Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչը բաց նամակով դիմել է Մակրոնին՝ դատապարտելով Ֆրանսիայի դեսպանի՝ Շուշի կատարած այցը
![]() 171 Այսօր, 00:36 Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը բաց նամակ է հրապարակել ֆրանսիական մամուլում՝ ուղղված Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ դատապարտելով Ֆրանսիայի դեսպանի՝ Շուշի կատարած այցը։ Բաց նամակում նշված է. «Պարոն նախագահ, 2025թ․ հունիսի 21-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն այցելեց Շուշի՝ Արցախի հայկական մշակութային ու պատմական կենտրոն, որը բռնակցվել է 2020 թվականի նոյեմբերին՝ միջազգային իրավունքի ոտնահարմամբ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակման հետևանքով: 2020 թվականից ի վեր, Ֆրանսիան, ողջ իր քաղաքական ուժերով հանդերձ, համերաշխության ձայն է բարձրացրել ի նպաստ Հայաստանի և Արցախի․ քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, պատգամավորներ, սենատորներ, քաղաքապետեր և մարզերի ղեկավարներ աջակցություն են հայտնել հայ ժողովրդին, դատապարտել ադրբեջանական վայրագությունները, կոչ արել հարգել մարդու իրավունքներն ու արդարությունը, ինչպես նաև կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ։ Սենատում և Ազգային ժողովում այդ հարցի վերաբերյալ ընդունվել է հինգ բանաձև՝ գրեթե միաձայն։ Դուք անձամբ, պարոն նախագահ, 2022 թվականի հոկտեմբերի 12-ին France 2 հեռուստաալիքի L’Événement հաղորդման ժամանակ հայտարարել եք. «Ֆրանսիան այստեղ է՝ ներկա, որպես միջնորդ ուժ…, և մենք հայերին երբեք չենք լքի»։ Ցանկացած պետություն, որ հավակնում է պաշտպանել մարդու իրավունքները, անկարող է անտեսել ծանրակշիռ փաստերը, որոնց ականատես եղանք Արցախում։ 2020 թվականի պատերազմից հետո, երբ բազմաթիվ հայ երիտասարդներ զոհվեցին և հազարավոր արցախահայեր տեղահանվեցին, Ադրբեջանը, 2022 թվականի դեկտեմբերին, Արցախի Հանրապետության նկատմամբ լիարժեք շրջափակում կիրառեց։ 2023 թվականի փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը դատապարտեց այդ շրջափակումը, որի հետևանքներն էին սովը, առողջապահական համակարգի փլուզումը և 30 000 երեխաների կրթության հնարավորությունից զրկելը։ Նույն տարվա ամռանը ադրբեջանցի զինվորները կրակում էին ԵՄ դիտորդական խմբի մեքենայի վրա։ Այդ նույն տարվա օգոստոսին ֆրանսիացի քաղաքական պատասխանատու անձանց կողմից նախաձեռնած մարդասիրական ավտոշարասյունը կանգնեցվել էր Հակարիի կամուրջի մոտ։ Նրանք Ձեզ կոչ էին անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել բանաձև՝ Լաչինի միջանցքը միջազգային պաշտպանության տակ վերցնելու նպատակով։
Մռայլ նախանշան Նույն տարվա սեպտեմբերին Ադրբեջանի վերջին հարձակման հետևանքով Արցախի ողջ հայկական բնակչությունը ստիպված եղավ լքել իր բազմահազարամյա հայրենիքը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար Կատրին Կոլոննան այդ ժամանակ ասաց, որ «այն, ինչ տեղի է ունենում, հիշեցնում է էթնիկ զտում»։ Բայց նույնիսկ դա բավարար չէր Բաքվի համար։ Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ իրականացվում է հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացում։ Ադրբեջանի իշխանություններն այլևս չեն էլ թաքցնում իրենց մտադրությունները՝ փառաբանելով 1915-ի Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին՝ նույն նրանց, ովքեր սպանել էին Միսաք և Մելինե Մանուշյանների ընտանիքներին, որոնց աճյունները Ֆրանսիայի Պանթեոն տեղափոխվեցին 2024 թվականի փետրվարին՝ Ձեր նախաձեռնությամբ։ Ձեր դեսպանի այցը Շուշի մի սովորական, ընդունելի իրադարձություն է դարձնում արյան գնով ստեղծված, քաջարի, փոքրիկ ժողովրդավար մի երկրի բռնաջնջումը: Ժողովրդավար մի երկիր, որ հռչակվել էր պատմական հայկական տարածքում՝ բոլշևիկների որոշմամբ բռնակցված Ադրբեջանին և որի բնակիչները խտրականության և հալածանքի զոհ էին դարձել նախքան իրենց վերջնական բնաջնջումը։ Պարոն նախագահ, Դուք դատապարտո՞ւմ եք Արցախի հայերի բռնի տեղահանության նկատմամբ դրսևորված անտարբերությունն ու դրա «սովորականացմանը» նպաստող հայտարարությունները։ Հակադրվո՞ւմ եք մի բռնապետության, որն ապօրինաբար բանտարկել է տասնյակ հայերի, որն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանը և, չնայած Հայաստանի կառավարության միակողմանի զիջումներին, մինչև այսօր հրաժարվում է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Պաշտպանո՞ւմ եք բռնի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքը։ Ճգնաժամեր ապրող մեր աշխարհում լռել դարասկզբի առաջին ամբողջական էթնիկ զտման մասին նշանակում է դրսևորել թուլություն։ Իսկ Ձեր դեսպանի հայտարարությունները, որոնք սովորական իրադարձություն են այն դարձնում, մռայլ նախանշան է մեր ապագայի համար»։ |
«Թուրքիայի համար հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագիրն» առանցքային նշանակություն ունի»․ Վարդան Բալյան
7303:06«Ալիևը բացեց Աբու Դաբիի հանդիպման փակագծերը»․ Նորայր Նորիկյան
23501:30«ՀՀ ներկայիս իշխանության կառավարման խորհրդանիշը նվաստացումն է»․ Արման Աբովյան
12801:06Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչը բաց նամակով դիմել է Մակրոնին՝ դատապարտելով Ֆրանսիայի դեսպանի՝ Շուշի կատարած այցը
17000:36«ՀՀ չորս ղեկավարներից միակ սկզբունքային գործիչը Լևոն Տեր-Պետրոսյանն է»․ Թաթուլ Հակոբյան
8000:03«Թրամփի և Ալիևի հայտարարությունները ներդաշնակ չեն»․ Սուրեն Սուրենյանց
198Երեկ, 23:36«Զանգեզուրի միջանցքը կարող է Իրանին ավելի մեկուսացնել տարածաշրջանում». #Defa-press
423Երեկ, 23:27«Փաշինյանն ու նրա սազանդարները խաբում են, Ալիևը վեր է հանում իսկությունը»․ Ոսկան Սարգսյան
229Երեկ, 22:48