Երկուշաբթի, 21 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ադրբեջանական ԶՈՒ-ն ականապատել է դիրքերի հարակից տարածքները»․ Արման Թաթոյան

«Ադրբեջանական ԶՈՒ-ն ականապատել է դիրքերի հարակից տարածքները»․ Արման Թաթոյան
212
Այսօր, 11:57

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025թ. ապրիլի 12-ին և 13-ին մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ և Կապան համայնքներում, մասնավորապես՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերում և այլ սահմանամերձ բնակավայրերում: Այցը եղել է նպատակային՝ նախապատրաստել միջազգային կառույցներ, այդ թվում՝ միջազգային դատական ատյաններ ներկայացնելու ենթակա կոնկրետ դիմումներ:
Ինչպես նախկինում, այս անգամ ևս հաստատվել է, որ Տեղ, Խնածախ, Խոզնավար, Արավուս, Ներքին Հանդ, Ճակատեն և այլ գյուղերի բնակիչները զրկված են արոտավայրերից, վարելահողերից, խոտհարքներից, բերքատու այգիներից, քանի որ դրանց մեծ մասը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո։ Գրեթե վերացել կամ խիստ նվազել է անասնապահությունը և խոզաբուծությունը, իսկ նախկինում եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող այգիները դարձել են թե՛ անհասանելի, թե՛ մարդկանց կյանքի համար վտանգավոր (օրինակ՝ Տեղ, Արավուս, Ներքին Հանդ և այլն)։
Հայտնի է դարձել նաև, որ վերջին շրջանում՝ ամեն գիշեր, որպես կանոն, ժամը 22:30-ից մինչև առավոտյան 6:30-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը անկանոն կրակահերթեր են արձակում հայկական բնակավայրերի ուղղությամբ: Մի շարք վայրերում բնակիչները տեղեկացրեցին, որ կրակոցները լսում և զգում են անգամ իրենց գլխավերևով դրանց սուլոցների ձայներով: Այցից անմիջապես առաջ կրակոցներից մեկի ժամանակ Խնածախում վնասվել են բնակիչներից մեկի տան տանիքին տեղադրված ջրատաքացման համար նախատեսված արևային վահանակները:
Ահագնացող է Ներքին Հանդում ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրի և հարակից տարածքների ականապատման խնդիրը: Բանն այն է, որ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական զինված ուժերի տեղակայումներով: Փաստացի ադրբեջանական դիրքերի մեծ մասը գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, իսկ տեղադրված և տեղադրվող ականները չափազանց մոտ են Ներքին Հանդի քաղաքացիական տներին. հեռավորությունը նույնիսկ քիչ է մի քանի հարյուր մետրից:
Այսինքն՝ կատարյալ սխալ է ադրբեջանական կրակոցներն արդարացնելը քաղաքական նկատառումներով՝ նշելով, թե իբր դրանք թիրախային չեն:
Ադրբեջանական զինված ուժերը ականապատել են իրենց դիրքերի հարակից տարածքները՝ վտանգելով բնակիչների կյանքը և անվտանգությունը, նրանց գյուղացիական տնտեսությունները: Բնակիչների այգիները, որոնք շատ դեպքերում եկամտի միակ աղբյուրն էին, գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, իսկ դրանց մեծ մասը ականապատված է։ Տեղադրված են ինչպես TM-57 հակատանկային, այնպես էլ և O3M-72 և ПMH-2 հակահետևակային ականներ։ Օրինակ՝ ադրբեջանական մեկ դիրքի օրինակով պարզել էինք, որ ականները տեղադրված են նրանց դիրքերից 70-80 մ հեռավորության վրա, իսկ հակահետևակայինները՝ 10- 30 մ վրա:
Փաստահավաք թիմը տեղեկացավ, որ, օրինակ, այցից մի քանի օր առաջ ականի պայթյունից սատկել են բնակիչների գյուղատնտեսական կենդանիները:
Այս անգամ արձանագրվել է, որ ադրբեջանական զինված ուժերը ոչնչացրել են Ներքին Հանդ գյուղի գերեզմանոցում տեղակայված հուշարձանը՝ նվիրված երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին: Հուշարձանից մնացել է միայն պատվանդանը, իսկ բուն հուշարձանը մոտ մեկ ամիս է՝ ոչնչացված է: Շարունակում են զավթված մնալ ջրի աղբյուրները, գյուղի գերեզմանոցը և հայկական եկեղեցին: Ադրբեջանական զինված ծառայողները ապօրինաբար հատել են հազարավոր ծառեր՝ ոչնչացնելով հատուկ պահպանության տակ գտնվող «Շիկահող» պետական արգելոցի կենդանական և բուսական աշխարհը: Հայաստանի ինքնիշխան տարածքի մեջ, այդ թվում՝ Ներքին Հանդի քաղաքացիական տների անմիջական հարևանությամբ ապօրինաբար կառուցվել են և շարունակում են կառուցվել ռազմական ճանապարհներ:
Նշվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Սյունիքի գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին 2020թ. ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելուց և 2021թ. ներխուժումներից սկսած՝ խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, լրջագույն սպառնալիքի ներքո է բնակիչների անվտանգությունը: Խախտված են մարդկանց մի շարք կենսական, այդ թվում՝ սեփականության, ազատ տեղաշարժի, ընտանիքի ապրուստը վաստակելու իրավունքները։
Չի կարելի թույլ տալ, որ այս փաստերը անտեսվեն, առանց այս իրավունքների խախտումները վերացնելով է հնարավոր վերականգնել մարդկանց անվտանգ ու բնականոն կյանքը»:

Աղբյուրը`   Արման Թաթոյան