Շաբաթ, 05 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Սահմանադրությունը չի կարող և չպետք է օգտագործվի արտաքին ճնշումները սպասարկելու նպատակով»․ Սուրեն Սուրենյանց

«Սահմանադրությունը չի կարող և չպետք է օգտագործվի արտաքին ճնշումները սպասարկելու նպատակով»․ Սուրեն Սուրենյանց
178
Այսօր, 18:30

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․

«Սահմանադրական փոփոխություններ պետք են, բայց առանց Բաքվի թելադրանքի ու Փաշինյանի․

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետության հիմնական իրավական փաստաթուղթն է՝ ժողովրդի ինքնիշխան կամքի, ազգային արժեքների և պետականության կայացման իրավական ձևակերպումը։

Գաղտնիք չեմ բացահայտի, եթե արձանագրեմ, որ գործող Սահմանադրությունը լրջագույն փոփոխությունների անհրաժեշտությունի ունի:

Սակայն սահմանադրական փոփոխությունների նախաձեռնություններն ընդունելի են միայն այն ժամանակ, երբ ձևավորվում են ներքին հանրային պահանջով, անցնում են հանրային և մասնագիտական քննարկման փուլ:

Գործընթացը կարող է լեգիտիմ լինել, եթե դրա նախաձեռնողը ուժեղ մանդատ ունեցող իշխանություն է, որը կարող է սահմանադրական փոփոխությունների շուրջ ձևավորել լայն հանրային և քաղաքական կոնսենսուս:

Հայաստանի գործող իշխանությունն՝ իր հակասահմանադրական և հակապետական վարքագծով, հայտարարություններով և որոշումներով, լրջագույնս խաթարել է այդ լեգիտիմության հիմքերը։

Նիկոլ Փաշինյանը, ով իր գործողություններով նպաստել է ազգային արժանապատվության նսեմացմանը, պետական ինստիտուտների արժեզրկմանը և հոգևոր-մշակութային հիմնասյուների թուլացմանը, չի կարող հանդես գալ որպես սահմանադրական փոփոխության օրինական նախաձեռնող։

Սահմանադրության հարցը բացառիկ լրջության խնդիր է, և այն չի կարող դառնալ ներքաղաքական ճգնաժամից փախուստի ելք կամ իշխանության պահպանման գործիք։

Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման գաղափարը ներկայացնում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջների ներքո։

Դրա վկայությունն է այն հանգամանքը, որ Փաշինյանը չի կարողանում նշել սահմանադրական փոփոխությունների կամ նոր Սահմանադրության ընդունման որևէ ներքին մոտիվ, փոխարենը հրապարակավ խրախուսել է Ադրբեջանի պահանջը՝ Հայաստանի Սահմանադրության նախաբանից Անկախության Հռչակագրին հղումը հանելու վերաբերյալ:

Եթե սահմանադրական փոփոխությունները դիտարկվում են իբրև զիջում կամ փորձ՝ համապատասխանեցնելու մեր ներքին իրավակարգը Ադրբեջանի շահերին, ապա դա ոչ միայն անթույլատրելի է, այլև պետական դավաճանության եզրին կանգնած քայլ։

Դա Հայաստանն, ըստ էության, վերածում է ադրբեջանական ենթապետության կամ «Արևմտյան Ադրբեջանի»:

Սահմանադրությունը չի կարող և չպետք է օգտագործվի արտաքին ճնշումները սպասարկելու նպատակով։

Մինդեռ Փաշինյանը Սահմանադրությունը փորձում է վերածել հարթակի, որի միջոցով կոտրվում է մեր անվտանգային, պատմական և հոգևոր ինքնությունը։

Միով բանիվ, մենք, անշուշտ, սահմանադրական հնարավոր փոփոխությունների համատեքստում պետք է հաշվի առնենք 44-օրյա պատերազմի հետևանքները և մեր ինքնիշխան որոշմամբ որոշակի դրույթներ ամրագրենք Հիմնական օրենքում՝ առանց դրա նախաբանից Անկախության Հռչակագրին հղումը հանելու:

Մասնավորապես, անհրաժեշտ է սահմանադրական կարգավորմամբ փաստել, որ Հայաստանը տարածքային որևէ պահանջ չունի որևէ երկրի հանդեպ և օրենսդրորեն արգելում է այն կուսակցությունների գործունեությունը, որոնց ծրագրերում առկա է սահմանադրական այս կարգավորմանը հակադրվող օրակարգ:

Սակայն կրկնում եմ՝ սա պետք է լինի մեր ինքնիշխան որոշումը և որևէ կերպ չպետք է փոխկապակցվի հայ- ադրբեջանական բանակցություններ կամ Բաքվի նախապայմանների հետ:

Որևէ սահմանադրական փոփոխություն կարող է դիտարկվել միայն այն ժամանակ, երբ ձևավորվի ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, սահմանադրական ռեֆորմի շուրջ կայանա հանրային լայն կոնսենսուս:

Միայն այդպիսի գործընթացն է, որ կարող է ընդունվել իբրև լեգիտիմ սահմանադրական զարգացում։

Մնացած բոլոր դեպքերում խոսքը կլինի կեղծ օրինականության, քաղաքական շահախնդրության և արտաքին թելադրանքների սպասարկման մասին։

Ըստ այդմ՝ առաջնայինը պետականության գերեզմանափոր Փաշինյանին իշխանությունից հեռացնել է:

Սահմանադրական կարգը վերականգնելուց հետո միայն՝ կարող ենք մտածել Սահմանադրության բարեփոխման մասին:

Նկատեմ նաև, որ համապատասխան միջավայրի ձևավորման պարագայում՝ սահմանադրական հնարավոր փոփոխությունների գլխավոր մոտիվը պետք է լինի կառավարման խորհրդարանական մոդելից անցումը նախագահական համակարգին»: