Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Հա՞նք, թե՞ կյանք․ Վայոց ձորի բնակիչները պետք է որոշում կայացնեն

Հա՞նք, թե՞ կյանք․ Վայոց ձորի բնակիչները պետք է որոշում կայացնեն
107
Երեկ, 22:00

Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրությանը, շահագործմանը դեմ նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է․

«Երկիր մոլորակի գլոբալ տաքացման պայմաններում, ջրային ռեսուրսների ռացիոնալ կառավարումը դարձել է կենսական անհրաժեշտություն:

ՀՀ Վայոց ձորի մարզը խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ։ Մարզում դիտվում է ջրային ռեսուրսների կրճատում։ Ջրամբարների բացակայության պատճառով հսկայական ջրային ռեսուրսներ հոսում են հանրապետությունից դուրս:

Վայոց ձորի մարզն ունի երեք հիմնական ջրային ավազան, որոնք ապահովում են խմելու և ոռոգման ջրերի պահանջները։ Դրանք են․

- Արփա գետի վերին հովիտ՝ Ջերմուկի տարածաշրջան

- Արփա գետի Եղեգիս վտակի վերին հովիտ՝ Վարդահովիտի տարածաշրջան

- Թեք Սար - Վայոց Սար, Արփա – Եղեգիս գետերի ջրահավաք ավազան:

Թվարկված ջրային ավազանների տարածքներում ցանկանում են շահագործել մետաղական հանքեր՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր, Ղազմայի հանքավայր (Գլաձորի բազմամետաղային հանքավայր) և Վարդենիսի բազմամետաղների հանքերևակում, որոնք պարունակում են կապար, կադմիում, ուրան, ցինկ, պղինձ, ոսկի, արծաթ, թալիում, ծծումբ և այլ տարրեր։ Քննարկվում է նաև ուսումնասիրել Մարտիրոսի, Ազատեկի, Վայքի, Եղեգիսի մետաղական հանքավայրերի պաշարները:

Հանքավայրերի տարածքները ծովի մակերևույթից 2000-2500 մետր բարձրության վրա են, որտեղից սկիզբ են առնում Վայոց ձորի բնակչության խմելու և ոռոգման ջրերը:

Վայոց ձորի մարզը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այստեղ մշտապես եղել են հզոր երկրաշարժեր և ջրհեղեղներ: Երեք հանքավայրերի հարևանությամբ 100-500 մետր խորությամբ անցնում է Արփա - Սևան ջրատարը, ջրատարի շրջակա տարածքների, լեռների գրունտային ջրերը լցվում են Արփա-Սևան ջրատար, թափվում են Եղեգիսի կիրճ և Սևանա լիճ:

Հանքարդյունաբերությունը Վայոց ձորի և Սևանի ավազանի համար մեծ ռիսկեր է պարունակում:

Վայոց ձորի և տարածաշրջանի համար հնարավոր ռիսկերը մետաղական հանքարդյունաբերության դեպքում․

- Տարածքների կայուն և հարատև աղտոտում, որի հետևանքով դրանք դառնալու են օգտագործման համար ոչ պիտանի, այսինքն, տարածքների առմիշտ կորուստ

- Հազարավոր տարիներ արտադրական թափոնների՝ դատարկ ապարների և պոչհանքի կառավարման համար մեծ ծախսեր

- Ջրային ռեսուրսների աղտոտում

- Տեղանքի լանդշաֆտի և երկրաբանական կառուցվածքի ձևափոխում, խաթարում

- Բուսականության կորուստ

- Վայրի կենդանիների կորուստ

- Բնակչության ապրելու միջավայրի պայմանների վատթարացում

- Երկրագործության, խաղողագործության, գինեգործության և անասնապահության անկում և արտադրանքի նվազում

- Բնակչության եկամուտների նվազում, սոցիալական վիճակի վատթարացում, արտագաղթ, բնակավայրերի ամայացում։

Խորհրդային Միության տարիներին կառավարությունը գիտեր, թե Գլաձորի հանքավայրում ինչ և ինչքան մետաղներ կան, սակայն, հաշվի առնելով ժողովրդի, պետության շահը, կանխատեսվելիք ավերվածությունների և անդառնալի մյուս կորուստների ծավալները, այդ հանքը չի շահագործվել:

Տեղեկություններ Ղազմայի հանքավայրի վերաբերյալ

Մեզ հասած տեղեկություններով առաջին անգամ Ղազմայի հանքավայրում ուսումնասիրությունները կատարվել են 1910-1914թթ. ֆրանսիացի, անգլիացի և ռուս երկրաբանների կողմից:

Երկրորդ ուսումնասիրությունը կատարվել են 1924-1935թթ. խորհրդային Հայաստանի երկրաբանների կողմից:

Երրորդ ուսումնասիրությունը և շահագործումը կատարվել է 1950-1970թթ.:

Նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով Ղազմայի բազմամետաղային հանքավայրը հիմնականում պարունակում է կապար, ուրան, ցինկ, կադմիում, ոսկի, արծաթ և ծծումբ: Նշված տարրերի թթվային միացությունները, օքսիդները թունավոր են հատկապես հանքավայրերին ազդակիր բնակավայրերի բնակիչների, կենդանական և բուսական աշխարհի համար: Թեք սարը, որտեղ Ղազմայի հանքավայրն է, գտնվում է քարտեզագրված Վեդի-Վայքի ուրանային հանքաշերտի վրա:

1970-ական թվականներին շրջանառվել է տեղեկություն, որ եթե Ղազմայի բազմամետաղային հանքավայրը շահագործվի, ելնելով վտանգավորությունից, 30 կմ շառավղով բնակչությունը պետք է տարհանվի:

Ղազմայի հանքավայրի շրջակա տարածքներում գտնվում են Վերնաշեն, Մալիշկա, Կարմրաշեն, Գլաձոր գյուղերի 3500 հա արոտավայրեր և սեփականաշնորհված խոտհարքեր:

Թեք Սարից սկիզբ են առնում Վերնաշեն, Մալիշկա, Կարմրաշեն և Եղեգիսի կիրճ թափվող գետերը, և շրջակա բնակավայրերի խմելու ջրերը:

1971թ. ստեղծվել է Եղեգնաձորի պետական արգելավայրը 4200 հա տարածքով, որն ամրագրվել է ՀՀ Կառավարության 2014թ. սեպտեմբերի 25-ի 1059-Ա որոշմամբ: Ղազմայի՝ Գլաձորի բազմամետաղային հանքավայրը գտնվում է արգելավայրի տարածքում:

Վայոց ձորը հարուստ է 5-12-րդ դարերի պատմամշակույթային եզակի կոթողներով՝ Գլաձորի համալսարան և թանգարան, եկեղեցիներ, վանքեր, բերդեր, խաչքարեր:

Հանքերի շահագործման դեպքում կվտանգվի մշակութային ագրո և էկո տուրիզմը, և հյուրատնային բիզնեսը:

Հարգելի Վայոց ձորի բնակիչներ, պետք է կայացնենք որոշում, կարող ենք ապրել մեր չքնաղ հայրենիքում հանքերի հարևանությամբ, թե մենք էլ ստիպված կլքենք տուն ու տեղ, անտեր թողնելով պապերի գերեզմանները և սրբատեղիները, որի համար անհրաժեշտ է անցկացնել տեղական հանրաքվե:

ՈՐՈՇԵԼ

Հանք, թե՞ կյանք

Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրությանը, շահագործմանը դեմ նախաձեռնող խումբ»։