Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ադրբեջանը Ֆրանսիային թույլ կտա՞ ամրապնդվել Կովկասում»․ Հակոբ Բադալյան

«Ադրբեջանը Ֆրանսիային թույլ կտա՞ ամրապնդվել Կովկասում»․ Հակոբ Բադալյան
137
Այսօր, 22:30

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Ադրբեջան են ժամանել Ֆրանսիայի նախագահի խորհրդական Բերտրան Բուհվալտերը և Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբում նախկին համանախագահ Բրյուս Ռոքվոյը: Նրանք երկկողմ հարաբերություններն են քննարկելու Ադրբեջանի նախագահի օգնականներ Հաջիևի և Ամիրբեկովի հետ:

Հիշեցնեմ, որ մի քանի շաբաթ առաջ Իլհամ Ալիևն ընդունում էր Ֆրանսիայի նոր դեսպանի հավատարմագրերը, և այդ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կոպենհագենում իր և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հանդիպումից հետո երկկկողմ անհասկացվածությունները և լարված էջերը մնացել են անցյալում:

Ֆրանս-ադրբեջանական «ջերմացման» այս ֆոնին իհարկե հարց կառաջանա, թե արդյո՞ք Իլհամ Ալիևը անցյալում է թողնել նաև այն հայտարարությունները, որ անում էր Ֆրանսիայի՝ Կովկասում դիրքեր հաստատելուն խոչընդոտելու մասին: Իլհամ Ալիևը հայտարարում էր, որ Ադրբեջանը Ֆրանսիային թույլ չի տա ամրապնդվել Կովկասում:

Իսկ հիմա՞, հիմա թույլ կտա՞: Եվ, եթե այո, ապա ի՞նչ գին է ստանալու Բաքուն՝ Փարիզի կովկասյան քաղաքականությունը չխոչընդոտելու համար:

Մյուս կողմից, ինչպես պարբերաբար անդրադարձել եմ վերջին երկու-երեք տարիների ընթացքում, ֆրանս-ադրբեջանական լարվածությունը մեծ հաշվով շատ հարաբերական երևույթ էր, որովհետև այդ լարվածությանը զուգահեռ, ֆրանսիական տոտալ Էներջին շարունակում էր իր ներդրումային գործունեությունը Ադրբեջանում, իսկ Իլհամ Ալիևն այդ ընկերության գործադիր տնօրենի հետ ծրագրեր էր քննարկում Արցախի դեմ «վերջին գրոհից» մի քանի օր առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ին:

Ինչպես բազմիցս նշել եմ, Ֆրանսիան, իհարկե, այդ իմաստով չի տարբերվում ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնից և, ըստ էության, գնում է պարզապես իր շահերի հետևից:

Սակայն Ֆրանսիայի պարագայում այս ընթացքում տեղի է ունեցել մի լրջագույն «դեֆորմացիա», այսպես ասած՝ երկու ճյուղով:

Ֆրանսիայում տասնամյակներով ձևավորվել է հայկական բավականին արդյունավետ դերակատարում և հեղինակություն ունեցող հայկական համայնք, ձևավորվել են համայնքային ինստիտուտներ, կառույցներ, որոնք բավականին սերտ աշխատել են ֆրանսիական իսթեբլիշմենտի հետ և փորձել են առաջ մղել հայաստանյան շահերը:

Իհարկե, այդ աշխատանքը չէր կարող լինել բացարձակ, և բնականաբար այդ կառույցները որևէ պարագայում չէին կարող Ֆրանսիան վերածել Հայաստանի շահերի անձնուրաց պաշտպանի, որը կմոռանար իր շահերի մասին: Սակայն, ֆրանսիահայ համայնքի ավանդական ինստիտուտները տասնամյակների ընթացքում հասել էին նրան, որ ձևավորել էին ֆրանսիական կառավարող և քաղաքական շրջանակների հետ արդյունավետ փոխգործակցության ճարտարապետություն:

Հայաստանի ներկայիս կառավարող ուժը, ըստ էության, ձեռնմուխ եղավ այդ ճարտարապետությունը քանդելուն: Զուտ ներքաղաքական կամ անձնական նկատառումներից ելնելով՝ սկսեց քայքայել ֆրանսիահայ համայնքի գործունեության դաշտը, ստեղծել, այսպես կոչված, նոր համայնքային կազմակերպություններ, որոնք չունենալով, ըստ էության, արդյունավետ ստեղծարար ուժ, այդուհանդերձ ունեցան բավականին քայքայող դերակատարում:

Իսկ այս երևույթի մյուս ճյուղն այն է, որ, երբ հայկական պետությունը քանդում էր Ֆրանսիայի նման կարևոր երկրում ձևավորված հայկական համայնքային աշխատանքի կենսունակ ճարտարապետությունը, Ադրբեջանը որպես պետություն ինտենսիվ ձևավորում էր սփյուռք, և այդ թվում նաև Ֆրանսիայում՝ ներդնելով նավթադոլարային և խավիարային ահռելի ռեսուրսներ»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան