Շաբաթ, 07 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ապրիր մեկ դար, որ ստանաս ՔՊ-ական նախարարի պարգևավճարի 10 տոկոսը». Սևակ Հակոբյան

«Ապրիր մեկ դար, որ ստանաս ՔՊ-ական նախարարի պարգևավճարի 10 տոկոսը». Սևակ Հակոբյան
121
Այսօր, 14:54

Լրագրող Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Ապրիր մեկ դար, որ ստանաս ՔՊ-ական նախարարի պարգևավճարի 10 տոկոսը․ «Կարճ ասած»
Իրենց թալանի, իրենց ու իրենց մերձավորների հարստանալու, բարգավաճման համար պետբյուջեն չեն խնայում, հերթը հասնում է թոշակառուներին արժանապատիվ վճարելուն, հիմարացնելու ձև են գտնում՝ «թոշակառուն չգիտի ինչպես ծախսել», «թոշակառուի տունը մեկ է՝ չի տաքանա», «աղքատը աղքատ չլինելու հմտություն չունի», «եթե թոշակը բարձրացնենք, թոշակառտուների կենսամակարդակն ավելի կվատանա»․ այ էդ կարգի բաներ են ասում։
Կառավարության՝ փետրվարի 5-ի որոշումից հետո, ըստ որի՝ Հայաստանում բնակվող քաղաքացիները, որոնց 100 տարին լրացել է կամ լրանա այս տարի, կստանան 1 մլն դրամ աջակցություն, 73 տարեկան մի պապիկ հարցնում է՝ Սևակ ջան, այսինքն, ես պետք է ապրեմ 100 տարի, որ կառավարությունը իմ նկատմամբ իր պարտավորությունը կատարի՞։
Հարցը շատ տրամաբանական է։
Սա վերաբերում է մեր հանրության ամենամեծ շերտին, ավելի քան 500 հազար մարդու։
Նիկոլ Փաշինյանը խոստացել է ապահով ծերություն։ Ապահով ծերությունը, ի դեպ, ցանկացած իշխանության պարտավորությունն է։ Ապահով ծերություն նշանակում է, որ մարդը իր կյանքի վատ է հնչում, բայց վերջին փուլում, այն ժամանակ, երբ ինքն է պետության հոգածության ներքո, ամբողջ կյանքում աշխատել, հարկեր է վճարել պետությանը, և հիմա էլ պետությունն է պարտավոր իրեն խնամել, պետք է այդ կենսաթոշակի փուլում ապրի արժանապատիվ, անվտանգ և կայուն պայմաններում, առանց մշտական վախի, թե՝ «ինչպե՞ս եմ ապրելու վաղը»։
Ապահով ծերություն նշանակում է Ֆինանսական անվտանգություն, այսինքն՝ թոշակ, որը կբավարարի հիմնական կարիքները․ թոշակը հարստանալու համար չէ, այլ կարիքները բավարարելու․ այսինքն՝ պետք է կարողանա թոշակով ապրել՝ առանց կողքից այլ վճարովի աշխատանք անելու։ Ոչ թե պարզապես գոյատևում, այլ նորմալ կյանք՝ սնունդ, կոմունալներ, դեղորայք, հագուստ, չլինել ամբողջովին կախված երեխաներից կամ ուրիշներից․ մատչելի և որակյալ բժշկական օգնություն, բուժման հասանելիություն, կանխարգելում, ոչ թե դիմի բժշկի, երբ արդեն ուշ է։
Կենցաղային անվտանգություն․ այսինքն՝ սեփական կամ ապահով բնակարան, ջեռուցում, լույս, ջուր՝ առանց վախի, որ չի կարողանա վճարել․ մեր թոշակառուների մի մասը, հատկապես՝ միայնակ տարեցների մեծ մասը, որոնք չունեն այլ եկամուտ, բացի չնչին թոշակից, ասում են՝ շուտ ենք մտնում անկողին, որ լույս չվառենք, ջեռուցում չմիացնենք։ Ապահով ծերությունը նշանակում է սոցիալական արժանապատվություն՝ չզգալ իրեն արհամարհված, անպետք կամ մոռացված։ Ապահով ծերությունը նաև նշանակում է շփում, հարգանք, մասնակցություն հասարակական կյանքին։ Ապահով ծերություն նշանակում է՝ պետության և հասարակության վերաբերմունք՝ ոչ որպես «բեռ», այլ որպես փորձ ունեցող, վաստակ ունեցող մարդ։ Նիկոլ Փաշինյանի վերջին մի քանի տարվա մունաթները թոշակառուների վրա և հայտարարությունները, թե՝ թոշակառուների թիվը անընդհատ մեծանում է, բյուջեն այդքան փող չունի, ավելի հեշտ է պարգևավճար բաժանեմ, պաշտոնյաների աշխատավարձ բարձրացնեմ, քան թոշակ տամ և այլն, նշանակում է, որ այդ մարդը ծեր մարդկանց դիտում է որպես ծախս, բեռ, ոչ թե արժեք։
Ապահով ծերություն նշանակում է հոգեբանական հանգստություն՝ վստահություն վաղվա օրվա հանդեպ, չապրել մշտական սթրեսի ու նվաստացման մեջ։ Ապահով ծերությունը միայն թոշակը չէ, բայց պետք է թոշակը լինի այնքան, որ տարեցը չկանգնի դժվար ընտրության առաջ՝ հա՞ց ուտեմ, թե դեղ գնեմ։ Այսօր Հայաստանում ապահով ծերությունը համակարգ չէ, այլ նշանակում է՝ շատ երեխաներ ունեցիր, որ քեզ օգնեն։ Հայաստանում թոշակով կարող է անձը ապրել առավելագույնը 10 օր։ Ի՞նչն է խանգարում, որ պետությունը նորմալ թոշակ տա․ խանգարում է կոռուպցիան, վատ կառավարումը, սոցիալական պետության ձևական լինելը։
Նիկոլը խոստացել է արժանապատիվ ծերություն։
Այսինքն՝ այն պահից, երբ քաղաքացին ստանա կենսաթոշակ, այդ պահից պետք է պետությունը հոգ տանի նրա մասին, չասի՝ բիզնես դիր՝ ապրի, հենց դարձար 100 տարեկան՝ նախարարների մի ամսվա պարգևատրման 10 տոկոսի չափ փող կտամ, որ յոլա գնա։ Նիկոլն ասում է թոշակառուին՝ որպեսզի քո նկատմամբ իմ խոստումները կատարեմ, պետք է մի դար ապրես։
Ասում է՝ 100 տարեկաններին 1 մլն դրամ տալով՝ երախտագիտություն ենք հայտնում, որ կյանքի մեկ դարը նվիրել են իրենց ընտանիքին, պետությանը, հայրենիքին, աշխատանքին ու հանրությանը։ Այդ մարդկանց, դուք պետք է հարգանքի երախտագիտություն հայտնեք 63-65 տարեկանից սկսած։ Ինձ հանդիպած տարեցը հարցնում է՝ մարդկանց պահանջմունքները ե՞րբ են ավելի շատ․ 35 տարեկանում ավելի շատ են, քան 65-ում, 65-ում ավելի շատ են, քան 100 տարեկանում, չէ՞։ Բայց ասում է ես 65 տարեկանին կտամ 36 հազար դրամ, իսկ 100 տարեկանին՝ միանվագ 1 միլիոն։ Ըստ Նիկոլի՝ 65 տարեկանը չգիտի, թե ինչի վրա ծախսի 10 հազար դրամը, դրա համար չի ավելացնում, բայց 100 տարեկանը գիտի ինչի վրա ծախսել 1 մլնը։
Ասեք, որ աբսուրդ է։
Կես միլիոնից ավելի թոշակառու կա Հայաստանում․ իսկ քա՞նիսն են, որ ապրում են 100 տարեկան և ավելի․ ընդամենը 71-ը։ 71-ը ՀՀ թոշակառուների 0.01 տոկոսն է։ Այսինքն՝ թոշակառուների ընդամենը 0,01 տոկոսն է հասնում 100 տարեկանին ու անգամ այդ ժամանակ նրանց տրվում է ավելի քիչ գումար, քան իրենց պատգամավորների 1 ամսվա պարգևավճարն է, 9 անգամ ավելի քիչ, քան նախարարների պարգևավճարն է։
Ասում է՝ ավելի հեշտ է նախարարների աշխատավարձը բարձրացնեմ, քան թոշակը։ Դա պատասխան չէ․ մի բարձրացրու նախարարին մինչև էն պահը, երբ բոլորին տալու հնարավորություն կունենաս։ Աբսուրդ է ժողովուրդ, ծայրահեղ անարդար է պաշտոնյայի ու թոշակառուի ստացածի տարբերությունը, + դրան՝ պաշտոնյայի ստացած պարգևավճարը։ Երկրորդ նախագահն ասում է՝ պետք է բարձր պաշտոնյաների պարգևավճարից առհասարակ հրաժարվել, տալ միայն միջին օղակին։ Պարգևավճարը պետական, պաշտոնական կոռուպցիան է։
Ինչ են անում այս մարդիկ, ժողովուրդ ջան, փողերը ծախսում են աջ ու ձախ, իրենց, իրենց մերձավորների, իրենց բիզնես գործընկերների հաջողությունների, բարգավաճման համար, թալանի վրա։ Իսկ հերթը հասնում է թոշակառուներին, հիմարացնելու ձև են գտնում՝ թոշակառուն չգիտի ինչպես ծախսել, թոշակառուի տունը մեկ է՝ չի տաքանա, աղքատը աղքատ չլինելու հմտություն չունի, եթե թոշակը բարձրացնենք, թոշակառտուների կենսամակարդակն ավելի կվատանա․ այ էդ կարգի բաներ են ասում։
Էդ աղքատ չլինելու հմտությունից ոնցոր մենակ ՔՊ-ականներն ունեին, իրենց մինիստրները, իրենց դեպուտատները։
Հմտությունն այն է, որ լենինականից քայլելով գաս իշխանության ու դառնաս միլիոնատեր։ Ֆինանսների նախարարը, էն որ փաստաբաններն ասում էին հայտարարագրից կոռուպցիան փչում է, ասում է՝ Հայաստանում բարեկեցիկ կյանքը շոշափելի իրականություն է։ Լավ, իսկ ո՞ւմ բարեկեցիկ կյանքը, բացի ՔՊ-ից։
Նիկոլն ասում է՝ շատ մոտ ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելու մեր նախընտրական խոստումին, որ տվել ենք 2021 թվականին։ Ծայրահեղ աղքատությունը վերացնելու խոստում դուք տվել եք 2018 թվականին, որ 2023 թվականին վերացրած կլինեք, իսկ աղքատությունը իջեցրած լինեիք 10 տոկոսային կետով, այսինքն, պետք է հիմա աղքատությունը լիներ 10 տոկոսի կարգի, համաձայն ձեր խոստման։
Նիկոլն ասում է՝ երկրում գեներացվող արդյունքը հավասար և արդար է բաշխվել քաղաքացիների միջև։ Այսինքն, ժողովուրդ ջան, որ Նիոլի ազգական պատգամավորը 7 տարում 8 հատ տուն է առել, դու ոչ մի հատ, ըստ Նիկոլի, դա արդար բաշխում ա, էն որ մինիստրը ստացել է 9 մլն դրամ պարգևավճար, տարեցը՝ 36 հազար դրամ թոշակ, դա արդար բաժանում է։ Դա Նիկոլի արդարությունն է։ Մի գյուղաբնակ թոշակառու հաշվել էր, որ սաղ կյանքը կով եմ պահել, կաթ հանձնել, ու հիմա ստանում է իր մթերած 270 լիտր կաթի չափ թոշակ, իսկ գյուղատնտեսության նախարարի փոխարեն աշխատող Պապոյանը մեկ ամսում իր մթերած 70 հազար լիտր կաթի չափ պարգևատրում, 10 ցիստեռն կաթի փող։
Կարճ ասած՝ թոշակառուն ասում է, նու բոլորն են ասում, Նիկոլը մեզ խաբեց, ուրիշ բան էր խոստացել, ուրիշ բաներ է անում։ Հիմա հարց եմ տալիս․ ցանկանո՞ւմ ես էլի խաբվել, ժողովուրդ։ Ասում է՝ ոչ։ բայց ամենակարևորը՝ պատրա՞ստ ես չխաբվել։ Մի թոշակառու հարցման ժամանակ ասում էր՝ Նիկոլից հիասթափվել եմ, չեմ գնա ընտրության։ Ոչ, հարգելի ժողովուրդ, դա հավասար է Նիկոլին ընտրելուն։ Պարտավոր ես գնալ ու մերժել, քո մերժելով կտաս խաբողների, հիմարացնողների, քո հաշվին կյանքն ու պետությունը վայելող այս խմբակի պատասխանը»:

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան