Կիրակի, 12 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ստացվում է՝ ընտրողը ստիպված է գնահատել ոչ թե ներկայացված ծրագրերը, այլ պատերազմի սկսման ռիսկերն ու ժամկետները». Գարիկ Քեռյան

«Ստացվում է՝ ընտրողը ստիպված է գնահատել ոչ թե ներկայացված ծրագրերը, այլ պատերազմի սկսման ռիսկերն ու ժամկետները». Գարիկ Քեռյան
95
Այսօր, 15:06

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր ապրիլի 12-ն է: Եթե գումարենք հունիսի առաջին շաբաթը, կստացվի, որ ընտրությունների օրվանից մեզ բաժանում է մեկ ու կես ամսից մի քիչ ավելի: Բայց ընտրապայքարը ուղիղ վերելքով արագ ակտիվանում է: Ինչ կարելի է ասել այսօրվա դրությամբ կամ ինչ իրողություններ են ի հայտ եկել որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա: Առաջին - ընդդիմադիր բևեռում միավորում չստացվեց: Այս հանգամանքը բավականին նպաստավոր է իշխանության համար: Գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը տիրապետում են նյութական և մարդկային բավարար ռեսուրսների, ունեն կապեր և ազդեցության գործիքներ ինչպես երկրի ներսում այնպես էլ դրսում: Երեք ուժերի միավորումը եռակի անգամ կմեծացներ հաղթանակի հնարավորությունները: Երկրորդ - փորձագիտական մասնագիտական հանրության կանխատեսումը առ այն, որ այս պահին ունենք հիսուն տոկոսից ավելին չկողմնորոշված, պասիվ և ապաքաղաքականացված ընտրազանգված, որն իրեն դուրս է դրել բոլոր ներքաղաքական գործընթացներից, կարծես թե հաստատվում է. սոցիոլոգիական հարցումներում ևս այս իրողությունը երևում է: Եթե այսպես շարունակվի, կստացվի, որ հիսուն տոկոս մասնակցության դեպքում հաղթած ուժը փաստացիորեն իշխանության է գալու ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդի կողմ քվեով, որովհետև այդ հիսուն տոկոսը բաժանվելու է չորս ուժերի միջև (իշխանություն և գումարած երեք ընդդիմադիր դաշինքներ): Եթե հիշում եք, այս նույնը տեղի ունեցավ նաև Երևանի վերջին ընտրությունների ժամանակ: Այս դեպքում հունիսի 7-ին ընտրված ուժը լեգիտիմության խնդիր է ունենալու: Երրորդ - իշխանությունն ու ընդդիմությունը ի ցույց են դնում իրենց արտաքին քաղաքական վեկտորը: Դրանում ոչ մի վատ բան չկա, դա արդարացված և ընդունված է բոլոր երկրներում, հատկապես փոքր պետություններում: Սակայն հիմնավորումները քաղաքացիների մոտ հարցեր են ծնում: Եթե եվրոինտեգրում եք գնում, ինչպես եք լուծելու էներգետիկ, կոմունիկացիոն և տնտեսական խնդիրները: Չորրորդ - ընտրապայքարի մեջ ներգրավված ուժերը, հատկապես Քաղաքացիական պայմանագիրը առայժմ շեշտադրում են պատերազմ, թե՞ խաղաղություն հարցադրման վրա: Ստացվում է այպես, որ ընտրողը ստիպված է գնահատել ոչ թե ներկայացված ծրագրերը և իրականացման հնարավորությունները, այլ պատերազմի սկսման ռիսկերն ու ժամկետները: Հինգերորդ - իշխանությունն ու ինստիտուցիոնալ ընդդիմությունն իրենց խոսույթում խուսափում են հաշվետվությունից: Ընտրողը ցանկանում է գնահատել նրանց աշխատանքը նախորդ հինգ տարիների ընթացքում: Առաջիկա մեկ ամսում կոչ եմ անում կենտրոնանալ հաշվետվության վրա: Վեցերորդ - չորս քաղաքական ուժերն էլ ունեն խարիզմատիկ բնույթ, հենված են մեծամասամբ Փաշինյանի, Կարապետյանի, Քոչարյանի և Ծառուկյանի անհատական հեղինակության/խարիզմայի վրա: Իհարկե սա չեմ նշում որպես բացասական իրողություն, նորմալ է, մյուս երկրներում էլ սա տարածված իրողություն է: Բայց մեր շատ համաքաղաքացիներ կցանկանային տեսնել նաև սկզբունքային գաղափարական տարբերություններ Հայաստանի ապագա տարածաշրջանային կարգավիճակի, տնտեսակարգի, պետության դերի, տնտեսական/նյութական ռեսուրսների բաշխման սկզբունքների, ներդրումների, ժողովրդագրական փոփոխությունների կառավարելիության մեխանիզմների և Ադրբեջանի հետ հարաբերությունների կառուցման իրական հնարավորությունների մասին: Այս կարևորը թողած մենք ականատեսն ենք առաջնորդների անձը թերագնահատելուն միտված գործողությունների մրցավազքի»:

Աղբյուրը`   Գարիկ Քեռյան