Ուրբաթ, 30 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Երբ իշխանությունն ընտրել է թմբուկը ռեալպոլիտիկի փոխարեն, այդ փուլն ավարտվել է ճգնաժամով կամ իշխանության քայքայմամբ». Արմեն Հովասափյան

«Երբ իշխանությունն ընտրել է թմբուկը ռեալպոլիտիկի փոխարեն, այդ փուլն ավարտվել է ճգնաժամով կամ իշխանության քայքայմամբ». Արմեն Հովասափյան
103
Այսօր, 01:18

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թերևս կհամաձայնեք, որ նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի վարքագիծը՝ թմբուկ նվագելը, «վարչաբենդ» անվան տակ դիսկոտեկային շոուների կազմակերպումը, TikTok-յան ձևաչափով քաղաքական իրականության կառուցումը, ինքնանպատակ էքսցենտրիկություն չէ։ Սա քաղաքական վարքագծի մի փուլ է, որն ունի հստակ պատմական օրինաչափություն և կրկնվել է տարբեր ժամանակներում ու տարբեր համակարգերում՝ անկախ գաղափարական կարգախոսներից։
Պատմության մեջ իշխանությունները սովորաբար քաղաքականությունը վերածել են տեսարանային շոուների այն պահին, երբ կառավարման բովանդակությունը սպառված է լինում, իսկ ապագայի մասին խոսելու ռեսուրսն ուղղակի գոյություն չի ունեցել։ Ուշ խորհրդային շրջանում (Բրեժնևի ժամանակ և նրանցի հետո), համակարգային ճգնաժամի խորացման պայմաններում․ այդ փուլում է, որ քաղաքական դիսկուրսը փոխարինվել էր զանգվածային մշակութային միջոցառումներով և «ժողովրդականության» արհեստական սիմվոլներով։ Նմանատիպ պատկեր կար նաև 1930-ականների վերջի Իտալիայում, երբ Մուսոլինիի ռեժիմը, կորցնելով վերահսկողությունն ու բախվելով արտաքին ու ներքին ճնշումների, գնալով ավելի էր ապավինում թատերական ժեստերին և բեմականացված հանրային ներկայությանը՝ փոխարեն ինստիտուցիոնալ լուծումների։
Ի դեպ՝ Լատինական Ամերիկայի պոպուլիստական ռեժիմներում ևս քաղաքական լիդերը հաճախ վերածվել է ոչ թե պետական գործչի, այլ մեդիա-դերասանի։ Օրինակ Ուգո Չավեսի ուշ շրջանի Վենեսուելայում քաղաքական իշխանությունը միանգամից տեղափոխվեց հեռուստաեթեր՝ երգի, կատակների և ուղիղ եթերների միջոցով փորձելով պահպանել զանգվածային կապը մի հասարակության հետ, որը արդեն իսկ բախվում էր սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամի։ Այս բոլոր դեպքերում ընդհանուրն այն է, որ իշխանությունը փորձում է կառավարել ոչ թե իրականությունը, այլ դրա ընկալումը։
Այս տրամաբանության արմատները շատ ավելի խորն են։ Դեռ Հին Հռոմում հանրապետության անկման շրջանում իշխանությունը քաղաքացիների քաղաքական պահանջները փոխարինեց «հաց և տեսարաններ» բանաձևով։ Ժամանակակից մեդիա-դարաշրջանում այդ նույն տրամաբանությունը պարզապես ստացել է TikTok-ի ձևաչափ։
Պատմական փորձը ցույց է տալիս, որ նման փուլերը երբեք երկարատև չեն լինում։ Փաստն այն է, որ քաղաքական շոուն կարող է ընդամենը ժամանակավորապես շեղել հանրային ուշադրությունը, բայց չի կարող փոխարինել պետականության հիմքերը։ Ամեն անգամ, երբ իշխանությունը ընտրել է թմբուկը ռեալպոլիտիկի փոխարեն, պատմությունը անխուսափելիորեն փակել է այդ փուլը ճգնաժամով կամ իշխանության քայքայմամբ»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան