«Ասում են՝ արցախցիներն ապրում են ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին․ ստիպված եմ խոսել թվերով»․ Էրիկ Բեգլարյան
237
Այսօր, 17:24
Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ ջան, արի, էլի բան կա խոսալու։ Լսի՛ր, Նիկոլ, քեզ պաշտպանող հասարակությունն ամեն անգամ հայտարարում է, թե իբր արցախցիները Հայաստանում ապրում են իրենց՝ ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին։ Ճիշտն ասած, ես երբեք չեմ ցանկացել մտնել նման հաշվարկների ու թվերի մեջ, որովհետև սա ոչ թե միայն թվերի, այլ նաև մարդկային ճակատագրերի հարց է։ Բայց հիմա, ցավոք, ստիպված եմ խոսել հենց թվերով, որպեսզի ամեն ինչ պարզ լինի բոլորի համար։ Այս պահին ՀՀ-ում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից մոտ 50 000 արցախցի ստանում է ամսական 30 000 դրամ աջակցություն, որի ընդհանուր գումարը կազմում է մոտ 1 500 000 000 դրամ։ Միևնույն ժամանակ, Արցախից բռնի տեղահանված և այսօր Հայաստանում աշխատող արցախցիների թիվը կազմում է մոտ 30 000 մարդ։ Եթե հաշվի առնենք, որ միջին աշխատավարձը կազմում է շուրջ 304 000 ՀՀ դրամ, ապա մեկ աշխատող անձը միայն հարկերի տեսքով վճարում է մոտ 80 000 դրամ։ Այս հաշվարկով ստացվում է, որ արցախցիների կողմից վճարվող հարկերի ընդհանուր գումարը կազմում է մոտ 2 400 000 000 դրամ։ (պրոֆեցիտը կազմում է 900 000 000 ՀՀ դրամ, որին դեռ կանրադառնամ) Այսինքն՝ շատ պարզ թվաբանությամբ անգամ ակնհայտ է դառնում, որ արցախցիները չեն ապրում որևէ մեկի հաշվին։ Ընդհակառակը՝ նրանք իրենց աշխատանքով, վճարած հարկերով և մասնակցությամբ նպաստում են Հայաստանի տնտեսությանը։ Նիկոլ ջան, ցանկալի կլինի, որ հենց դու հրապարակես այս թվերը, որպեսզի ՀՀ մեր քույրերն ու եղբայրները հանգիստ քնեն և հստակ իմանան, որ արցախցիներն իրենց հաշվին չեն ապրում ՀՀ տարածքում։ Ավելին, ցանկալի է նաև նշել, որ տրամադրվող այդ աջակցության գումարները գրեթե ամբողջությամբ կրկին վերադառնում են ՀՀ քաղաքացիներին՝ բնակարանի վարձի տեսքով։ Շատ դեպքերում արցախցիները նույնիսկ իրենց ստացած աջակցության կրկնապատիկն են ավելացնում և վճարում տան վարձ, որպեսզի կարողանան պարզապես ապրել ու ընտանիքը պահել։ Եվ այս ամենը այն պայմաններում, երբ դու պետք է լինեիր արցախցիների անվտանգության երաշխավորը, այլ ոչ թե նրանցից օգուտ ստացողը։ Իմիջիայլոց, եթե չգիտես, դա էլ ասեմ, Նիկոլ ջան․ արցախցի երեխաները չեն ստանում ՀՀ քաղաքացիություն ունեցող մինչև 6 տարեկան երեխաների համար նախատեսված 50 000 դրամ նպաստը միայն այն պատճառով, որ նրանք արցախցի են և բռնի տեղահանված։ Սա շատ խտրական մոտեցում է, և հետո չասես, թե չգիտեիր։ P.S. Հիմա իմ մոտ ողջամիտ հարց է առաջանում․ արդյո՞ք վերջում կարող է պարզվի, որ այդ սերտիֆիկատներն տրամադրվում են այն պրոֆեցիտ կազմող 900 000 000 ՀՀ դրամից, որը ամսական հավաքվում է հենց արցախցիներից՝ հարկերի տեսքով, և նրանց համար ուղարկվող գումարներից։ Եթե այդպես է, ապա փաստորեն ստացվում է, որ ՀՀ կառավարությունը ոչ թե տրամադրում է աջակցություն, այլև առնվազն մասամբ եկամուտ է ստանում հենց արցախցիներից։ Սա բավականին մտահոգիչ է և արժե ուշադրություն դարձնել։ Իմ մտահոգությունը իրականությանը համապատասխանելու դեպքում, շատ ամոթ է այն երկրի ղեկավարների համար, որոնք հանդիսանում են արցախցիների անվտանգության երաշխավորը, բայց իրականում վարում են նման ստրկատիրական քաղաքականություն իրենց սեփական, վտանգի տակ մնացած ժողովրդի հանդեպ»։