«ՔՊ-ի հակազգային և հակապետական քաղաքականությունը մեծ աղետ է դարձել ՀՀ-ի և Արցախի համար»․ «Զարթոնք»
146
Այսօր, 19:48
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության (այսուհետ՝ Զարթոնք) գործադիր մարմինը տեղեկացնում է, որ կուսակցությունը Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին չի մասնակցելու՝ հաշվի առնելով քաղաքական առկա իրավիճակը և ընդդիմադիր ուժերի դասավորվածությունը: Զարթոնքը գտնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հակազգային և հակապետական քաղաքականությունը մեծ աղետ է դարձել Հայաստանի և Արցախի համար: Նվաստացուցիչ կեցվածքով վարած բանակցություններով և միակողմանի զիջումներով իշխող ուժն ավելի է գրգռել թշնամու հավակնությունները և պատերազմի մեծ ռիսկեր է առաջացրել: Իր ծրագրի մեջ ներառելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին միջամտելու հակաբարոյական դրույթները ՔՊ կուսակցությունը դրսևորել է հակասահմանադրական (հակաօրինական) վարքագիծ: Այս պայմաններում, Զարթոնքը կոչ է անում կուսակցության անդամներին և Հայաստանի զարթոնքը կամեցող հայրենակիցներին՝ Ա. ձեռնպահ մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կամ նրա հետ փոխկապակցված կուսակցություններին ընտրելուց. Բ. Ընտրել ընդդիմադիր կեցվածք ունեցող այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ղեկավարվելու է հետևյալ սկզբունքային դրույթներով՝ 1) Հայաստանի պետականության (ինքնիշխանության) պահպանում. 2) Արցախի ժողովրդի խախտված իրավունքների վերականգնում. 3) Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման սատարում. 4) Հայոց բանակի հզորացում. 5) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության արժևորում և ինքնավարության ապահովում. 6) Ազգային արժեքների պահպանում. 7) Կոռուպցիայի վերացման իրական քայլերի իրականացում: Մեր հայրենիքի անվտանգության և զարգացման ապահովումը բխում է քրիստոնեական արժեքների, այդ թվում՝ բարոյականության և ազգային արժեհամակարգերի պահպանման գիտակցությունից և գործուն քայլերից: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության Գործադիր մարմին