Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Կանադայի արտգործնախարարը կարևորել է արցախահայության վերադարձը, գերիների ազատ արձակումը

Կանադայի արտգործնախարարը կարևորել է արցախահայության վերադարձը, գերիների ազատ արձակումը
103
Այսօր, 01:00

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարել է․ «Հայ դատի Կանադայի հանձնախմբի և Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի պաշտոնական շփումների արդյունքում Հայ դատի հանձնախումբը ստացել է նախարար Ժոլիի գրությունը, որտեղ վերջինս առանցքային նշանակության շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների վերաբերյալ։

Մասնավորապես, Բաքվում հայ ռազմագերիների և Արցախի նախկին առաջնորդների շարունակվող կեղծ դատավարությունների ֆոնին նախարար Ժոլին խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և կոչ է անում.
- Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և կամայականորեն կալանավորված էթնիկ հայերի անվերապահ ազատ արձակում,

- Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք,

- Հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց հայրենի հողեր,

- Հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն,

Արցախի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին և Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությանը համահունչ՝ ուժի և դրա սպառնալիքի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի շրջանակում։

Նախարար Ժոլիի այս դիրքորոշումը համապատասխանում է Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններին։ Հանձնախումբն իր կողմից ճշտված քաղաքական առաջնահերթությունների շրջանակում շարունակում է աշխատանքը Կանադայի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

30 հունվար 2025թ․»։