Կիրակի, 25 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ՀՀ-ում սոցիալական անարդարությունն ու ահավոր գնաճը դարձել են իշխանության անգործության ուղիղ հետևանք». Մհեր Մելքոնյան

«ՀՀ-ում սոցիալական անարդարությունն ու ահավոր գնաճը դարձել են իշխանության անգործության ուղիղ հետևանք». Մհեր Մելքոնյան
96
Այսօր, 15:18

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում սոցիալական անարդարությունն ու ահավոր գնաճը դարձել են իշխանության անգործության ուղիղ հետևանք:
Օր օրի թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները՝ հացը, ալյուրը, ձեթը, շաքարը, կաթնամթերքը, դեղորայքը։ Այս թանկացումները այլևս չեն խնայում ոչ մեկին․ դրանք հարվածում են յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր քաղաքացու, զրկելով մարդկանց արժանապատիվ ապրելու նվազագույն հնարավորությունից։
Մինչ իշխանությունը խոսում է «տնտեսական աճից» ու «կայունությունից», իրական կյանքում աշխատավարձը, թոշակը և նպաստը չեն հասցնում անգամ նվազագույն կենսական կարիքներին։ Գնաճը կլանում է մարդկանց եկամուտները՝ վերածելով սոցիալական պաշտպանությունը դատարկ բառերի։
Այսօր սոցիալական արդարությունը փոխարինվել է ցինիզմով։ Մի կողմում՝ իշխանական վերնախավի շռայլ կյանքը, բոնուսներն ու արտոնությունները, մյուսում՝ քաղաքացին, որը կանգնած է դաժան ընտրության առաջ՝ հաց գնի՞, թե՞ դեղ։ Սա պարզապես տնտեսական ձախողում չէ․ սա գիտակցված քաղաքական ընտրություն է։
Պետությունը պարտավոր էր զսպել գնաճը, պաշտպանել սոցիալապես խոցելի խավերին և իրականացնել արդար սոցիալական քաղաքականություն։ Բայց գործող իշխանությունը վաղուց հրաժարվել է այդ պատասխանատվությունից:
Սոցիալական անարդարությունն ու աղքատացումը չեն կարող անվերջ թաքնվել թվերի և ճոռոմ հայտարարությունների հետևում։
Հայաստանը կարիք ունի սոցիալական արդարության, տնտեսական պատասխանատվության և իշխանության, որը ծառայում է ժողովրդին, ոչ թե սեփական շահերին»:

Աղբյուրը`   Մհեր Մելքոնյան