«Դատավորները մտել են մի տարածք, որտեղ չունեն մուտքի իրավունք»․ Արա Զոհրաբյան
94
Այսօր, 00:24
Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «ԱՐՁԱԳԱՆՔ ԲԴԽ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԲԴԽ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Բարձրագույն դատական Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրում և վարում է խորհրդի նախագահը: Խորհուրդն ինչպես է այս հայտարարությունը տարածել, երբ նման հարցով նիստի և ընդունված որոշման մասին տեղեկություն առկա չէ դատական իշխանության պաշտոնական կայքում: ԲԴԽ ՁևԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԲԴԽ հայտարարության մեջ նշվել է՝ «Հատկանշական է, որ այդ փաստաբաններն իրենց ապահովագրելու նպատակով երբեմն օգտագործում են «իմ կարծիքով», «թվում է», «ես գտնում եմ» անվտանգության բարձիկ հանդիսացող ձևակերպումներ։»: Շատ հետաքրքիր մոտեցում է: Այսինքն, երբ փաստաբանը փաստ չի նշում, այլ իր գնահատողական կարծիքն է ներկայացնում, ինչով ցույց է տալիս այդ գնահատականի և փաստի տարբերությունը, ԲԴԽ֊ն սա համարում է ապահովագրության համար անվտանգության բարձի՞կ: Այս ձևակերպմամբ ԲԴԽ֊ն մատնում է իր իրական մտադրությունը: Կարծես ասում է, ցանկանում էինք մի բան գտնել, որ իրավական այլ ընթացակարգեր կիրառեինք, բայց մեզ բռնվելու տեղ չեք տվել: ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. Ինչ վերաբերում է իմ կողմից հրապարակված հայտարարությանը, ապա պետք է նշեմ, որ՝ 1. Տեքստում առկա չէ վիրավորանք կամ զրպարտանք․ 2. Այն ամբողջությամբ պնդում եմ․ 3. Տեքստում առկա է քննադատություն․ Տեքստում օգտագործված իմ այս արտահայտությունը «Դատավորիների այս գործողությունները հոգևոր դաշտում հավասար են սրբապղծության» նույնպես պնդում եմ և պարզաբանում եմ, որ այն նույնպես վիրավորանք չի պարունակում: Այս նախադասությանը նախորդող մտքերում պարզաբանված է ասվածի իմաստը՝ Մեջբերում՝ «Իրենց վերագրում են այնպիսի լիազորություններ, որոնք ունի միայն օծված և հոգևոր իշխանություն ունեցող Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այս դատավորների գործողությունների արդյունքում պատկերացնու՞մ եք հոգևոր կարգավիճակ չունեցող Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը որքան ծեսեր են կատարելու և որքան մարդկանց են մեղքի տակ գցելու:»: Պատկերացրեք, որ դատավորը ներխուժել է կրոնական տարածք և ինքն է օժտել աշխարհիկ անձին հոգևոր իշխանությամբ: Այդ աշխարհիկ անձը առնչվելու է սրբություններին, կրոնական ծեսեր է անելու, որոնք ամբողջությամբ համարվում են սրբապղծություն: Դատավորների այս որոշումները ծանր հետևանքների են բերել ու բերելու: Չի կարող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասը ընդունել դատարանի կողմից պարտադրված հոգևոր կարգավիճակ աշխարհիկ մարդկանց համար: Սա լրիվ նմանվում է այն հին ժամանակներին, երբ երկրի թագավորը ստիպում էր քրիստոնյաներին երկրպագել կուռքերին: Արդյոք հոգևորականը պետք է երկրպագի ձեր կուռքերին: Չի կարող այդպիսի բան լինել: Այս ողջ ասելիքի իմաստը հենց կայանում էր նրանում, որ դատավորները մտել են մի տարածք, որտեղ չունեն մուտքի իրավունք: Դա իրենց տարածքը չի: Եվ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը, ով այս գործընթացի հետ ուղիղ կապ ունի, թող իմանա, որ ակնհայտ անօրինականությունների դեմ ուղղված փաստաբանների ազատ խոսքը չեն կարողանալու սահմանափակել»: