Երկուշաբթի, 02 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից»․ Էդուարդ Շարմազանով

«Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից»․ Էդուարդ Շարմազանով
124
Այսօր, 11:24

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «1943-ի փետրվարի 2-ին հաղթական ավարտ ունեցավ Մեծ Հայրենականի ամենաառանցքային հերոսամարտերից մեկը՝ Ստալինգրադի ճակատամարտը, որը ճակատագրական ու կենսական նշանակություն ուներ հայ ժողովրդի համար։
Ակնհայտ է, որ նացիստների հաղթանակի դեպքում Թուրքիան պատրաստ էր հարձակվել ու գրավել Խորհրդային Հայաստանը՝ վերջ դնելով Հայկական հարցին։
Խորհրդային Հայաստանի հետ սահամնին թուրքերը կենտրոնացրել էին 26 հետևակային դիվիզիա։ Իսկ խորհրդա-թուրքական սահմանին նրանք կենտրոնացրել էին 750.000-ից մինչև 1 մլն հասնող զորք։
Պատմական փաստերը վկայում են, որ նախնական ծրագրով որոշված էր Թուրքիայի պատերազմի մեջ մտնելու օրերը՝ 1942-ի նոյեմբերի վերջ։ Սակայն նոյեմբերի 19-23-ին գերմանական վերմախտի գրանցած առաջին խոշոր պարտությունները հետ պահեցին Թուրքիային անցնել սահմանը։
Ամիսներ շարունակ տևած այս հերոսամարտին մասնակցեցին նաև հայ ժողովրդի 30 հազար զավակներ, որոնցից 10 հազարը նահատակվեցին կատաղի մարտերում։
Ստալիգրադի հերոսամարտին հերոսական մասնակցության համար բազմաթիվ հայորդիներ արժանացան բարձր պարգևների, իսկ նրանցից 5-ը՝ ԽՍՀՄ հերոսի կոչման։
Առանձնակի հերոսություն են դրսևորել Հայկական 76-րդ հրաձգային դիվիզիայի մարտիկները։
Հերոսական մարտական ուղի անցնելու համար դիվիզիան վերանվանվեց 51-րդ գվարդիականի։
Խորհրդային բանակի հաղթանակը Ստալինգրադում բարձր գնահատեցին նաև դաշնակից պետությունները։
Մասնավորապես ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը «հիացած էր սովետական բանակի սխրանքով Ստալինգրադում», ինչպես նաև նշեց, որ «Ստալինգրադի հաղթանակը հանդիսացավ շրջադարձային՝ ագրեսորի դեմ պատերազմում»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլլը նշել է. «Ստալինգրադը դարձավ արիության սիմվոլ։ Անհրաժեշտ է, որպեսզի ապագա սերունդներն իմանան և հիշեն Վոլգայի ափին տեղի ունեցած այս մեծ հաղթանակի մասին»։
Պապս՝ Պետրոս Ավագյանը, մասնակցել ու ծանր վիրավորվել է Ստալինգրադում։
Նա միշտ նշում էր, որ պաշտպանելով Ստալինգրադը՝ իրենք նաև պաշտպանում էին Հայաստանը թուրքական հարձակումներից։
Հավերժ փառք Ստալինգրադի հերոսներին»։