Չորեքշաբթի, 28 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Բանակի վրա «հարձակվում է» նա, ով պետք է «պաշտպաներ»՝ իշխանությունը»» ․ Սարգիս Միքայելյան

«Բանակի վրա «հարձակվում է» նա, ով պետք է «պաշտպաներ»՝ իշխանությունը»» ․ Սարգիս Միքայելյան
123
Այսօր, 21:12

Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա մի պսիխոանալիտիկ թևավոր խոսք․ տրավման սկսվում է այն պահից, երբ «հարձակվում է» նա, ով պետք է «պաշտպաներ»։
Այսօր Հայաստանի բանակի օրն է։
Այն բանակի, որը տասնամյակներով ոչ միայն երկու երկրի՝ Հայաստանի և Արցախի, անվտանգությունն է պահել ու պատվով, հերոսաբար կռվել իրենից ավելի մեծ ու ավելի ուժեղ հակառակորդ(ներ)ի դեմ, այլ նաև կրել է ներքին հարվածներ՝ բարոյական, հոգեբանական, կազմակերպչական և այլն։ Եվ այդ հարվածները հաճախ եկել են հենց ա՛յն տեղից, որտեղից պիտի լիներ պաշտպանությունը՝ իշխանությունից և հասարակական զանազան ինստիտուտներից։
Պետության պարտքն է պաշտպանել սեփական Զինված Ուժերը թիրախավորումից, արժեզրկումից, քայքայիչ հանրային խոսքից, կեղծ «ռեֆորմներից» ու անհաշվենկատ «ակտիվիզմից» ։
Երբ այդ պարտքը չի կատարվում, առաջանում է վերը հիշատակված «տրավման»՝ խորը, լուռ, բայց կործանարար։
Այսօր, անկախ ամեն ինչից, մենք պետք է հպարտ լինենք մեր բանակով և խոնարհվենք նրա անցած մարտական բարդագույն ճանապարհի առաջ։
Ու հիշեցնենք բոլորին՝ բանակը հասարակության տարբեր շերտերի, կուսակցությունների, իշխանությունների, «աշխուժակների» գործիքը չէ՛ քաղաքական պայքարում և քաղաքական դիվիդենդներ հավաքելու համար, բանակը պետության ողնաշարն է»։