Ուրբաթ, 30 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

««Կրթվելը նորաձև է» թեզը ծառայեցվում է իշխանական հարմարությանը»․ Արմեն Հովասափյան

««Կրթվելը նորաձև է» թեզը ծառայեցվում է իշխանական հարմարությանը»․ Արմեն Հովասափյան
103
Այսօր, 17:36

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եկեք ձեզ շատ լակոնիկ ասեմ, թե իրենից իրականում ինչ է ներկայացնում «կրթվելու» նկատմամբ օրվա կառավարիչների մոլուցքը, նախապես ասեմ, որ այն նույնպես պլագիատ է, քանի որ պատմության մեջ նման գործիքակազմ արդեն իսկ կիրառվել է՝ և ոչ մեկ անգամ։
«Կրթվելը նորաձև է» թեզը արտաքինից ներկայացվում է որպես կրթությունը խթանելու մի շատ կարևոր գործընթացք, սակայն իր խորքում այն քաղաքական-գաղափարախոսական դասական գործիք է։ Ասեմ, որ այս գաղափարը, որպես կանոն, առաջանում է ոչ թե կրթական ճգնաժամի արձագանքով պայմանավորված, այլ զուտ գաղափարախոսական վակուումից։
Ասվածիս նախատիպը Մաո Ձեդունի կուլտուրական հեղափոխությունն է։ Մաոյի դեպքում «կրթությունը» և «վերադաստիարակումը» ծառայում էին հին մտածողության, ավանդույթների և ինտելեկտուալ էլիտաների ոչնչացմանը։ Այս համակարգում գիտելիքը երկրորդական էր․ առաջնայինը քաղաքական ճիշտ դիրքորոշումն էր։ «Կրթվածը» նա էր, ով հավատարիմ էր հեղափոխությանը։ Հայաստանյան «կրթվելը նորաձև է»-ն գործում է նույն տրամաբանությամբ, բայց առանց բացահայտ բռնության։
Այն կիրառվել է նաև Քեմալ Աթաթուրքի կողմից։ Քեմալիզմում կրթությունը վերևից պարտադրված սոցիալական գործիք էր՝ ուղղված նոր քաղաքացու ձևավորմանը։ Պետությունը բացահայտ հայտարարում էր՝ ինչ արժեքներ են «լուսավոր» և որոնք՝ անցանկալի։ Այստեղ Քեմալը փորձում էր հասարակությանը կտրել պատմական անցյալից ու ինքնությունից, ստեղծել «նոր քաղաքացի», արմատախիլ անել կրոնական և ավանդական մտածողությունը։ Սակայն, եթե քեմալիզմն ուներ հստակ պետական դոկտրին, ու բովանդակություն՝ աշխարհիկություն, ազգ-պետություն, պետական լեզու, Փաշինյանի դեպքում այն ոչ մի առանցք չունեցող տաֆտալոգիա է։
Մաոյի և Քեմալի մոդելների հետ համեմատության մեջ ամենավտանգավորը հենց սա է․ այնտեղ կրթությունը ծառայում էր կոնկրետ գաղափարախոսության, իսկ այստեղ այն ծառայում է իշխանական հարմարությանը։ Այն թույլ է տալիս միաժամանակ դելեգիտիմացնել հին էլիտաները, արդարացնել քաղաքական ձախողումները և մեղավորությունը տեղափոխել հասարակության վրա՝ հայտարարելով, թե ժողովուրդը դեռ «չի կրթվել»»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան