«Մարտերն արդեն առանց կանոններին են, հաղթանակը ևս պետք է լինի առանց կանոնների»․ Մարգարիտ Եսայան
103
Այսօր, 16:48
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարտեր առանց կանոնների. Վերջ, այլևս ռուբիկոնը բոլորս անցանք, և էսօր մեր երկրում օրը ցերեկով և առանց ամոթի ու պատասխանատվության նշույլի, ընթանում են մարտեր՝ առանց կանոնների։ Սկիզբը 18-ին դրվեց, երբ Հանրապետության հրապարակում էս սրիկան տարածեց ՀՀԿ 55 պատգամավորների հեռախոսահամարները և հրահանգեց՝ զանգեք, սպառնացեք, ստիպեք, որ նիկոլ ընտրեն։ Ու, սկսվեց այս զզվելի ընթացքը, որը բերեց Արցախի կորստին, բերեց ջահել սերնդի հազարավոր մահերի, բերեց եղբայրամերժ բախումների, բերեց ընկեր-բարեկամի ատելության, բերեց եկեղեցու ուրացման, հոգևոր հայրերի այլանդակ բացահայտումների, բերեց երբեմնի սրբազան հայրենիքի նիկոլացման և նիկոլի առաջ ծամածռությունների, բերեց բոլոր ոլորտներում իրար միս ուտելու, դանոս գրելու մի իրականություն, որտեղ բոլորն անցան անկանոն մարտերի, մարդիկ կորցրեցին մարդկային ամոթը, պատկառանքը, որտեղ մեր երեխաներին ու թոռներին կնքողները, Սուրբ Մյուռոնը նրանց ճակատներին քսողները նույն այդ ձեռքով /որ շատերիս համար ժամանակին ակնածանքի էր արժանի/ գնացին և սեղմեցին դավաճան-կապիտուլյանտ-ազգակործանի արյունոտ ձեռքը։ Այո, մարտերը արդեն առանց կանոններին են ու ես հասկանում եմ, որ հաղթանակը ևս պետք է լինի առանց կանոնների։ Սա արդեն սոսկ անձերի կամ գաղափարների, ընդդիմության և իշխանության մարտ չէ, սա տեսակների կռիվ է, սա ազգային ինքնությունը, ազգային տեսակը, ազգային պատմությունը և ազգի ապագան փրկելու մարտ է։ Բնության մեջ ամեն օր է տեսակների կռիվ․ ջրում, օդում, ցամաքում հզոր, ուժեղ կենդանին խժռում է թույլ, հիվանդ, անզոր, պուճուրիկ կենդանուն։ Գրողը տանի, ախր վաղուց ժամանակն է ապացուցել հակառակը, վերջապես հավաքվել, գործել ու ապացուցել, որ մեր տեսակը, քո տեսակը, իմ ընկեր ու գաղափարակից, ամենևին հիվանդն ու թույլը չէ, պուճուրիկն ու անզորը չէ։ Վաղուց ժամանակն է․ խելքի գալ ու գործել և ոչ թե նվնվան կնգա պես բողոքել։ Եկեք պայմանավորվենք, որ հետհաշվարկը սկսվել է և վրիպելու իրավունք չունենք։ Եթե չգործենք, տեղի կունենա էն ինչ տեղի կունենա՝ մեր երկրում կմնան մեռելները և կթաղեն իրենց մեռելներին։ Մինչդեռ պարտավոր ենք գնալ դեպի կյանք, իսկ դեպի կյանք գնում են կռվով, այնպես, ինչպես երեխան է կռվով և մաքառումով դուրս գալիս մոր արգանդից։ Դեպի կյանք գնում են համառությամբ, համերաշխ, իրար միս չուտելով, բռունցքված, այդ կյանքը սիրելով և պատասխանատու լինելով այդ կյանքի համար»։