«Քանի դեռ Հայաստանը թուրքական լծի տակ է, իմաստ չունի սպասել Արցախցիների խնդիրների համակարգային լուծման». Նաիրի Հոխիկյան
101
Այսօր, 00:48
Հանրային գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն օր ինձ զանգում, գրում, հանդիպում են Արցախի մեր բազմաթիվ եղբայրներ և քույրեր՝ կիսվելով իրենց դժվարություններով ու հարցնելով այս կամ այն սոցիալական, կրթական խնդիրների լուծման տարբերակների մասին։ Մարդկանց առաջին հերթին մտահոգում են բնակարանի ձեռքբերման սերտիֆիկատների և սոցիալական աջակցության, աշխատանք գտնելու, ինչպես նաև ուսանող երեխաների վարձավճարների հարցերը՝ անչափ կարևորելով կրթությունը։ Ընդ որում, բնակարանի կամ բնակվարձի խնդրի լուծման դեպքում մարդիկ կարողանում են աշխատանքի վաստակով ու աշխատասիրությամբ լուծել մյուս խնդիրները։ Անձամբ ես համոզված եմ և դա միշտ ասում եմ Արցախից ժամանակավորապես տեղահանված մեր հայրենակիցներին, որ առաջիկա 11 ամսում, քանի դեռ Հայաստանը թուրքական լծի տակ է, իմաստ չունի սպասել Արցախցիների խնդիրների համակարգային լուծման։ Առնվազն միամտություն է կարծել, թե Նիկոլ Փաշինյանի ադրբեջանա-թուրքական ստրուկների կառավարությունը Արցախցիներին կապահովի բնակարաններով կամ կօգնի սոցիալական հարցերում։ Դա այն դեպքում, երբ այս կառավարությունը ջնջում է Արցախցիների տվյալները հնարավոր բոլոր բազաներից, ստեղծում պայմաններ, որ շատ մարդիկ ուղղակի զզվեն ու լքեն Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է, որ քիչ Արցախցի մնա Հայաստանում, որովհետև եթե Թալեաթի բանաձևով' չկա հայ, չկա հայկական հարց, նույնկերպ Նիկոլի բանաձևով' Հայաստանում չկա Արցախցի, չկա Արցախի պահանջատիրություն և Արցախի խնդիր։ Ահա թե ինչու ես Արցախի մեր բոլոր հայրենակիցներին միշտ հորդորում եմ փորձել հնարավորության սահմաններում ստեղծել սոցիալական բավարար պայմաններ, դիմանալ այս ժամանակավոր ծանր վիճակին, չհեռանալ Հայաստանից ու ավելին' ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության անձնագրեր, որպեսզի կարողանան մասնակցել առաջիկա ընտրություններին։ 070 կոդով անձնագրով թե առանց այդ անձնագրի' Արցախը մենք վերադարձնելու ենք ուժով։ Ոչ ոք մեզ անձնագրով Արցախ չի տա, ուստի պետք չէ հավատալ բանակցային ճանապարհով Արցախը հետ վերցնելու մասին հեքիաթների։ Վերցրեք անձնագրերը և 2026-ի ընտրությունների ժամանակ ձեր քվեարկությամբ օգնեք ազատվելու Նիկոլի չարիքից։ 2026-ի հունիսի 8-ին, երբ Հայաստանը կազատագրվի թուրքական լծից ու կձևավորվի ազգային կառավարություն, մենք ոչ թե սերտիֆիկատներով, այլ բնակարաններով ենք ապահովելու բոլոր Արցախցիներին, ինչը պարտավոր է անել Հայաստանի կառավարությունը, քանի որ եղել է Արցախի անվտանգության երաշխավորը։ Յուրաքանչյուր Արցախցի մինչև սեփական բնակարան ստանալը պիտի ապահովվի բնակվարձով և սոցիալական աջակցության նպաստներով։ Երբ որոշ մարդիկ դժգոհում են, թե ինչու պետք է առանձնացնել Արցախցիներին, ես միշտ ասում եմ, որ մինչև 2020 թվականը Արցախցիներն ապրում էին իրենց տներում ու ոչ մի սոցիալական աջակցության կարիք չունեին, ավելին' Հայաստանի ցորենի (ալյուրի) պաշարի մեծ մասը հենց Արցախն էր ապահովում։ Ու քանի որ Արցախցիներն իրենց տները կորցրել են Հայաստանի կառավարության մեղքով, ապա հենց Հայաստանի կառավարությունն էլ պետք է տներով ապահովի բոլոր Արցախցիներին։ Բայց այդ ամենը ժամանակավոր է, առավելագույնը 10-11 տարի, մինչև 2035-ին նորից մտնենք Արցախ՝ տիրոջ իրավունքով»։