Երկուշաբթի, 29 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«2026-ի վերարտադրման դեպքում Թուրքական գործոնը մտնելու է մեր երկիր, սկսվելու է զանգվածային արտագաղթ». Վահե Հովհաննիսյան

«2026-ի վերարտադրման դեպքում Թուրքական գործոնը մտնելու է մեր երկիր, սկսվելու է զանգվածային արտագաղթ». Վահե Հովհաննիսյան
154
Այսօր, 18:00

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո
Իհարկե կա։ Խնդիրը կյանքի տեսակի և սցենարների ընտրության մեջ է։
Սցենար առաջին
Կա Նիկոլ՝ իր առաջարկած հեռանկարով։ Եվ նա գնում է ընտրության՝ հստակ ծրագրային տեսլականով։ Նա Հայաստանին հստակ բան է առաջարկում. հարմարվե՛ք, ուրացե՛ք, կերե՛ք, բազմացե՛ք... հայեր... Հետո՝ կերևա։
Այս ծրագրի հաղթանակի դեպքում ՔՊ հաջորդ համագումարին պարտադրելու է երեք անգամ ասել «Կեցցե´ Արևմտյան Ադրբեջանը», և դահլիճը կրկնելու է՝ հիմնավորելով, որ եթե Հայաստանում ադրբեջանցիներ ապրեն, Ադրբեջանը մեզ վրա չի հարձակվի։ Ու «կյանքը շարունակվելու է»։ Թուրքական գործոնը, 2026-ի վերարտադրման դեպքում, մտնելու է մեր երկիր, մեր քաղաք ու գյուղ, մեր մշակույթ, կրթություն, մեր կենցաղ, ամենուր։ Մենք վերջնականապես դառնալու ենք ուրիշ երկիր։
Սա ուղեկցվելու է զանգվածային արտագաղթով, որովհետև տասնյակ հազարավոր ընտանիքներ, հարյուր հազարներ չեն համակերպվելու նման Հայաստանին, բայց այլևս, հեռանալուց բացի, չեն պատկերացնելու իրենց անելիքը։ Նրանց փոխարեն այստեղ բնակության են գալու ուրիշները՝ «խաղաղության վերաբնակեցման ծրագրով»։
Սցենար երկրորդ
Այս պահին դիմացը կա ծրագրային վականսիա, պայմանական ասած՝ Հայկական մեծ դատարկություն։ Ու հենց սա է պատճառը, որ Նիկոլը երկրում հաստատել է «ծրագրային մոնոպոլիա» ու մնում է իշխանության, ավելին՝ վերարտադրման հաշվարկներով։
Հավաքական հասարակությունը և բոլոր միկրոսոցիումներն ունեն հարցադրումներ՝ իրենց մասին, իրենց ընտանիքների, պետության հեռանկարի, որոնք պատասխանի են սպասում։ Եվ հենց այդ պատասխանների ամբողջությունն է կոչվում ծրագիր, կամ՝ այլ առաջարկ։ Դրա բացակայության դեպքում հասարակությունը մերժելու է ընտրությունները, իսկ մի մասն ընտրելու է հաճելի, կործանարար սուտը։
Ամեն ինչ ունենք՝ փորձ ունեցողներ, փող ունեցողներ, կոչումներ ու պաշտոններ ունեցողներ, բոլորը միասին ունեցողներ, բայց պարտությունից հետո երկիրը վերականգնելու ռացիոնալ ծրագիր չունենք, որ քաղաքացին լսի, վստահի, հավատա ու ընտրի։ Այս պայմաններում բնական են անտարբերությունն ու զանգվածային հուսահատությունը։
Իշխանության սցենարը կանգնեցելու միակ տարբերակը կոնտր սցենար ներկայացնելն է։
Չստացվող երկխոսություն
Մարդիկ ուզում են լսել, իմանալ. եթե Թրամփի ճանապարհը շատ վատն է, ապա ո՞րն է մյուսը, լավը՝ ձեր առաջարկած տարբերակը։ Եթե նոյեմբերի 9-ով առաջարկվածը վատն է, ապա ո՞րն է ձեր տարբերակը, եթե սահմանադրություն փոխել չի կարելի, ստորացուցիչ է ու վտանգավոր, ապա ի՞նչ եք դո´ւք առաջարկում, որո՞նք են իրական, ռացիոնալ, մյուս լուծումները։
Մարդիկ նման տասնյակ հարցեր ունեն։ Սրան գումարած՝ ամեն սոցիալական շերտ ունի իրեն հատուկ հարցադրումները։
Ակնհայտ է, որ Նիկոլի հիմնական սուտը, թե «սա «ընտրություն է խաղաղության և ոչ խաղաղության միջև», ընդգծված քաղաքական է և պահանջում է քաղաքական հակընդդեմ ձևակերպումներ: Եվ այդպես՝ բոլոր քաղաքական բանաձևերի դեպքում։
Հայաստանի թրքացման սրընթաց սցենարը կասեցնելու համար պետք է փոխել պայքարի շեշտադրումները։ Հանրային տրամադրությունները դեպի երկխոսություն տանելը, իրար լսելու սովորույթը վերականգնելն ընդդիմության զենքն է, բայց արվում է լրիվ հակառակը։
Լցնել հայկական մեծ դատարկությունը
Մեր հիմնական անելիքը սա է։ Չխաբվել, թե մի նոր հերոս, մի հին հերոս, մի նախկին հերոս, մի հարուստ հերոս, մի ապագա հերոս կգա ու կփրկի։ Պարտված երկրում նման հեքիաթային հերոսներ չեն լինում։ Սեփական հասարակության հետ պետք է խոսել բաց, գրագետ, ծրագրային ձևակերպումներով, ու առանց մենթորական տոնի։
Պետք է վերցնել նախաձեռնությունը, հրապարակել նոր գաղափարներ, նոր՝ ոչ ստանդարտ, բայց իրատեսական լուծումներ, վերցնել օրակարգը։ Մեր կազմակերպությունն առաջիկայում կենտրոնանալու է հենց դրա վրա։
Տալի՞ս է այսօրվա վիճակը լավատեսության տեղ. միանշանակ՝ այո։ Հաջորդիվ կխոսենք լավատեսության աղբյուրների մասին»: