Շաբաթ, 11 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Եթե չենք փակելու Նուբարաշենը, այն կփակի մեր ապագան». Արման Բաբաջանյան

«Եթե չենք փակելու Նուբարաշենը, այն կփակի մեր ապագան». Արման Բաբաջանյան
126
Այսօր, 18:54

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի աղբի վերամշակման ճգնաժամը մեր պետականության ամենահիմնարար խնդիրներից է՝ որտեղ խաչվում են առողջապահությունը, շրջակա միջավայրը, տնտեսությունը և անվտանգությունը։ Նուբարաշենի աղբավայրը քիմիական ռումբ է՝ թաղված Երևանի ընդերքում։ Տասնամյակների ընթացքում այնտեղ կուտակված են հազարավոր տոննաներ թունավոր լիճչեյթ, մեթան, ծանր մետաղներ և կայուն օրգանական աղտոտիչներ։ Դրանք անընդհատ ներթափանցում են հող ու ստորերկրյա ջրեր՝ թունավորելով այն ամենը, ինչով մենք ապրում ենք՝ օդը, ջուրը, սնունդը։
Այս խնդիրը չի կարելի լուծել ո՛չ տեսախցիկներով, ո՛չ վարչական ցուցումով։ Սա գիտելիքահեն, ինժեներական և կառավարման խնդիր է, որը պահանջում է նույն մակարդակի մոտեցում, ինչ էներգետիկ կամ պաշտպանական ոլորտում է։ ԵՄ երկրները աղբը վաղուց դադարել են որպես բեռ ընկալել։ Նրանք ներդրել են փակ ցիկլի համակարգեր, որտեղ յուրաքանչյուր տոննա թափոն՝ վերածվում է հումքի, էներգիայի և եկամտի։ ԵՄ Waste Framework Directive (2008/98/EC)-ը պարտադիր սահմանել է հիերարխիա՝ կանխարգելում, վերօգտագործում, տեսակավորում, վերամշակում և միայն վերջին փուլում՝ անվտանգ կոնսերվացում։ ԵՄ քաղաքներում աղբավայրեր այլևս չկան․ կան կենսաբանական, մեխանիկական և էներգետիկ վերամշակման կոմպլեքսներ։
Նուբարաշենը Հայաստանի ամենամեծ շրջակա միջավայրային պարտքն է՝ տնտեսական կորուստների և առողջապահական ծախսերի չափով։ Յուրաքանչյուր հրդեհ քաղաքին արժենում է տասնյակ միլիոնավոր դրամներ, իսկ օդի աղտոտվածության հետևանքները՝ անհաշվելի են։ Եթե Հայաստանը ուզում է իրական ԵՄ ինտեգրում, ապա այս հարցը պետք է դիտվի ոչ թե տեղական կոմունալ, այլ եվրոպական չափանիշներով ազգային քաղաքականություն։
Պետք է.
• Փակել Նուբարաշենը՝ որպես վտանգավոր օբյեկտ՝ EBRD-ի և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացնել մաքրման և մեկուսացման ծրագիր,
• Կառուցել նոր սանիտարական համալիր՝ տեսակավորման և էներգետիկ վերամշակման փուլերով՝ ըստ ԵՄ «Waste-to-Energy» մոդելի,
• Ստեղծել իրավական հիմք՝ պարտադիր տեսակավորման, արտադրողի պատասխանատվության (EPR) և քաղաքային աղբի թվային մոնիթորինգի համար,
• Անցնել շրջանառու տնտեսության տրամաբանության՝ որտեղ թափոն չկա՝ կա ռեսուրս։
Նուբարաշենի աղբավայրը մեր քաղաքակրթական քննությունն է․ արդյո՞ք ունենք քաղաքական կամք ընդունելու, որ աղբը միայն հոտ ու ծուխ չէ, այլ՝ գիտելիքի, տեխնոլոգիայի և պատասխանատվության բացակայության խորհրդանիշ։ Եթե չենք փակելու Նուբարաշենը, այն կփակի մեր ապագան։

P.S.
Այս խնդրով ես զբաղվել եմ դեռևս որպես Ազգային ժողովի պատգամավոր։ Այդ ժամանակ հանդիպել եմ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ՝ քննարկելով Երևանի և Հայաստանի աղբի վերամշակման ռազմավարական մոտեցումները։ Այնուհետև կազմակերպել եմ հանդիպումներ ավստրիահայ ներդրողների և կառավարության մի շարք ներկայացուցիչների միջև՝ փորձելով Հայաստանի վրա ուշադրություն հրավիրել որպես հնարավոր շրջակա միջավայրի և վերամշակման ներդրումային ուղղություն։ Նույն շրջանում վարչապետը մի կին խորհրդական ուներ, որը բառացի ասում էր, որ «աղբը աշխարհի ամենաթանկ բաներից մեկն է» և խուսափում էր այդ թեմայով խորքային քննարկումներից։
Այդ փորձից համոզվել եմ, որ աղբի վերամշակման խնդիրը Հայաստանում պահանջում է խորը պրոֆեսիոնալիզմ, կամք, վճռականություն և խիզախություն՝ պետական ռազմավարության մակարդակով»:

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան