«Երբ ասում եմ՝ ԿԱՐՈՂ ԵՆՔ, հենց այս փաստերի վրա եմ հիմնվում». Վահրամ Մարտիրոսյան
154
Այսօր, 02:12
Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««ՍիվիլՆեթ»-ը պատերազմի խրոնոլոգիան ներկայացնող տեսանյութ է պատրաստել, հղումը՝ մեկնաբանությունում։ Շատ լավ է, որ ֆիքսվում են փաստեր, որոնք հանրության մեծամասնությունը կամ չգիտի, կամ գիտի աղավաղված ու թշնամական նարատիվների ներքո։ Սկզբում մեջբերեմ հեղինակին․ «6 գիշեր և 7 ցերեկ 9-րդ պաշտպանականը Ջաբրայիլ-Հորադդիս շրջանում հաջողությամբ դիմադրում է»։ Իմ կողմից ավելացնեմ մի քանի փաստ։ - Հայկական բանակը ոչ միայն հաջողությամբ դիմադրել է, այլև, անցնելով հակահարձակման, հետ է գրավել առաջին օրը կորցրած դիրքերի մեծ մասը։ Սա փաստում է, որ բանակը մի կերպ, վերջին ուժերով պաշտպանվողի դերում չի եղել։ - Կարախամբեյլիում կա մի դրվագ, երբ մեր բանակը անցնում է հակահարձակման, իսկ թշնամին հարձակվող զորքի վրա սկսում է կրակել TOC-ի վակուումային հրթիռներով։ Վակուումային էֆեկտից մեր զինվորները բառի բուն իմաստով պայթում են։ Աչքի առաջ իրենց ընկերների այդ դաժան մահերը անգամ չեն կոտրում հայ զինվորների առաջխաղացումը։ Մարտական առաջադրանքը կատարվում է, և դիրքերը գրավվում են։ Պատերազմի առաջին վեց օրերի մասին դեռ շատ բան կարելի է պատմել։ Բայց եկեք ֆիքսենք ևս մեկ իրողություն՝ թշնամին ուներ թվաքանակի, տեխնոլոգիայի, օդի, զրահատեխնիկայի, կրակային հզորության և, վերջապես, տակտիկայի առավելություններ։ Իսկ մենք՝ ընդամենը մեկ առավելություն՝ մարտունակության գերազանցություն։ Եվ երբ համադրում ենք թշնամու այդ վեց առավելությունները մեր մեկ առավելության հետ, պարզվում է, որ մեր մարտունակության գերազանցությունը թշնամու նկատմամբ այնքան մեծ է եղել, որ նրանց այդ վեց առավելությունները չեզոքացվել են, և անգամ հանրագումարում դրական բալանս է ստացվել։ Այսքանից հետո բնական հարց է առաջանում՝ բա ինչո՞ւ պարտվեցինք։ Հույս ունեմ, որ շուտով լրագրողական հետաքննություն կկատարվի այդ նույն 6 գիշերների և 7 ցերեկների ընթացքում պատերազմի կառավարման ասպեկտի մասին ևս։ Թե այդ նույն օրերին, երբ վակումային ռումբերի տակ բանակը իր առաջադրանքն էր կատարում, միաժամանակ նրանց վերաբերվող ինչպիսի որոշումներ էին կայացվում Երևանում։ Երբ ասում եմ՝ Կարող Ենք, հենց այս փաստերի վրա եմ հիմնվում։ Պատկերացրեք, եթե մեր մարտունակությանը ավելացնենք տեխնոլոգիաներ, տակտիկա, կրակային հզորություն և, ամենակարևորը, պատասխանատու ու որակյալ քաղաքական կառավարում։ Թուրքը մեր դեմ ոչ մի շանս չի ունենա»։
44-օրյա պատերազմի աշխարհագրությունը. Արաքսից՝ Շուշի