«Տուրիստական Դիլիջանի ոչ տուրիստական դեմքը». Ոսկան Սարգսյան
100
Այսօր, 15:24
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տուրիստական Դիլիջանի ոչ տուրիստական դեմքը Վերջին տարիներին Դիլիջան քաղաքում և նույնանուն համայնքում զբոսաշրջությունը զարգացել է, գործարկվել են բազմաթիվ հյուրանոցներ, հյուրատներ, սննդի օբյեկտներ։ Դիլիջանում պետական, սուբվենցիոն ծրագրերով կառուցապատումներ են արվում, ենթակառուցվածքները բարելավվում են։ Սակայն կան տարիներով չլուծված հիմնահարցեր, որոնք անհարիր են տուրիստական Դիլիջանին։ Դիլիջան համայնքում սպանդանոց չկա, քաղաքի, համայնքի հյուրանոցներում, հյուրատներում, մոթելներում, ռեստորաններում, սրճարաններում մատուցվող ճաշատեսակների միսը ոչ սպանդանոցային ծագում ունի, այսինքն՝ չի ապահովվում քաղաքի բնակիչների և հյուրերի առողջ, անվտանգ սնունդը։ Հիմնահարց է Դիլիջանում խմելու ջրի հաճախակի անջատումները, երբ վթարների, նորոգման կամ այլ պատճառներով քաղաքին խմելու ջրի մատակարարումը ժամերով անջատվում է։ Դիլիջանի կենտրոնական փողոցները բարեկարգվել են, սակայն ոչ կենտրոնական փողոցներն ոչ այդքան լավ վիճակում են։ Դիլիջանի բնակիչները լրագրողիս բողոքել են, որ Հակոբջանյան փողոցի հենապատի շատ հատվածներ քանդված են, սակայն համայնքապետարանը չի նորոգում այն։ Դիլիջանցիներին մտահոգում է նաև այն, որ տարիներ շարունակ վթարների հետևանքով կամ այլ պատճառներով ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված ավտոմեքենաները կայանում են հենց փողոցում, ոստիկանության շենքի առաջ, Դիլիջանի համայնքապետարանի շենքի կողքին։ Վթարներից ջարդված ավտոմեքենաների տեսքը հարիր չէ տուրիստական Դիլիջանի կենտրոնին, բացի այդ, այդտեղ կայանած ավտոմեքենաները խանգարում են բեռնված կենտրոնում ավտոմեքենաների ազատ երթևեկին։ Տուրիստական Դիլիջանին հարիր չեն Դիլիջան քաղաքը մայրաքաղաք Երևանին կապող հին, բարոյապես և մաշված «Գազել» մակնիշի միկրոավտոբուսները։ Դիլիջան քաղաքը ավտոկայարան չունի, ավտոկայարանի շենքում ներկայումս «Սքայ» սուպերմարկետն է; Ամռան տապին, ձմռան ցրտին, անձրևներ ու ձյուն տեղալու ժամանակ ուղևորները պատսպարվելու տեղ չունեն։ Մայրաքաղաք մեկնողներին տոմսեր վաճառվում են ավտոկայարանի կողքի շենքի փոքրիկ պատուհանից»: