Շաբաթ, 21 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Այս խայտառակ որոշումը կդառնա ևս մեկ պատճառ՝ քվեարկելու այս իշխանությանը հեռացնելու օգտին»․ Վարդան Օսկանյան

«Այս խայտառակ որոշումը կդառնա ևս մեկ պատճառ՝ քվեարկելու այս իշխանությանը հեռացնելու օգտին»․ Վարդան Օսկանյան
105
Այսօր, 21:18

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունների որոշումը՝ արգելել Գարեգին Բ-ին մասնակցել Իլիա Բ-ի հուղարկավորությանը, խայտառակություն է և վիրավորանք ամբողջ հայ ժողովրդի արժանապատվությանը։ Կաթողիկոսը պարզապես անհատ չէ․ նա մարմնավորում է մեր ժողովրդի հոգևոր առաջնորդությունը։ Նրան արգելելը՝ այս ծանր պահին կանգնել եղբայր եկեղեցու կողքին, դիտավորյալ հարված է դարավոր հավատքին, ավանդույթին և հայ ու վրաց ժողովուրդների ու եկեղեցիների միջև եղած բնական և խոր կապին։
Այս քայլը բացահայտում է իշխանության մանրախնդրությունն ու վտանգավոր անհեռատեսությունը, երբ հորինված մեղադրանքներով պետական լծակներն օգտագործվում են ներքին հաշվեհարդարի համար՝ անգամ երկրի միջազգային հեղինակության հաշվին։ Ի՞նչ ուղերձ է սա աշխարհի համար։ Որ Հայաստանը հետապնդում է իր հոգևոր առաջնորդությո՞ւնը։ Որ այն անտեսում է իր ամենամոտ հարևանների վիշտը նման պահերին։ Արտաքին դիտորդներն այստեղ կտեսնեն մի պետություն, որը կլանված է քաղաքական վենդետաներով, անտարբեր է իր հեղինակության նկատմամբ և կուրացած՝ չի գիտակցում պետությանը, ժողովրդին և միջազգային հեղինակությանը հասցվող վնասը։ Եվրոպական խորհրդարանում ելույթի նվաստացումը հերիք չէր, հիմա էլ սա։
Եվ ամենակարևորը՝ ինչքա՞ն դեռ հայ ժողովուրդը հանդուրժելու է այս ամենը։ Այս դեպքը մեկուսացված չէ․ այն հերթական օղակն է այն գործողությունների շղթայում, որոնք քայքայում են պետությունը, ինստիտուտները, պառակտում հասարակությունը և թուլացնում երկիրը։ Սա է հենց պատճառը, որ մեր ճակատագիրը որոշվում է առանց մեզ։ Ինչպե՞ս կարելի է լուրջ վերաբերվել նման իշխանություն ունեցող երկրին, որն ինքը իր հեղինակության վրա թքած ունի։
Հունիսի 7-ը մոտենում է։ Գալիս է պահ, երբ վրդովմունքը պետք է վերածվի պատասխանատվության պահանջի։ Այս խայտառակ որոշումը կդառնա ևս մեկ պատճառ՝ հարյուրների կողքին, որպեսզի քաղաքացիները վճռականորեն քվեարկեն այս իշխանությանը հեռացնելու օգտին»։

Աղբյուրը`   Վարդան Օսկանյան