«Իշխանությունն իր վարած քաղաքականությամբ ստեղծում է հիբրիդային պատերազմի համար խոցելի միջավայր»․ Արմեն Հովասափյան
50
Այսօր, 17:36
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում վերջին տարիներին ձևավորվել է մի վտանգավոր և միաժամանակ բավականին նուրբ քաղաքական տեխնոլոգիա, որը Նիկոլ Փաշինյանը օգտագործում է գրեթե պերմանենտ ռեժիմով՝ խոսքը «հիբրիդային պատերազմի» թեզի մասին է։ Առաջին հայացքից սա կարող է թվալ որպես անվտանգության օրակարգի մաս, սակայն իրականում այն վաղուց դուրս է եկել զուտ մասնագիտական դաշտից և վերածվել է ներքաղաքական կառավարման գործիքի։ «Հիբրիդային պատերազմը», որպես երևույթ, ինքնին նոր բան չէ․ այն ենթադրում է ոչ թե դասական պատերազմ, այլ բազմաշերտ ճնշում՝ տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, կիբեռ և հասարակության ներսում բաժանումների խորացում։ Այսինքն՝ տվյալ դեպքում հարձակման թիրախը ոչ թե միայն սահմանն է, այլ պետության ներսը՝ հանրային վստահությունը, ինստիտուտները, ինքնությունը։ Եթե նայենք սառը փաստերով, ապա պետք է ընդունել՝ Հայաստանը իսկապես գտնվում է նման ռիսկերի տիրույթում։ Տեղեկատվական դաշտում Ադրբեջանն ու Թուրքիան տարիներ շարունակ աշխատում են հայկական նարատիվների դեմ՝ սկսած պատմության վերաշարադրումից մինչև պետականության լեգիտիմության հարցականի տակ դնելը։ Սրան գումարվում են կիբեռսպառնալիքները, արտաքին ազդեցությունները քաղաքական գործընթացների վրա և ամենակարևորը՝ հասարակության ներսում խորացող բևեռացումը։ Հենց այստեղ առաջանում է շատ առանցքային հարց․ եթե այս ամենն իրական է, ապա ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդքան հաճախ, գրեթե յուրաքանչյուր ներքաղաքական լարվածության պահին, սկսում խոսել «հիբրիդային պատերազմի» մասին։ Պատասխանը միանշանակ քաղաքական է։ Նախ՝ այս թեզը թույլ է տալիս ցանկացած քննադատություն ներկայացնել ոչ թե որպես ներքին խնդիր, այլ որպես արտաքին ներգործության հետևանք։ Այսինքն՝ ձևավորվում է մի միջավայր, որտեղ ընդդիմախոսը կարող է հեշտությամբ պիտակավորվել որպես «օտար ազդեցության կրող»։ Երկրորդ՝ սա պատասխանատվությունն իր վրայից գցելու դասական մեխանիզմ է, քանի որ, երբ պետությունը բախվում է ձախողումների՝ անվտանգային, արտաքին քաղաքական կամ սոցիալ-տնտեսական, շատ ավելի հարմար է դա ներկայացնել որպես «հիբրիդային հարձակումների արդյունք», քան ընդունել կառավարման սխալները։ Հաջորդ կարևոր դրվագն այն է, որ այս նարատիվը լիովին համընկնում է արևմտյան քաղաքական դիսկուրսի հետ, որտեղ «հիբրիդային սպառնալիքների» թեման դարձել է առանցքային։ Այսպիսով, իշխանությունը ոչ միայն ներքին, այլև արտաքին լեգիտիմություն է ստանում՝ ներկայացնելով Հայաստանը որպես նույն «ճամբարի» զոհ։ Ի դեպ՝ ամենահետաքրքիր և միաժամանակ ամենախնդրահարույց հատվածը սա չէ, այլ այն, որ եթե «հիբրիդային պատերազմը» բնորոշվում է որպես պետությունը ներսից թուլացում՝ տեղեկատվական մանիպուլյացիաների, հասարակության բևեռացման և ինստիտուցիոնալ վստահության քայքայման միջոցով, ապա առաջանում է տրամաբանական հակասություն․ արդյոք հենց Փաշինայի իշխանությունն ինքն այդ գործիքակազմը չի կիրառել վերջին տարիներին։ Եթե հետ հայացք ենք գցում Փաշինյանի իշխանության ողջ ընթացքում նրա կողմից իրականացրած քայլերն ամբողջովին իր նշած «հիբրիդային» տիրույթից են։ 2018-ից հետո քաղաքական դիսկուրսը կառուցվեց «սևերի և սպիտակների» պարզունակ, բայց արդյունավետ բաժանման վրա, որը խորացրեց հասարակական ճեղքերը։ Տեղեկատվական դաշտը դարձավ վերահսկվող և մանիպուլյատիվ՝ օրակարգերի ընտրովի ձևավորմամբ։ Պարբերաբար կիրառվեցին իրավական և քաղաքական ճնշման մեխանիզմներ, որոնք խարխլեցին ինստիտուտների նկատմամբ վստահությունը։ Եկեղեցու, բանակի, դիվանագիտական համակարգի նկատմամբ իրականացված հարձակումները նույնպես տեղավորվում են նույն տրամաբանության մեջ՝ հեղինակազրկել այն հիմնասյուները, որոնց վրա պահվում է պետությունը։ Արդյունքում ստացվում է պարադոքսալ իրավիճակ․ իշխանությունը մի կողմից հայտարարում է, թե Հայաստանը գտնվում է «հիբրիդային պատերազմի» թիրախում, իսկ մյուս կողմից իր վարած քաղաքականությամբ ստեղծում է նույն այդ պատերազմի համար առավել խոցելի միջավայր»։