Երեքշաբթի, 27 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Երևանը պարտավոր է պահպանել Իրանի հետ արտակարգ, պրագմատիկ և ինստիտուցիոնալ հարաբերություններ». Արման Բաբաջանյան

«Երևանը պարտավոր է պահպանել Իրանի հետ արտակարգ, պրագմատիկ և ինստիտուցիոնալ հարաբերություններ». Արման Բաբաջանյան
111
Այսօր, 00:24

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանում 2025-ի դեկտեմբերից ընթացող զանգվածային բողոքները ճնշվում են համակարգված և ծայրահեղ կոշտությամբ՝ զոհերի իրական մասշտաբի շուրջ ստեղծելով վերահսկվող տեղեկատվական վակուում, որի պայմաններում թվերի ահռելի տարբերությունը դարձել է իրադարձության առանցքային հատկանիշը․ պաշտոնական տվյալներով՝ սպանվել է 3,117 մարդ, մինչդեռ HRANA-ն հաստատել է առնվազն 5,459 զոհ և ճշտում է ևս շուրջ 17,000 դեպք, իսկ միջազգային մակարդակում շրջանառվող գնահատականները հասնում են տասնյակ հազարների՝ TIME-ը, հղում անելով առողջապահության նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաների, հաղորդում է, որ միայն հունվարի 8–9-ին կարող է սպանված լինել ավելի քան 30,000 մարդ, իսկ ՄԱԿ-ի զեկուցող Մայ Սատոն հունվարի 22-ին խոսել է 20,000-ից ավելի քաղաքացիական զոհերի մասին․ այս պատկերի «մեխանիկական» հիմքը ինտերնետի գրեթե լիարժեք արգելափակումն է:
Միաժամանակ տեսանելի է նաև արտաքին էսկալացիայի աճող ռիսկը՝ տարածաշրջանում ռազմական ներկայության ուժեղացման մասին հայտարարություններով և փոխադարձ ճնշման մեխանիզմներով։ Այդ ֆոնին հատկապես վտանգավոր են չստուգված հաղորդումները «օդային կամուրջների» ու զինատեսակների լայնածավալ մատակարարումների մասին՝ երբ տեղեկատվական շրջափակման պայմաններում նույնիսկ մասնագիտական հանրությունը դժվարանում է արագ առանձնացնել փաստը քաղաքական ազդակներից։ Սա նշանակում է մեկ բան՝ իրավիճակը կարող է արագ սրվել ոչ միայն ներքին ճգնաժամի, այլև տարածաշրջանային լայն բախման տրամաբանությամբ։
Այս պայմաններում Երևանի առաջնահերթությունը պետք է լինի ոչ թե մեկնաբանությունների մրցավազքը, այլ ազգային շահերի սառը կառավարումը։ Առաջին՝ հաստատուն չեզոքություն և ուղիղ միջամտությունից խուսափում՝ միաժամանակ պահպանելով բաց ու պրագմատիկ դիվանագիտական կապ Թեհրանի հետ՝ կանխելու սահմանային և երկկողմ հարաբերությունների անորոշ ռիսկերը։ Երկրորդ՝ անվտանգության բլոկ՝ սահմանի վերահսկողության ուժեղացում, փախստականների հնարավոր հոսքի սցենարների նախապատրաստում, ինչպես նաև Իսրայել–Իրան հնարավոր սրման հետևանքների շարունակական գնահատում։ Երրորդ՝ տնտեսական դիմադրողականություն՝ արագ դիվերսիֆիկացիա, այլընտրանքային առևտրային/էներգետիկ ուղիների զարգացում և արտաքին շոկերի նկատմամբ կախվածությունների կրճատում՝ որպեսզի ցանկացած տարածաշրջանային ցնցում չդառնա Հայաստանի խոցելիության բազմապատկիչ։
Անկախ հանգամանքներից՝ Հայաստանը չպետք է թույլ տա, որ ԱՄՆ-ը կամ ԵՄ-ն Իրանի հետ իրենց օրակարգը կառուցեն՝ անտեսելով Երևանի ու Թեհրանի առանձնահատուկ դրացիական, բարեկամական և կենսական կապերը։ Երևանը պարտավոր է պահպանել Իրանի հետ արտակարգ, պրագմատիկ և ինստիտուցիոնալ հարաբերություններ՝ անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն է Թեհրանում, որովհետև դա Հայաստանի անվտանգության, հաղորդակցությունների և ազգային դիմադրողականության հիմնարար բաղադրիչն է»:

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան