Չորեքշաբթի, 25 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Վարչախումբը որդեգրել է ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար». «ՀայաՔվե»

«Վարչախումբը որդեգրել է ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար». «ՀայաՔվե»
120
Այսօր, 18:06

«ՀայաՔվե»-ն հայտնում է․ «ՀՀ-ում աննախադեպ չափերի են հասել հետապնդումները, ձերբակալությունները և բռնաճնշումները քաղաքական գործիչների, գործարարների, հոգևորականների և առհասարակ այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք բարձրաձայնում են երկրում տիրող անօրինությունների և ձախողումների մասին։
Իշխող վարչախումբը, փորձելով կանխել իր իսկ վարած քաղաքականության հետևանքով օր օրի աճող հանրային դժգոհությունը, շարունակաբար կիրառում է կեղծ և մտացածին մեղադրանքներ՝ քաղաքացիներին ապօրինաբար ազատազրկելու և լռեցնելու նպատակով։
Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ՝ իր դավաճանական էությունը թաքցնելու համար։ Ձախողելով անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսական և սոցիալական ոլորտներում՝ վարչախումբը դիմել է սադրանքների։ Այն սկսել է բռնատիրական համակարգ կառուցել՝ ունենալով Թուրքիայի բացահայտ հովանավորությունն ու աջակցությունը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է ՀՀ-ում բռնատիրական համակարգ հաստատելու այս վտանգավոր փորձերը, պահանջում անհապաղ ազատ արձակել ապօրինի ձերբակալված բոլոր անձանց, դադարեցնել քաղաքական հետապնդումները, իսկ իրավապահ համակարգին կոչ է անում գործել միայն օրենքի և օրինականության սահմաններում, գործիք չդառնալ վարչախմբի ձեռքում և չկատարել ապօրինի հրամանները»։

Աղբյուրը`   ՀայաՔվե