«Վանաձորին հարևան Քարաբերդ գյուղում ուզում են հանք բացել, բնակիչներին են համոզում». Գեղամ Օհանյան
69
Այսօր, 18:00
Ակտիվիստ, «Խարույկ» ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս նկարում Լոռվա Քարաբերդ գյուղն է, գյուղի գեղեցկության մասին թող պատմի նկարը։ Եկել եմ պատմեմ այն մասին, որ այս փոքրիկ գյուղում, որը գտնվում է Վանձոր քաղաքից ընդամենը մի քանի կիլոմետրի վրա ուզում են նոր ոսկու հանք բացեն և գալիս են համայնքին համոզում, ճնշում, որ ․․․ «Որ»–ի մասին չեմ ուզում ծավալվել, շատ ենք խոսել հանքի ճանապարհով ընթացող համայնքների ապագայի մասին, բոլորին է դա պարզ։ Հակառակը՝ ուզում եմ խոսել ԼՈՌՎԱ մարզի ընդհանուր ապագայի, նրա պոտենցյալի ու բնակչության մասին։ Բոլորդ գիտեք, որ Լոռին մեր ամենագեղեցիկ բնությունը ունեցող մարզերից մեկն է, հարուստ է անտառներով, լեռներով, հզոր կիրճերով և պատմամշակութային ունեցվածքով։ Չունի սահման թշնամական երկրների հետ, ճանապարհներն արդեն բավականին նորոգ են։ Ուզում էի ասել, որ Լոռին անսահման հնարավորություն ունի զբոսաշրջային, առողջարանային և կրթական ուղղությունների մեջ ներդրումներ ներգրավելու և տնտեսապես ամենաղքատ վիճակից ամենառաջատար վիճակին հասնելու ընդամենը 5-10 տարվա ընթացքում։ Բայց․․․ Խոսքս ուղղում եմ հատկապես վանաձորցիներին։ Սիրելիներ, Լոռին ձեզ է նայում, դուք եք մարզի շարժիչը, ինչպիսին եղավ Վանաձորը, այնպիսին կլինի ողջ մարզը։ Հիմա ձեր քթի տակ, ինչպես ասում են, ուզում են բացել հերթական հանքը։ Սա շատ լավ մարտահրավեր է նոր զարգացող միություններ, երիտասարդներին իրար հավաքող շարժումներ ստեղծելու, որոնք կմեկնարկեն Լոռվա ճիշտ զարգացումը։ Գիտե՛ք, ամեն կերպ ձեր կողքին ենք։ Պայքարը լավ սկիզբ է, որովհետև պայքարի մեջ գտնում ենք գաղափարի ընկերներ, որոնք պատրաստ են իրենց նեղություն տալ հանուն ընդհանուրի։ Անհրաժեշտ է շարժում ստեղծել «Մաքուր Լոռի» նշանաբանով և արգելակել բոլոր նոր հանքերին, որոնք սնկի նման հայտնվում են տարբեր համայնքներում։ Քարաբերդը Վանաձոր է, այս անգամ հանքը եկել է հենց Վանաձոր։ Ոտքի ելեք, պահեք ու փայփայեք այն հրաշքը, որ տրվել է ձեզ՝ հենց ձեզ․․․ Հ․Գ․ Հանքի բացման մասին իմացա Օլեգ Դուլգարյանից, ով նախաձեռնել է աջակցության մեծ ակցիա Քարաբերդի համար։ Իվենթը կտեղադրեմ մեկնաբանություններում։ Օգտագործեք այս առիթը իրար գտնելու։ Մի ասեք որ մենակ եք, դուք մենակների համախումբ եք, որ պետք է գտնեք իրար, ես հավատում եմ ձեզ։ Եթե ներուժ ստեղծեցիք մարզը մաքուր պահելու, զարգացումն անխուսափելի է․․․ Հ․Հ․Գ․ Ընկերներ, խնդրում եմ տարածել, հասցնել ձեր լոռեցի ընկերներին։ Մենք էլ փորձենք օնլայն հարթակում մեր աջակցությունը կազմակերպել։ Ցանկացած պահի, երբ Լոռին ոտքի կանգնի, մենք ձեզ հետ ենք»։