Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Չի բացառվում, որ ՍԴ-ն մինչև ապրիլի 18-ը որոշում կայացնի․ «Ժողովուրդ»

Չի բացառվում, որ ՍԴ-ն մինչև ապրիլի 18-ը որոշում կայացնի․ «Ժողովուրդ»
200
Շաբաթ, 12 ապրիլի, 2025 թ., 09:12

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդակցական սենյակում քննարկումները դեռ շարունակվում են։ «Չի բացառվում, որ մինչև մյուս շաբաթվա ավարտը, մասնավորապես՝ մինչև ապրիլի 18-ը, ՍԴ-ն խորհրդակցական սենյակից դուրս գա և հրապարակի որոշումը։ Տատանումների պատճառը, ըստ տեղեկությունների, ապօրինի ծագման 30 և ավելի տարվա գույքի գործերի քննության «երիտասարդացումն» է մինչև 10, 20 տարվա, քանի որ 30 և ավելի տարվա վաղեմության փաստաթղթեր պահելը իրատեսական չէ, հատկապես երբ հասարակարգեր են նաև փոխվել:

Այս իրավիճակին զուգահեռ դատական համակարգում հատկապես ապօրինի գույքի գործը քննող դատավորները, գույքերը փրկող նախկին պաշտոնյաները և դատախազներն են, շունչները պահած, սպասում ՍԴ որոշմանը:
Լուրերի համաձայն՝ մասնագետները խորհրդակցական սենյակում հարց են բարձրացրել, որ օրենքը կիրառողների վերլուծություններն ու կարծիքները բավարար չեն, և այս առումով պետք է այդ օրենքը կիրառող դատարանների դատավորների կարծիքները ևս լինեն, որպեսզի ՍԴ-ն կարողանա վերջնական որոշում կայացնել:
Ուշագրավն այն է, որ ՍԴ-ն իր ողջ կազմով չի քննում ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն ապօրինի գույքի բռնագանձման գործով գնացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Նշենք, որ այս գործի քննությունը Սահմանադրական դատարանում կասեցված էր 2023 թվականից: Այս տարվա մարտի 25-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ վերսկսել է գործի վարույթը։

Հիշեցնենք, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը բարձրացվել է Ազգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդի դիմումի հիման վրա, և բարձրացվել էր ամբողջ օրենքի սահմանադրականության հարցը։

Գործի վարույթը վերսկսելու Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մեջ նշվում է, որ ստացվել են գործով պահանջված ապացույցները, և դրանց վերլուծության և ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ կասեցման հիմքերը վերացել են: Նշենք, որ գործը ՍԴ-ում գրավոր ընթացակարգով է քննվել։ Զեկուցողը ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանն է, ով պետք է հասցնի գործը ավարտին մինչև ապրիլի վերջ և հեռանա Հայաստանից դեպի ապահով Ստրասբուրգ»։

Մանրամասները՝ թերթի համարում։