Երեքշաբթի, 17 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Իրական խաղաղություն հնարավոր է Նիկոլի գնալուց հետո»․ Սևակ Հակոբյան

«Իրական խաղաղություն հնարավոր է Նիկոլի գնալուց հետո»․ Սևակ Հակոբյան
132
Այսօր, 17:06

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Պատերազմի կուսակցությունը՝ խաղաղության դիմակի տակ.
Այս ընտրություններին իշխանությունը մոտեցել է բոլորովին բոբիկ՝ կատարած չլինելով ժողովրդին տված խոստումները, ապահոված լինելով բարձր գործազրկություն և աղքատություն, բերած լինելով ազգային աղետներ։ Միակ թեզը, որով ներկայանալու են ընտրություններին, այսպես կոչված խաղաղությունն է, որն էլ ընտրել են որպես կարգախոս։ Ասում են ու առաջիկա 80 օրը դա ենք լսելու, թե՝ ընտրեք Նիկոլին, որ լինի խաղաղություն, որովհետև միայն Նիկոլն է, որ կարող է Ալիևի հետ լեզու գտնել։ Բացի նրանից ուրիշ ով էլ ընտրվի, լինելու է պատերազմ։ Իսկ թե ոնց է լեզու գտնում, տեսել ենք։ Իշխանության պահպանման հիմնական գործիքն այսօր դարձել է հանրությանը վախեցնելը, հոգեբանական ճնշում բանեցնելը՝ սեփական անձն ու իշխանությունն անփոխարինելի ներկայացնելու և ժողովրդին վախի պատանդ պահելու համար։
Իրեն հռչակել է խաղաղության աղավնի, մյուսներին՝ պատերազմի կուսակցություն․ իսկ հատկապես՝ եթե Քոչարյանը գա, համոզում են, թե կլինի պատերազմ։ Սա արդեն մի անգամ լավ չարչրկվել է և աշխատել է 2021 թվականի ընտրություններում, բայց հիմա, արդեն, իրեն սպառած թեզ է։ 2021-ին Քոչարյանը չեկավ, հենց այդ վախերով ժողովրդին շանտաժ անելու գլխավոր պատճառով, մնաց ինքը, ու պատերազմներ ունեցանք նաև 2022 և 23 թվականներին, բռնագաղթ ու Արցախի ամբողջական կորուստ։ Այդ «խաղաղության աղավնին» բերել է 3 պատերազմ, մի քանի հարձակումներ, և ոչ մեկում չի հաղթել, պետությանն ու ժողովրդին խեղճացրել, նվաստացրել է բազմակի։ Այսինքն՝ իրականությունը ցույց է տալիս, որ նա ոչ թե խաղաղության երաշխավորն է, այլ հենց դրա գլխավոր հակառակորդն ու թշնամին։ Խաղաղության մասին անվերջանալի խոստումները գործնականում հանգեցրել են միայն նոր էսկալացիաների և կորուստների։
Նիկոլ Փաշինյանի օրոք՝ 2020 թվականից մինչ այս պահը, 2025 թվականը միակն է եղել, որի ժամանակ չենք ունեցել հանձնումներ։ 2020-ին էլ է եղել, 21-24 թվականն էլ, որը պատերազմով, որը՝ առանց կրակոցի, որը՝ փաստաթղթով, սահմանազատում կոչվածով։ Միակ բացառությունը եղել է 2025 թվականը, այն էլ՝ այդ տարին Ալիևը հանգիստ է թողել՝ որպես ընտրություններում Նիկոլին աջակցություն։ Հիմա պատկերացրեք՝ Նիկոլը վերընտրվի․ նույն նիկոլն է՝ նույն «խեղճ հարիֆը», ինչպիսին 2018 թվականին էր՝ որ ասում էր՝ ինչ ուզում, այն էլ բանակցում եմ, ու Ալիևին խնդրում էր չկրակի, մինչև մի բան կանեն․ նույն Նիկոլն է, որը արդեն 13 հազար քառակուսի կիլոմետրի չափ զիջել է․ հանուն այսպես կոչված խաղաղության՝ ամեն տարի մի բան զիջել է, խեղճացել է, նվաստացվել է, ու մեզ էլ, մեր երկիրն էլ իր հետ նվաստացնելով՝ հասել է միչև իր կառավարման երկրորդ ժամկետի ավարտ։ Լավ, ասենք մնաց, նույն պարտվողական կերպարը է՞լ ինչ է անելու պատերազմը կանխելու համար։ Ասենք՝ մնաց ու Սահմանադրություն փոխեց՝ հանուն խաղաղության մի քիչ էլ երկարաձգման, սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնեց Իրանի ու Վրաստանի հետ ճանապարհները, հետո էլի տարածքներ հանձնեց խաղաղության համար, հետո մի 300 հազար ադրբեջանցիների բերեց Հայաստանում բնակեցնելու, էլի խաղաղության համար։ Լավ, բա հետո՞, մինչև ո՞ւր։
Գիտե՞ք, վստահ եմ, որ ոչ ոք չի ուզում պատերազմ։ Նիկոլն էլ չէր ուզում, ուղակի նա շանս չուներ, որովհետև նրա վատ կառավարումը, վատ բանակցումը, խոստումներին համապատասխան ուժ չունենալը բերեցին պատեարզմի ու էլի բերելու են։ «Հանձնումն ավելի լավ է, քան պատերազմը» թեզով խաղաղությունը որքա՞ն կտևի, երկու-երեք տարի՞, մինչև հաջորդ ընտրություննե՞ր։ Հիմա սա ասում է՝ ժողովուրդ, թողեք ես մնամ, որ զիջեմ, հանձնեմ ու բերեմ խաղաղություն։ Խաղաղություն, որը չունի երաշխիքներ ու երաշխիքը մենակ Նիկոլն է՝ իր հանձնվողական, պարտվողական դեմքով։
