Կիրակի, 25 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Տուրիստական Դիլիջանում սպանդանոց չկա». Ոսկան Սարգսյան

«Տուրիստական Դիլիջանում սպանդանոց չկա». Ոսկան Սարգսյան
102
Այսօր, 09:54

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տուրիստական Դիլիջանում սպանդանոց չկա
Կառավարությոնը Հայաստանում սպանդանոցների ստեղծմանը աջակցելու ծրագիր է իրականացրել։ Պաշտոնապես որոշված էր, որ 2020թ․ հունիսի 1-ից Հայաստանում վաճառվող միսը պարտադիր պետք է ունենա սպանդանոցային ծագում։ Այդ պարտադիր պահանջի կենսագործումը որոշ չափով հետաձգվեց, սակայն հետո դարձավ իրականացման ենթակա։ Իսկ տուրիստական Դիլիջան քաղաքում և նույնանուն համայնքի 6 գյուղերում՝ Գոշում, Հովքում, Հաղարծնում,Թեղուտում, Խաչարձանում և Աղավնավանքում անասունների սպանդանոց չի եղել ու չկա։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին 2024թ․ ապրիլի 30-ին հարցում եմ արել, թե Տավուշի մարզի ո՞ր բնակավայրերում են սպանդանոցներ գործում, Դիլիջան քաղաքի ու Դիլիջան համայնքի 6 գյուղերի անասունները որտե՞ղ են մորթի ենթարկվում։ 2024թ․ մայիսի 6-ին Տավուշի մարզպետարանից պատասախանել են․ «Մարզում գործում է 5 սպանդանոց՝ 1-ական Նոյեմբերյան /ք․Նոյեմբերյան/, Դիլիջան /ք․Դիլիջան/, Իջևան /գ․Գետահովիտ/ համայնքներում, 2 հատ Բերդ համայնքում /ք․ Բերդ և գ․Նավուր/»: Մարզպետարանի պատասխանում որպես Դիլիջան համայնքում գործող սպանդանոցի վայր է նշված Դիլիջան քաղաքը։ 2025թ․ սեպտեմբերի 16-ին Տավուշի մարզպետին նոր հարցում եմ արել․ «Ի պատասխան իմ 2024թ․ ապրիլի 30-ի հարցման, հայտնել եք, որ Դիլիջանում սպանդանոց է գործում։ Դիլիջանում որտե՞ղ է սպանդանոց գործում,ո՞ր կազմակերպության կողմից է այն շահագործվում, ո՞ր տարածքում» ։ Մարզպետարանից հայտնել են․ «Ձեզ ներկայացված նախկին տեղեկատվությունից հետո անցած ժամանակահատվածում Դիլիջան համայնքում մեր կողմից նշված սպանդանոցի շահագործումը դադարեցվել է» ։ Իրականում Դիլիջանում 2024թ․-ին օրինական կարգով սպանդանոց չի գործել, որ դրա շահագործումը 2025-ին դադարեցվեր։ Դիլիջանում առկա են, գործում են տասնյակ հյուրանոցներ, մոթելներ, հյուրատներ, ռեստորաններ, սրճարաններ, որտեղ մատուցվող մսեղիքը սպանդանոցային ծագում չունի։ Անասնատերերը Դիլիջանից 34 կիլոմետր ճանապարհ չեն անցնում, հասնում Իջևան կամ Վանաձոր, տեղի սպանդանոցներում մորթի ենթարկում իրենց անասունները։ Դիլիջան քաղաքի բնակիչները և տուրիստական քաղաքի հազարավոր հյուրերն ամեն օր ոչ սպանդանոցային ծագումով միս օգտագործելով՝ ռիսկի են ենթարկում իրենց առողջությունը։ Այս մտահոգիչ իրավիճակը վաղուց գոյություն ունի, սակայն պետական համապատասխան մարմինները հիմնախնդիրը լուծելու համար քայլեր չեն ձեռնարկում»: