Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Մեկ տարի առաջ Ադրբեջանի ներկայացրած պահանջների զգալի մասն արդեն կատարված է». Արա Պապյան

«Մեկ տարի առաջ Ադրբեջանի ներկայացրած պահանջների զգալի մասն արդեն կատարված է». Արա Պապյան
82
Այսօր, 02:06

Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատրանքների և իրականության միջև․
Մեկ տարի անց - Ադրբեջանի պահանջները՝ կետ առ կետ
Երբ անցյալ տարի այս օրերին ՔՊ-ական իշխանությունները որպես «հաղթանակ» ներկայացրեցին ադրբեջանական կողմի առաջ քաշած բոլոր 17 կետերի ընդունումը, դեռ այն ժամանակ պարզ էր, որ դրանով պահանջները չեն ավարտվելու։ Եվ ինչպես կանխատեսելի էր, Ադրբեջանը շատ կարճ ժամանակ անց՝ թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական մակարդակներով, առաջ քաշեց նոր պահանջներ։
Ստորև ներկայացնում ենք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» մեկ տարի առաջվա հայտարարությունը՝ իր հին և նոր պահանջներով։ Թող որևէ մեկին չմոլորեցնի այն հանգամանքը, թե իբր այդ կառույցը անկախ կազմակերպություն է։ Նման բան գոյություն չունի։ Այդ կառույցը ստեղծվել է Ալիևի կողմից, ֆինանսավորվում է Ալիևի կողմից, ղեկավարվում է Ալիևի կողմից և բարձրաձայնում է բացառապես Ալիևի քաղաքական ծրագրերն ու պահանջները։
Այժմ կետ առ կետ դիտարկենք մեկ տարի առաջ Ադրբեջանի ներկայացրած պահանջները և տեսնենք, թե դրանց իրականացումն ինչ փուլում է։
Հայաստանը պետք է՝
1. Ստեղծի պայմաններ ադրբեջանցիների՝ իրենց տները «անվտանգ և արժանապատիվ» կերպով վերադառնալու համար։
Այս ուղղությամբ առայժմ իրականացվում է տեղեկատվական և հոգեբանական դաշտի նախապատրաստում։
2. Ի կատար ածի իր հանձնառությունները՝ ապահովելու անխափան տարանցումը։
Այս հարցի de jure լուծումն արդեն տրված է․ ՀՀ-ն ստորագրել է TRIPP-ի փաստաթուղթը, որը նախատեսում է Ադրբեջանի համար անխափան անցում ՀՀ տարածքով։
3. Իր Սահմանադրությունից և օրենսդրությունից հանի Ադրբեջանի նկատմամբ տարածքային որևէ ակնարկ կամ պահանջ։
Գործընթացը մեկնարկել է․ Սահմանադրության համապատասխան փոփոխությունների նախագիծը պատրաստ է։
4. Դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։
Կատարված է։
5. Ճանաչի իր պատասխանատվությունը՝ ադրբեջանական տարածքների «բռնազավթման» և պատճառված վնասների համար։
Այս ուղղությամբ իրականացվում է հասարակության տեղեկատվական և հոգեբանական նախապատրաստում։
6. Ճանաչի իր պատասխանատվությունը ադրբեջանցիների նկատմամբ բռնությունների համար և վճարի հատուցում։
Այս հարցի համար նույնպես նախապատրաստվում է տեղեկատվական և հոգեբանական դաշտը։
7. Ցրի իր տարածքում գործող ինքնահռչակ վարչախմբի բոլոր կառույցները։
Կատարված է։
8. Վերջ տա «ռազմական հանցագործների» հերոսացմանը։
Կատարված է։
9. Դադարեցնի վերազինման ծրագիրը և վերադարձնի բոլոր զենքերը։
Մասնակի կատարված է։
Եզրակացություն
Այսպիսով, մեկ տարի առաջ ներկայացված պահանջների զգալի մասը արդեն կատարված է, մյուս մասի ուղղությամբ իրականացվում են քայլեր, իսկ մնացածի համար նախապատրաստվում է հասարակական կարծիքը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի պահանջները ոչ միայն չեն նվազում, այլ յուրաքանչյուր կատարված պահանջից հետո առաջ են քաշվում նորերը։
Սա պետք է հստակ հասկանալ․ Ադրբեջանի նպատակը խաղաղությունը չէ, այլ փուլ առ փուլ նոր զիջումների կորզումը, Հայաստանի հնարավորությունների սահմանափակումը և վերջնականապես հայկական պետականության վերացումը։
Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ միակողմանի զիջումները երբեք չեն հանգեցնում խաղաղության․ դրանք միայն ծնում են նոր պահանջներ։ Իսկ նոր պահանջները, իրենց հերթին, բերում են նոր զիջումների շղթայի։
Հետևաբար, հարցը վաղուց այլևս առանձին կետերի կամ առանձին փաստաթղթերի մասին չէ։ Հարցը շատ ավելի մեծ է՝ խոսքը վերաբերում է Հայաստանի ապագային, հայոց պետականության և հայ ժողովրդի անվտանգությանը։
Եվ սա այն հարցն է, որի վերաբերյալ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա հստակ դիրքորոշում»:

Աղբյուրը`   Արա Պապյան