Միջազգային հստակ երաշխիքներով խաղաղություն թեզն առաջ մղելով՝ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է, թե ինչու Փաշինյանը չի ուզում, որ խաղաղությունն ունենա երաշխիքներ։ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ ժողովուրդը խաղաղությունը կապի իր անվան հետ, ասի՝ եթե Նիկոլը չլինի, լինելու է պատերազմ, քանի Նիկոլը կա՝ խաղաղություն կլինի։ Նիկոլ Փաշինյանին երաշխիքները ձեռք չեն տալիս, նա ուղղակի ուզում է պատերազմով վախեցնել ժողովրդին, որ գնան իրեն ընտրեն։ Սրանց նպատակն է գործընթացը մոնոպոլիզացնել և ցանկացած թղթի կտոր, որը կկոչվի «խաղաղություն», կապել բացառապես իր անվան հետ՝ անտեսելով պետության համար կենսական նշանակություն ունեցող անվտանգային և միջազգային երաշխիքները։ Իսկ եթե լինեն երաշխիքներ, մարդիկ ասելու են՝ հենա առանց քեզ էլ խաղաղություն կա, դու էլ ո՞ւմ ես պետք։ Դրա համար Փաշինյանն ասում է՝ ես խաղաղության դռնապանն եմ․ որը, իհարկե, մեր դարպասները բացել է թշնամու առաջ։
Երկրորդ նախագահն ասում է՝ մեր երկրին պետք է երկարատև ու կանխատեսելի խաղաղություն, որը կախված չի լինի անձերից, Հայաստանում էլ, Ադրբեջանում էլ կփոխվեն տասնյակ իշխանություններ, տարածաշրջանում փոխվի իրավիճակ, խաղաղությունը կախված չի լինի իշխանության հաշվարկներից ու Ալիևի տրամադրությունից։ Եթե խաղաղության միակ երաշխիքը Նիկոլի դեմքն է, ի՞նչ է լինելու, եթե Նիկոլի ու նրա իշխանության հետ մի բան լինի։
Երկրորդ նախագահը խոստանում է երաշխավորված, իրական ու արժանապատիվ խաղաղություն։ Արժանապատիվն այն է, որ ստիպված չես խաղաղության պահպանման համար զիջումների գնալ։ Եթե դու չունես առաջվա ուժը, որպեսզի քեզանից վախենան ու պատերազմ չլինի, չհարձակվի՝ ուրեմն միջազգային երաշխիք է պետք արժանապատիվ, կայուն խաղաղության համար։ Այդ խաղաղության երաշխիքները նաև Ալիևին է պետք։ Հիմա Նիկոլը թույլ է, խեղճ է, իրեն ձեռք է տալիս, որովհետև հա զիջում է, բայց վաղվա ուժեղ իշխանության պարագայում Ալիևին այդ երաշխիքները պետք է գալու։ Բայց սրանք՝ Նիկոլն ու Ալիևը, անում են ամեն ինչ, որ վաղը Հայաստանում նման ուժի հնարավորություն չլինի։ Սրա համար էլ երկրորդ նախագահն ասում է, որ Նիկոլի անձնական շահերը, իշխանությունը պահելու շահերը հակասում են Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին, մեր պետականության շահերին։ Ոչ մեկի կամքից չկախված խաղաղությունը հենց արժանապատիվ խաղաղությունն է։
Նիկոլն ու ՔՊ-ն պատերազմի կուսակցություն են՝ խաղաղության դիմակի տակ։ Նա խաղաղության թշնամին է, և իրական խաղաղություն հնարավոր է նրա գնալուց հետո։ Նրա հեռացումը ոչ թե պատերազմի, այլ ճիշտ հակառակը՝ կայուն, երաշխավորված և, ամենակարևորը, արժանապատիվ խաղաղության հասնելու միակ նախապայմանն է։ Իրական և երաշխավորված խաղաղությունը հնարավոր չէ կառուցել վախի, շանտաժի և պարբերական դարձած պարտությունների հեղինակի դեմքով։ Ռոբերտ Քոչարյանն առաջարկում է իրական այլընտրանք՝ երաշխավորված խաղաղություն։ Մեր ժողովուրդը կարիք ունի ուժեղ առաջնորդի։
Կարճ ասած՝ երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռանում էր իշխանությունից, ասաց, թե խաղաղության կուսակցությունը հեռանում է, իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը։ Կյանքը ցույց տվեց՝ այն մարդկանց, որոնց մասին խոսելիս վախենում են, թե պատերազմ են բերում, իրոք բերում են խաղաղություն, իսկ նրանք, ովքեր իրենց հռչակում են խաղաղության աղավնի, հենց բերում են պատերազմ։
Նիկոլ Փաշինյանը այդքան խոսեց խաղաղությունից, բերեց 3 պատերազմ, զոհեր, հայրենազրկում, Քոչարյանը, որ սաղ ասոցացվեց պատերազմի հետ և պիտակավորվեց որպես պատերազմի իշխանություն, Հայաստանի միակ ղեկավարն է եղել, որի օրոք 10 տարի եղել է խաղաղ»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան