Ակտիվիստ, «Խարույկ» ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բաց նամակ՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին Հարգելի պրն Պապիկյան, ուզում եմ անդրադարձ կատարել վերջին օրերին շրջանառվող խիստ զգայուն թեմային, որը ներկայացրեցիք կառավարության վերջին նիստին։ Խոսքը իհարկե գումարով օրինական ձևով ազատումն է պարտադիր զինվորական ծառայությունից։ Մեջբերում ձեր խոսքից․ «բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվը մեծացնել և տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհուպ՝ ամբողջությամբ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, մտնեն պետական գանձարան» 1․ Տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելը, պրն նախարար, բացահայտ հանցագործություն է և այս խնդիրը լուծելու համար խստացնում են վերահսկողությունը, ավելացնում են պատժիչ մեխանիզմները և ստեղծում են արժեհամակարգային այնպիսի վիճակ, որ խուսափողը ինքն իրենից հիասթափվի, իսկ խուսափողին աջակցողը կամ կաշառք վերցնողը, առնվազն զգա, որ պետություն է քանդում և դրա համար պատժվի ոչ միայն օրենքով, այլ հանրային պարսավանքով։ Միանշանակ սրա լուծումը ապօրինությունը օրինական դարձնելը չէ։ 2․ Շատերը անհանգստացած են և շրջանառում են այն խնդիրը, որ նյութական հնարավորություն ունեցողները հնարավորություն են ստանում ազատվել կյանքի համար վտանգավոր, առողջությանը հաճախ վնասող 2 տարի ծառայությունից, փոխարենը ծառայելով իրենց դրամական միջոցներով, իսկ հնարավորություն չունեցողները ստիպված են․․․ Արդյո՞ք Ձեզ մոտ զգացական խանգարում չի առաջանում, այս տեսանկյունից հարցը քննելիս։ Պատկերացնո՞ւմ եք արդյոք, թե ի՞նչ պառակտում և փոխադարձ լարում է առաջանալու հանրության մոտ։ Այո՛, դա տեղի է ունենալու կայծակնային արագությամբ և խիստ մեծ մասշտաբներով, որովհետև իր մեջ կա մեծ անարդարություն և անհավասարություն։ 3․ Այս խնդիրը կլուծվեր երևի, եթե վճարողների անձնագիրը լիներ այլ գույնի, ասենք վարդագույն և իրենք զրկվեին հազար ու մի արտոնություններից, որոնք ունեն շարքային քաղաքացիները։ Օրինակ, երբեք չկարողանան աշխատել պետական որևէ համակարգում, չկարողանան հաշիվները երկրից հանել, չունենան ոչ մի պետական աջակցություն և այլ հազար ու մի սահմանափակումներ։ Որ անձնագրի գույնը տեսնողներն էլ, միանգամից իմանան, որ ինքը հայրենիքին չի ծառայել, այլ գումարով հրաժարվել է։ Այսպես բարոյական անարդարությունը մի քիչ կմեղմվի։ Որ իր անվտանգության համար սահմանին կանգնած զինվորը՝ օրինակ ես կամ Պետրոսը, իմանանք, որ պետությունը մեզ հավասար չի համարում և մենք ունենք առավելություններ ու արտոնություններ արտահայտված թե օրենքով, թե բարոյաարժեհամակարգային դաշտում։ 4․ Ես գիտեմ, թե ինչպես է հնարավոր ավելացնել զինվորների թիվը պրն նախարար։ Այսօր 18 տարին լրացած տղամարդկանց մի հսկայական զանգված ծառայությունից ազատվում է առողջական այնպիսի խնդիրներով, որը ուղղակի աբսուրդ է 21–րդ դարում։ Մենք այսօր բանակում ունենք, կամ պետք է ունենայինք հարյուրավոր, հազարավոր հաստիքներ, որոնց համար օրինակ լավ տեսողություն կամ ճիշտ քաշ անհրաժեշտ չէ, կարևորը մարդու ուղեղը աշխատի։ Դրոնների դասակներից սկսած, մինչև հազար ու մի տեխնիկայի տիրապետում կամ գրասենյակային աշխատանք, էլ չեմ ասում, որ կան նաև ֆիզիկական ուժ ենթադրող աշխատանքներ թիկունքում, որտեղ հազար ու մի հիվանդության հոդվածով ազատվող մարդիկ կարող են աշխատել։ Էլ չեմ ասում, որ ինժիներները կարող են սպասարկել ՊՆ գիտատեխնիկական բլոկը, որը չկա, կամ գրեթե չկա։ Հումանիտար-մշակութային ոլորտի երիտասարդները կարող են ծառայել բանակի մշակութային–գաղափարական կյանքը հարստացնելով, որը էլի չկա, կամ գրեթե չկա։ 5․ Ուզում եք փո՞ղ ստեղծել, թող գան 2 տարի աշխատեն ու արժեք ստեղծեն բանակի համար։ Մենք չունենք այդ շռայլությունը հրաժարվելու նման հնարավորությունից։ Պայմանագրեր ստեղծեք հայրենական արտադրության բիզնեսների հետ և աշխատանքային խմբեր ուղարկեք սպասարկելու իրենց աշխատանքը, ստացված գումարը ուղղեք ՊՆ ֆոնդ։ Ձեռքի հետ էլ ձեռք կբերեն պրակտիկա։ Սա վերաբերում է նաև աղջիկներին։ Խելացի աղջիկները թող գան 6–12 ամիս ծառայեն կիբերզորքերում, որը էլի չունենք, կամ գրեթե չունենք։ Գրասենյակային պայմաններում, գիշերը տուն գնալով, որ ծախս չավելանա։ Մի տեսակ չկա տպավորություն, որ թշանմու զորքերը մեր երկրի տարածքում են և մեր պաշտպանության պարտված բանկը ֆունդամենտալ փոփոխություններ է կատարում առաջիկա մարտահրավերները դիմակայելու համար։ Իսկապես չկա և դա խիստ մտահոգիչ է։ Ձեր և պատգամավորի առաջարկած փոփոխությունները հանրային մեծ արգելքների են բախվելու, որոնց մասնակցելու եմ նաև ես, համոզված եմ, նաև գիտակից հանրության գերակշիռ մասը։ Խուսափե՛ք այս ակնհայտ անարդարություն առաջացնող ծրագրից, կամ բարեփոխեք այնպես, որ արդարության, արժեքային հավասարակշռությունը չխախտվի։ Հայրենիքին մատուցած ծառայությունը անգին է․․․ 2012-14 թթ․՝ բանակում ծառայած, 2020 թ․՝ 42 օր պատերազմին կամավոր մասնակցած, 2024 թվականին 25 օրյա հավաքներին մասնակցած քաղաքացի Գեղամ Օհանյան։ Հ․Գ․ Ի դեպ զինկոմը, աշնան հավաքներին մասնակցած մարդկանց զին գրքույկները դեռ չի վերադարձրել»։