Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Նախնյաց պատգամը». Միքայել Մալխասյան

«Նախնյաց պատգամը». Միքայել Մալխասյան
106
Երեկ, 22:48

Պատմական ժողովրդագրության մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը գրում է. «ՆԱԽՆՅԱՑ ՊԱՏԳԱՄԸ
Կոստանդին Բ Կատուկեցին 1286 թ., երբ Կիլիկյան Հայաստանի թագավորը Լևոն Գ Հեթումյանն էր (1270-1289 թթ.), ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։ 1287 թ. նշանավոր վարդապետ Ստեփանոս Օրբելյանին նա ձեռնադրել է եպիսկոպոս, կարգել Սյունիքի մետրոպոլիտ և հաստատել նրա առաջատար դիրքը Հյուսիսարևելյան Հայաստանի եպիսկոպոսների նկատմամբ։ Սա նշանակալի քայլ էր Հայաստանի հոգևոր իշխանության վարչական միասնության ձևավորման ճանապարհին, որ կարևոր նշանակություն պիտի ունենա Արևմուտքի կողմից պարտադրվող ազգային-դավանաբանական զիջումների գնալու օրակարգին արդյունավետորեն հակազդելու գործում։
Եվ ահա, 1289 թ. Հռոմի Նիկողայոս Դ պապը նամակ-հորդոր է ուղարկում Լևոն արքային հաջորդած Հեթում Բ-ին, որ հայերն ընդունեն Կաթոլիկ եկեղեցու դավանանքը և Հայոց Եկեղեցին վարչականորեն ենթարկվի Հռոմի պապին։ Թագավորը, հույս ունենալով, որ եկեղեցիների միությամբ և դավանափոխությամբ հնարավոր է Եգիպտոսի սուլթանության դեմ պայքարում արևմտյան օգնություն ստանալ, իր կողմից շահագրգռվածության ենթարկված մի խումբ բարձրաստիճան հոգևորականների հետ 1289 թ. ժողով է հրավիրում Սիսում՝ չհրավիրելով Կաթողիկոսին, որովհետև վերջինս դեմ էր եկեղեցիների միության անվան տակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փոխանցմանը Հռոմի պապի վարչական ենթակայությանը։ Լավ իմանալով Կաթողիկոսի սկզբունքային դիրքորոշումը և ազգային դիմագիծը՝ անվավեր ձևաչափով հրավիրված ժողովի մասնակիցները Կաթողիկոսին վերագրում են մտացածին կանոնազանցումներ և աշխարհիկ գայթակղություններ։ Երբ շարունակվող ճնշումների պատճառով Կաթողիկոսը համաձայնվում է հեռանալ, նրան դավաճանածները խնդրում են արքային, որ բանտարկի Կաթողիկոսին։ Երբ Կաթողիկոսը տեղեկանում է բանտարկության որոշման մասին, աղոթք է հնչեցնում Հայոց թագավորի և հայ ազգի արևշատության համար՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի Աջով օրհնելով նրանց հետագա ընթացքը։ Այնուհետև նա բանտարկվում է և չորս տարի մնում անազատության մեջ։ Այստեղ հարց է ծագում՝ ձեզ ի՞նչ պետք էր նրա բանտարկությունը, դուք բա չէի՞ք պայքարում նրա պաշտոնանկության և եկեղեցու բարենորոգության համար։
Ստեփանոս Օրբելյանը տալիս է նաև այս հարցի պատասխանը. որովհետև նրանց պետք էր ազգային օրակարգի զրոյացում, հարցը զուտ անձնային չէր։ Պատմիչը, որ Սյունիքի մետրոպոլիտ էր կարգվել հենց այդ նույն Կաթողիկոսի կողմից, պնդում է, որ Կաթողիկոսին դավաճանած հոգևորականները մտավախություն ունեին, որ նա կարող է տեղափոխվել բուն Հայաստան, որտեղ հոգևոր դասը շարունակում էր համարել նրան Ամենայն Հայոց կաթողիկոս, և շարունակել Եկեղեցու և Պետության ինքնուրույնության համար պայքարը։ Իսկ ի՞նչ եղավ հետո, գիտենք բոլորս. նրա բանտարկությունից մոտ երեք տարի անց՝ 1292 թ., Եգիպտոսի մամլյուքները գրավեցին և ավերեցին Հռոմկլայի կաթողիկոսարանը, իսկ հետագայում Կիլիկյան Հայաստանի վերնախավի չդադարող լատինամոլ ունիթորական կեցվածքը բերեց նրան, որ, ի վերջո, 1375 թ. Եգիպտոսի զորքերը գրավեցին նաև Հայոց թագավորության մայրաքաղաք Սիսը։ Հենց այս ամենն էր փորձում կանխել բանտարկվելիս իր հարազատ թագավորությունը օրհնող Կաթողիկոսը, որին աշխարհիկ կյանքով ապրելու կեղծ ամբաստանություններով հեռացրին գահից...
Հ. Գ.։ Այս տխուր պատմության լուսավոր միակ դրվագն այն է, որ հիշվում են ոչ թե օտար օրակարգն ընդունած կարգազանցները, այլ Կոստանդին Բ Կատուկեցու կողմից ձեռնադրված իրական եպիսկոպոսը՝ Ստեփանոս Օրբելյանը, ով, դեպքերից խորապես ազդված, օրակարգ է բերում բուն Հայաստանում կաթողիկոսական Աթոռը վերահաստատելու և դրա միջոցով Հայոց թագավորությունը Մայր Հայրենիքում վերականգնելու հարցը։ Եվ հենց այս գաղափարի պահպանման և դրան ուղղված գործողությունների շնորհիվ մեր ազգը պիտի հաղթահարի բոլոր փորձությունները և հասնի 1918 թ., երբ վերականգնվում է Հայոց պետականությունը, և այդ գործընթացը արարած Արամ Մանուկյանի, Մովսես Սիլիկյանի, Դանիել Բեկ-Փիրումյանի, Դրոյի և ազատագրական պայքարի այլ երևելիների սխրանքների հետևում երևում է Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի, Գարեգին արք. Հովսեփյանի և հոգևոր դասի մնացյալ օրինավոր ներկայացուցիչների ազգային նվիրումը»։