««Խաղաղության գործընթացը» որևէ աղերս չունի իրական խաղաղության գործընթացի հետ»․ Արա Պողոսյան
103
Այսօր, 13:54
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսպես կոչված «խաղաղության գործընթացը» իրականում որևէ աղերս չունի իրական խաղաղության գործընթացի հետ։ Այն ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի «Եռակողմ հայտարարությունը», այնպես էլ դրանից հետո ամբողջ գործընթացը եղել են զուտ իշխող էլիտաների միջև պայմանավորվածություններ, և ո՛չ ավելին։ Վերջին շրջանում փորձ է արվում իշխող էլիտաների միջև պայմանավորվածություններին տալ «ժողովուրդների միջև երկխոսության» տեսք, այդ նպատակով «քաղ․ հասարակության ներկայացուցիչների» միջև շփումների իմիտացիա ստեղծելով։ Եվ այս ամբողջ իմիտացիոն բեմադրությունը ցույց է տալիս, որ «խաղաղության գործընթացը» իրական խաղաղության հետ ունի շատ քիչ առընչություն։ Հետաքրքիրն այն է, որ թե՛ Հայաստանում, և թե՛ Ադրբեջանում որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ներկայացվում են բացառապես իշխանամերձ մի քանի խմբեր, որպես փորձագետներ՝ բացառապես մերձիշխանական հանայցքներ ունեցող դեմքեր, որոնց ամբողջ գաղափարական պատկերացումները հարմարեցված են իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը՝ անկախ դրանց օգտակար կամ վնասակար լինելուց։ Այս ամենը վկայում է, որ «խաղաղության գործընթացը» այնքան փխրուն է, որ հերիք է Ադրբեջանում կամ Հայաստանում դիրքորոշումների փոփոխություն լինի, և ամեն ինչ կվերադառնա իր հին առանցքի շուրջ։ Իսկ կա՞ արդյոք բանաձև, որի դեպքում «խաղաղության գործընթացը» ո՛չ թե մեռելածին կլինի, այլ գոնե թե միջնաժամկետ հեռանկարում կապահովի խաղաղություն․ –Այո՛, կա՛ նման հնարավորություն։ Այս դեպքում պետք է գործի ո՛չ թե «խաղաղության երաշխիքը խաղաղությունն է» դատարկ և հիմնազուրկ թեզը, այլ «խաղաղության երաշխիքը ինստիտուցիոնալիզացված մեխանիզմն է», որը սահմանում է ինչպես սանկցիաներ, այնպես էլ օժանդակության հնարավորություններ, որտեղ կա արբիտրի հասկացություն, որի ուժն ու հեղինակությունը կարող է լինել պայմանավորվածությունների կատարման երաշխիք։ Բացի այդ, խաղաղության երաշիքի կարևոր բաղադրիչ է նաև ուժային բալանսի վերականգնումը, որը հնարավորություն է ընձեռում համագործակցության, և ո՛չ թե միակողմանի և անհիմն պահանջների, որը ստեղծում է վստահության մթնոլորտ, և ո՛չ թե լարվածություն՝ «ուժի իրավունքի» և «իրավունքի ուժի» հավերժական թվացող դիսկուրսի մեջ։ Եվ միայն դրանից հետո՝ երկու ժողովուրդների միջև երկխոսության մթնոլորտի ստեղծում, որը ո՛չ թե կմնա իշխող էլիտաների միջև շփում, այլ կլինի իսկապես ժողովուրդների երկխոսություն, ներգրավելով՝ հասարակական բոլոր շերտերի ներկայացուցիչներ, այդ թվում և իշխանությունների նկատմամբ հակադիր դիրքավորված, որովհետև մյուս բոլոր դեպքերում միշտ կհայտնվի մի խումբ, որը կասի․ «Ես ձեր ձեռք բերված պայմանավորվածությունների նախապատրաստմանը մաս չեմ եղել, ես համաձայն չեմ․․․», և ամեն ինչ կրկին կվերադառնա ի շրջանս յուր»։