Ուրբաթ, 18 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«8 ամիս է` քննիչը վստահորդիս ոչ մեղադրանք է ներկայացրել, ոչ հարցաքննել է և ոչ էլ գումարն է վերադարձնում». Արսեն Բաբայան

«8 ամիս է` քննիչը վստահորդիս ոչ մեղադրանք է ներկայացրել, ոչ հարցաքննել է և ոչ էլ գումարն է վերադարձնում». Արսեն Բաբայան
152
Երեկ, 20:24

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա կպատմեմ Քննչական կոմիտեից մի պատմություն, որը, երևի, հնարավոր չէր լինի պատկերացնել ու հավատալ, եթե Քննչականն իր իրական գործառույթներով զբաղվելու փոխարեն չտրվեր իշխանության կողմից քաղաքական, ապօրինի և հակամարդկային հանձնարարությունները կատարելու։
Ուրեմն, վստահորդս սփյուռքահայ մի կին է, ով Հայաստանում տարիներ առաջ վաճառած գույքից, ունենալով շուրջ 40 հազար ԱՄՆ դոլարի կանխիկ խնայողություններ, 2024 թվականի նոյեմբերին որոշում է կանխիկ գումարը իր հետ տանել իր մշտական բնակության երկիր։ Հրաշալի իմանալով, որ օդանավակայանում անհրաժեշտ է հայտարարագրել այդ կանխիկ գումարը (օրենքի պահանջն է), իր հետ վերցնում է նաև տարիներ առաջ վաճառած գույքի վաճառքի պայմանագիրը (այդ տարիներին գործարքների անկանխիկության պայմանը չկար), որպեսզի հայտարարագրելիս անհրաժեշտության դեպքում ներկայացնի նաև փողի ծագման աղբյուրը։
Հասնելով օդանավակայան՝ սահմանված կարգով անցնում է գրանցումը (check-in)։ Այնուհետև քայլում է դեպի օդանավակայանի հաջորդ սրահներ՝ այդ ընթացքում ցուցանակների վրա փնտրելով այն ուղղությունը, որտեղ պետք է հայտարարագրի իր մոտ առկա կանխիկ գումարը։ Հերթով անցնելով բոլոր սրահները՝ որևէ տեղ չի նկատում նման ցուցանակ։ Բնականաբար, ողջամտորեն ենթադրում է, որ համապատասխան մաքսային կետը կգտնի հաջորդ սրահում։ Անցնելով անձնագրային ստուգումը՝ մոտենում է անվտանգության ստուգման հատվածին։ Սա այն հատվածն է, որտեղ ստուգում են ձեռքի ուղեբեռը, մարմնի և հագուստի վրա առկա անթույլատրելի առարկաները։ Այդ ընթացքում պայուսակը, որի մեջ գտնվում է կանխիկ գումարը, դնում է հսկիչ սարքի մեջ (մենք դրան ասում ենք ռենտգեն)։ Ստուգողները ոչինչ չեն ասում, հանգիստ ստանում է ձեռքի ուղեբեռը, որում գտնվում է գումարը, և, տեսնելով, որ այդ հատվածում էլ չկա այն վայրը, որտեղ պետք է հայտարարագրել կանխիկ գումարը, շարունակում է անցնել հաջորդ սրահ։
Հաջորդ սրահն արդեն անմաքս խանութների սրահն է։ Ողջամտորեն ենթադրում է, որ ՊԵԿ համապատասխան կետը կլինի Gate-ի մեծ սրահում և սկսում է ամբողջ սրահով փնտրել այդ սենյակը կամ կետը։ Փնտրելը որևէ արդյունք չի տալիս, քանի որ այդ հատվածում էլ չկա նման կետ։ Քիչ հետո իրեն են մոտենում մաքսային ծառայողներ և հարցնում՝ արդյոք իր մոտ առկա է կանխիկ գումար, ինչին մեծ ուրախությամբ պատասխանում է, որ այո։ Վստահորդս ուրախանում է, քանի որ իր համոզմամբ՝ վերջապես գտնվեց այն աշխատակիցը, ով կզբաղվի կանխիկ գումարի հայտարարագրմամբ։ Բայց ՊԵԿ ծառայողները պահանջում են, որպեսզի գումարը տեղում ցույց տա։ Դե իհարկե, զարմանում է այդ պահանջից, քանի որ կրկին ողջամտորեն ենթադրում է, որ պետք է գնան որևէ սենյակ, և այդ սենյակում պետք է ցույց տար՝ որպեսզի հայտարարագրեր։ Բայց, քանի որ համազգեստով մարդիկ են պահանջողները, անմիջապես պայուսակից հանում է գումարը և ներկայացնում։
Ծառայողները հրահանգում են կնոջը (վստահորդիս) հետևել իրենց։ Դե կինն էլ ենթարկվում է հրահանգին։ Հասնելով տեղ՝ պարզում է, որ ինքը ձերբակալված է՝ քրեական օրենսգրքով նախատեսված կանխիկ գումարի մաքսանենգություն կատարելու կասկածանքով։ Ձերբակալելուց հետո, բնականաբար, թույլ չեն տալիս մեկնել արտասահման և կնոջը տեղափոխում են Քննչական կոմիտեի ՊԵԿ գործերով քննության վարչություն (այս վարչությունից էին գողացել իրեղեն ապացույց՝ կանխիկ փողը), ձեռքից վերցնում են ամբողջ կանխիկ փողը, հարցաքննում ու ուղարկում տուն՝ բանավոր հայտնելով, որ հանկարծ երկրից չբացակայի։
Հիմա՝ զավեշտն այս ամենի․ 2024 թվականի նոյեմբերից մինչ օրս, այսինքն՝ 8 ամիս շարունակ, Քննչական կոմիտեի այդ վարչության քննիչը վստահորդիս ոչ մեղադրանք է ներկայացրել, ոչ հարցաքննել է և ոչ էլ գումարն է վերադարձնում։ Եվ սա այն դեպքում, երբ վստահորդս չի կատարել որևէ հանցավոր արարք։ Չի թաքցրել գումարը, չի ցանկացել ապօրինի արտահանել այն։ Ավելին ասեմ՝ օդանավակայանում, պարզվում է, այդպիսի կետ այնուամենայնիվ գոյություն ունի, և ես երկար փնտրտուքներից հետո վերջապես կարողացա գտնել այդ կետը։ Պարզվում է՝ այն տեղակայված է օդանավակայանի առաջին սրահի ամենավերջին անկյունում՝ զուգարանի հարևանությամբ։ Եթե չստանձնեի այս վարույթը, ապա ինքս էլ երբեք դրա տեղը չէի իմանա։
Մի քանի անգամ միջնորդություններով դիմել եմ Քննչականին՝ խնդրելով վերջապես քննել այս գործը։ Վերջապես որոշել՝ կամ քրեական հետապնդում հարուցել, կամ չհարուցել ու այդ կնոջ փողը վերադարձնել ու թողնել հանգիստ շարունակել իր կյանքը։
Քննչականը ոչ մեկն է անում, ոչ էլ մյուսը։ Դե ե՞րբ հասցնեն, խեղճ քննիչները։ Գիտե՞ք՝ հե՞շտ է այդքան մեծ ծավալի քաղաքական հանձնարարություններ կատարելը»:

Աղբյուրը`   Արսեն Բաբայան