Հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Շիրակում Նիկոլ Փաշինյանի կառավարման միակ հետքը մեծացած զինվորական գերեզմանատունն է». Դերենիկ Մալխասյան

«Շիրակում Նիկոլ Փաշինյանի կառավարման միակ հետքը մեծացած զինվորական գերեզմանատունն է». Դերենիկ Մալխասյան
86
Այսօր, 19:30

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյան Նիկոլը կորցրել է իրականության զգացումն ու մարդկանց բարեկեցությունը սկսել է չափել Եվրոպա գնացող-եկող քաղաքացիների թվով։ Ինքնաթիռի տոմսերի առքուվաճառքի թվերով փորձում է թաքցնել ժողովրդի իրական սոցիալ-տնտեսական ողբերգական վիճակը։ ՔՊ-ի իշխանության 7 տարիների ընթացքում հանրապետությունում աղքատությունը մնացել է գրեթե նույն մակարդակի վրա, որոշ մարզերում, օրինակ՝ Շիրակ, Գեղարքունիք և այլն, վատթարացում է տեղի ունեցել։ Փաշինյան Նիկոլը չի կարող որևէ լուրջ տնտեսական արդյունք՝ օտարերկրյա խոշոր ներդրում, իրականացված մասշտաբային նախագիծ ցույց տալ։ Միայն պետական պարտքն է կրկնապատկել։
Մինչև հիմա աղետի գոտու կարգավիճակ ունեցող Շիրակի մարզում մեծ հաշվով դրական առումով Նիկոլի իշխանությունը որևէ հետք չի թողել։ Ինչքան էլ քննադատեն նախորդներին, բայց 1991 թվականից մինչև 2018 թվականը բոլոր իշխանությունները շինարարության, կառուցապատման առումով ինչ-որ նշանակալի հետք թողել են՝ Անի թաղամասը, Լինսի հիմնադրամի շինարարությունը, Մուշ թաղամասը, Գյումրու կենտրոնի բարեկարգումը։
ՔՊ-ական իշխանությունը նույնիսկ մեկ շենք չկարողացավ կառուցել անօթևանների համար, 4 տարի միայն մեկ հատ մասշտաբային շինարարություն են իրականացնում՝ Արթուր Ալեքսանյանի անվան սպորտային համալիրը, բայց 2 տարի կառուցել են, 2 տարի էլ իրենց կառուցածը սխալների պատճառով քանդում են։ Էլ չասենք Կապսի կիսակառույց ջրամբարի մասին, որ չկարողացան ավարտին հասցնել։ Հիմա թող Փաշինյան Նիկոլը իր ՔՊ-ականների հետ գա ու շուրջ 50 տոկոս աղքատության մեջ ապրող մարզի բնակչությանը բացատրի, որ իրենք լավ են ապրում, քանի որ Եվրոպա գնացող-եկողները շատացել են։
Նիկոլ Փաշինյանի կառավարման հետևանքով միակ մեծ հետքը, որը մնացել է Շիրակում, Շիրակ գերեզմանատան մեծացած զինվորական պանթեոնն է»։