Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Քահանայական ձեռնադրությունը` եկեղեցու յոթ սուրբ խորհուրդներից մեկը». Սամվել դպիր Գրիգորյան

«Քահանայական ձեռնադրությունը` եկեղեցու յոթ սուրբ խորհուրդներից մեկը». Սամվել դպիր Գրիգորյան
36
Այսօր, 00:24

Սամվել դպիր Գրիգորյանը գրում է. «ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵԿԵՂԵՑՈՒ ՅՈԹ ՍՈՒՐԲ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Քահանայական ձեռնադրությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է, որի միջոցով ձեռնադրվողը, եպիսկոպոսի ձեռնադրությամբ և Սուրբ Հոգու շնորհի ներգործությամբ, կարգվում է քահանայական սրբազան ծառայության։

✝ Քահանայության խորհրդի հիմքը Քրիստոսի կողմից հաստատված առաքելական ծառայությունն է։
Հարությունից հետո Տեր Հիսուս Քրիստոս Իր առաքյալներին ասաց.
«Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում» (?Հովհ. 20։21)։

✝ Այնուհետև նրանց վրա փչեց և ասաց.
«Առե՛ք Սուրբ Հոգին։ Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (?Հովհ. 20։22–23)։

Առաքյալներն իրենց ստացած ծառայությունը շարունակեցին Եկեղեցում՝ ձեռնադրելով և կարգելով նոր սպասավորների։

Պողոս առաքյալը Տիմոթեոսին հիշեցնում է.
«Այդ պատճառով էլ հիշեցնում եմ քեզ, որ վառ պահես Աստծու շնորհը, որ քեզ տրվեց իմ ձեռնադրության միջոցով» (?Բ Տիմ. 1։6)։

Իսկ Տիտոսին պատվիրում է.
«Հենց սրա համար քեզ թողեցի Կրետեում, որպեսզի պակաս բաները շտկես և յուրաքանչյուր քաղաքում երեցներ կարգես, ինչպես որ պատվիրեցի քեզ» (?Տիտոս 1։5)։

Այս աստվածաշնչյան վկայությունների վրա է հիմնվում նաև առաքելական հաջորդականության սկզբունքը։ Եկեղեցու եպիսկոպոսները, հաջորդելով առաքյալներին, պահպանում և փոխանցում են նրանցից ավանդված հավատքը, եկեղեցական կարգն ու սրբազան ծառայությունը։

Հայ Առաքելական Եկեղեցում այս հաջորդականությունը սկիզբ է առնում մեր Եկեղեցու հիմնադիր սուրբ առաքյալներից՝ Թադեոսից և Բարդուղիմեոսից։

Ուստի քահանայական ձեռնադրությունը պարզապես պաշտոնի ստանձնում կամ պատվավոր կոչման շնորհում չէ։ Այն սրբազան խորհուրդ է, որի միջոցով ձեռնադրվողը Սուրբ Հոգու շնորհով մասնակից է դառնում Եկեղեցու առաքելական սպասավորությանը։

Քահանան կոչված է քարոզելու Աստծու Խոսքը, մատուցելու Սուրբ Պատարագ, սպասավորելու Եկեղեցու խորհուրդները և հովվելու իրեն վստահված հավատացյալներին։

Սակայն քահանայությունը նաև մեծագույն պատասխանատվություն է։ Պետրոս առաքյալը հորդորում է.

«Արածեցրե՛ք Աստծու այդ հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծու. ոչ թե շահախնդրությամբ, այլ անձնուրացությամբ. ոչ թե տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին» (?Ա Պետր. 5։2–3)։

Քահանայական ծառայության մեծությունը ոչ թե մարդկանց վրա իշխելու, այլ Քրիստոսին և Նրա Եկեղեցուն անձնվիրաբար ծառայելու մեջ է։

?Թող Տերն Իր առատ շնորհներով զորացնի նորընծա քահանաներին և անսասան պահի նրանց տիրանվեր ու ուխտապահ ծառայության մեջ։ Ամեն:
✝ «Ուրեմն զորացե՛ք Տիրոջով և նրա զորության ուժով» (Եփես. 6։10)»: