չափել ու չափում են ոչ միայն զուտ Հայաստանով: Եվ, ի դեպ, սահմանը, օրինակ Թուրքիան, փակել է ոչ միայն Ադրբեջանի հետ սոլիդարության կամ Հայաստանին պատժելու նկատառումով: Դա եղել է, բայց խորքային մոտիվը եղել է հայ-թուրքական սահմանի աշխարհաքաղաքական գինը բարձրացնելը և այն խաղաքարտ դարձնելը՝ թե Ռուսաստանի, թե Միացյալ Նահանգների, թե Եվրոմիության, թե այլ մի շարք շահագրգիռ դերակատարների համար»: