«Իշխանությունը որևէ իրավասություն չունի Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության գործընթացում»․ Նորիկ Նորիկյան
180
Երեկ, 03:12
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զուտ իրավական անդրադարձ․ Պետությունը և քաղաքական իշխանությունը որևէ իրավասություն չունեն և չեն կարող ունենալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության գործընթացում․ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընտրում է Ազգային-եկեղեցական ժողովը, որի Կանոնադրությամբ սահմանված է ընտրության կարգը: Ազգային-Եկեղեցական Ժողովը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գերագույն մարմինն է, որը համազգային ու համաեկեղեցական ամենահին ժողովական կառույցն է: Ազգային-Եկեղեցական Ժողովի նիստը հրավիրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»: Կաթողիկոսական Աթոռի թափուր լինելու դեպքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության համար Ազգային-Եկեղեցական Ժողովի արտահերթ նիստ հրավիրվում է Կաթողիկոսական Տեղապահի կողմից վեց ամսվա ընթացքում: Ազգային-Եկեղեցական Ժողովը գումարվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ըստ Կանոնադրության՝ Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորներն են՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսները, թեմերի առաջնորդները, Հայրապետական պատվիրակները կամ նրանց տեղապահները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, չորսական ներկայացուցիչ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, նույնքան նաև՝ Երուսաղեմի և Կ. Պոլսի պատրիարքություններից: Թեմերի ներկայացուցիչներին ընտրում է Թեմական պատգամավորական ժողովը՝ յուրաքանչյուր 25000-ի դիմաց մեկ անդամ: Այս թվից պակաս բնակչություն ունեցող թեմերի համար սահմանված նվազագույն թվաքանակը 10000-ն է: Ընտրությունը եռափուլ է: Առաջինի ժամանակ ընտրվում են առավելագույն ձայներ ստացած երեք թեկնածուները, երկրորդ փուլում՝ երկուսը, որոնցից մեկը երրորդ փուլում ընտրվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս: Հ.Գ. ՀՀ Սահմանադրության 17 և 18-րդ հոդվածների համաձայն՝ -Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: -Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: -Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: -Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով: Վերը նշվածից հետում է, որ պետությունը և քաղաքական իշխանությունը որևէ իրավասություն չունեն և չեն կարող ունենալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Իսկ եթե հավելենք, որ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, պարզ կդառնա, որ ՀՀ վարչապետը չի կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված չէ Սահմանադրությամբ կամ օրենքներով։ ՀՀ Սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանին չի լիազորել բարեվարքության ստուգում իրականացնել Կաթողիկոսի թեկնածուների ընտրության ժամանակ, ուստի ձեռնարկված գործընթացը իրավական տեսանկյունից հակասում է ՀՀ սահմանադրությանը․․․»։