Երկուշաբթի, 08 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Իշխանության սադրանքը և Վեհափառի խոհեմությունը». Սուրեն Սուրենյանց

«Իշխանության սադրանքը և Վեհափառի խոհեմությունը». Սուրեն Սուրենյանց
190
Երեկ, 19:24

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Իշխանության սադրանքը և Վեհափառի խոհեմությունը
Յոթ Վերք եկեղեցում այսօր տեղի ունեցածը, ինչպես նաև դրան հաջորդած հայտարարությունները, վկայում են, որ իշխանությունը մտնում է հակաեկեղեցական քաղաքականության նոր՝ առավել սրված փուլ։
Նիկոլ Փաշինյանը արձանագրեց իրավական և եկեղեցական կարգերի խախտման հերթական դրվագը․ ըստ էության, պետական ուժային մեխանիզմներով վերահսկողություն հաստատվեց Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում, քանի որ Շիրակի թեմի որևէ քահանա չէր համաձայնել սպասարկել այնպիսի աղոթակարգ, որի ընթացքում անհրաժեշտ էր շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։
Այսօրվա իրադարձությունը պետական համակարգի ներգրավմամբ իրականացվող ճնշման հերթական դրսևորումն է, որն ուղղված է Եկեղեցու ներքին կարգը խաթարելուն և պատմական ավանդույթները կոտրելուն։
Այս համատեքստում Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե «ժամանակն է հաջորդ պատարագը Մայր Աթոռում անցկացնելու», ակնհայտորեն չի կարող մեկնաբանվել՝ որպես մասնավոր կարծիք։
Այն իշխանության հավաքական մտադրության բացահայտումն է՝ ճնշման օղակը տեղափոխել հենց Էջմիածին և փորձել ուղիղ հակադրության մեջ ներքաշել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Ստեղծված իրավիճակում առանցքային նշանակություն ունի Մայր Աթոռի հայտարարությունը՝ Եպիսկոպոսաց ժողովի ժամանակավոր հետաձգման վերաբերյալ։
Սա ոչ թե նահանջ է, այլ՝ խոհեմ, հավասարակշռված և խորաթափանց որոշում։
Երբ իշխանության մարտավարությունը հիմնված է հակադրության սրմանը, Վեհափառը գիտակցված կերպով վեր է կանգնում այդ սադրանքի տրամաբանությունից՝ հիշեցնելով, որ Եկեղեցու ուժը չի որոշվում կարճաժամկետ քաղաքական լարումներով, այլ՝ ժամանակի և պատմական շարունակականության խորքով։
Այս ամենը ձևավորում է հստակ համատեքստ․ իշխանության հակաեկեղեցական քաղաքականությունը հասել է այն սահմանին, որտեղ հնարավոր են նաև ուղղակի ճնշումներ Վեհափառի և Մայր Աթոռի նկատմամբ։
Բայց նույնքան տեսանելի է նաև հակառակ կողմը․ Եկեղեցին չի ներգրավվում իշխանության պարտադրած սադրանքի դաշտ, չի ընդունում արհեստականորեն ստեղծված դիմակայության կանոնները։
Իսկ այնտեղ, որտեղ կա պատմական ինքնագիտակցություն, հաստատուն կամք և խոհեմություն, վերջնական հաղթանակը դառնում է ժամանակի բնական հունով հասունացող իրականություն»։