Հին Կապանում հայտնաբերվել է իշխանական գավազանի բրոնզե գլխիկ

Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հին Կապան հնավայրում իրականացվող հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական գավազանի բրոնզե գլխիկ։ Այն գտնվել է արքայանիստ միջնաբերդի արքունական ընդունելությունների դահլիճի սալահատակի տակից և փոխանցվել Կապանի երկրագիտական թանգարանին։
Գտածոն կարևոր է միջնադարյան Կապանի արքունական կյանքի և իշխանական խորհրդանիշների ուսումնասիրության տեսանկյունից։ Գավազանը միջնադարում իշխանության, բարձր դիրքի և հեղինակության խորհրդանիշներից էր։ Այն օգտագործվել է թագավորական ու իշխանական հանդիսությունների, պաշտոնական ընդունելությունների և տարբեր արարողությունների ժամանակ։ Գավազանի մետաղյա գլխիկները հաճախ ունեցել են նաև զարդաքանդակային ու խորհրդանշական ձևավորում։
Հին Կապանում հնագիտական աշխատանքները նոր փուլ են մտել 2024 թվականից։ Պեղումներն իրականացվում են Ողջի գետի աջ ափին՝ պատմական միջնաբերդի և արքունական համալիրի տարածքում։
Նախորդ պեղումների ընթացքում բացահայտվել են վաղմիջնադարյան եռանավ բազիլիկ եկեղեցի, արքայական բնակելի սենյակներ, ընդունելությունների դահլիճ և ձիթհան։ 2026 թվականի աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է նաև սրբատաշ քարերով կառուցված կրակարան-հնոց, որը, հնագետների նախնական վարկածով, կարող էր ծառայել բաղնիքի ջուրը տաքացնելու համար։
Բացի գավազանի գլխիկից, պեղումների ընթացքում գտնվել են մագաղաթյա մատյանի կազմի բրոնզե զարդաքանդակված անկյունակալի և փակիչի մասեր, երկու մետաղադրամ, ապակու բեկորներ, երկաթյա մեխեր ու կավե անոթների հատվածներ։ Այս առարկաները տեղեկություններ են հաղորդում քաղաքի մշակութային, տնտեսական և կենցաղային կյանքի մասին։
Հիշեցնենք, որ 987 թվականին Սյունիքի թագավորության կազմավորումից հետո Կապանը դարձել է նրա մայրաքաղաքը և տարածաշրջանի կարևոր քաղաքական ու մշակութային կենտրոնը։
Հին Կապանում շարունակվող պեղումները հնարավորություն են տալիս նոր նյութերով համալրելու Սյունիքի միջնադարյան պատմությունը։ Իշխանական գավազանի գլխիկի հայտնաբերումը ևս մեկ կարևոր վկայություն է քաղաքի արքունական անցյալի և պատմական նշանակության ուսումնասիրության համար։

Հին Կապանում հայտնաբերվել է իշխանական գավազանի բրոնզե գլխիկ (լուսանկար)
3823:30
Աֆրիկյան եղբայրներ․ հայ բարերարներ, որոնք իրենց հետքն են թողել Երևանի պատմության մեջ (լուսանկար)
5223:12
«Արցախ» կամերային նվագախումբը հայտարարություն է տարածել
10319:54
Կատարվեց քահանայական ձեռնադրություն (լուսանկար)
8719:00
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ
194Երեկ, 23:24
Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել է գրեթե չորս հազար տարվա վաղեմության բրոնզե զարդ (լուսանկար)
76619.11.2026, 23:43
Յուրի Պետրոսյանի 85-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղու տարբեր փուլերը (լուսանկար)
75015.11.2026, 23:54
«Հնագույն Հայաստան»․ Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը
74615.11.2026, 20:54