Չորեքշաբթի, 17 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ուղղակիորեն լեգիտիմացվում է ադրբեջանական զինված ուժերի ներթափանցումը և 3000 հա տարածքի զավթումը». բաց նամակ

«Ուղղակիորեն լեգիտիմացվում է ադրբեջանական զինված ուժերի ներթափանցումը և 3000 հա տարածքի զավթումը». բաց նամակ
66
Երեկ, 23:39

Անտառագետ, ՇՄ նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «ԲԱՑ ՆԱՄԱԿ
Ում՝
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակին
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությանը (SDC)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը (ՏԿԵՆ)
Պատճենը՝
ՀՀ Կադաստրի կոմիտեին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը
ԵՄ պատվիրակություն Հայաստանում
Գերմանիայի դեսպանատուն
Շվեյցարիայի դեսպանատուն
ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
«ՀՀ վարչատարածքային բարեփոխումների ինտերակտիվ քարտեզում» տեղ գտած կոպիտ անճշտությունների սրբագրման և դրանցից բխող էկոլոգիական աղետի վերաբերյալ
Հարգելի գործընկերներ,
Սույն նամակով բարձրաձայնում եմ ՀՀ ՏԿԵ նախարարության պաշտոնական հարթակում զետեղված «ՀՀ վարչատարածքային բարեփոխումների ինտերակտիվ քարտեզում» (https://www.mtad.am/pages/geo) առկա խնդրահարույց անճշտությունների մասին։ Հաշվի առնելով, որ այս հարթակը մշակվել է GIZ-ի և SDC-ի գործուն աջակցությամբ, գտնում եմ, որ տվյալների սխալ ներկայացումը հարվածում է թե՛ պետական կառույցների, թե՛ միջազգային գործընկերների հեղինակությանը։
1. Քարտեզագրական կոպիտ սխալի փաստագրում.
Կից ներկայացված համեմատական քարտեզում (նկար 1) հստակ երևում է, որ Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում՝ «Շիկահող» պետական արգելոցի տարածքից շուրջ 370-380 հա ինքնիշխան տարածք դուրս է թողնվել ՀՀ պետական սահմանից (նշված է մանուշակագույնով և սլաքներով)։
Այս տարածքը, որը դե-յուրե հանդիսանում է ՀՀ մաս (նաև տես նոր մշակված «Շիկահող» արգելոցի 2026-2030թթ. կառավարման պլանի քարտեզներ) և որը 2020թ. 44-օրյա պատերազմից հետո արդեն մեկ անգամ սրբագրվել ու վերականգնվել էր Կադաստրի կոմիտեի քարտեզներում, ներկայիս ինտերակտիվ հարթակում կրկին պատկերված է սխալ եզրագծով։ Սա ուղղակիորեն լեգիտիմացնում է ադրբեջանական զինված ուժերի ներթափանցումը և հանգեցրել է ավելի քան 3000 հեկտար տարածքի փաստացի զավթմանը կամ կրակային վերահսկողության տակ առնելուն։
2. COP 17 համաժողովի համատեքստը.
Հայաստանը, պատրաստվելով հյուրընկալել Կենսաբազմազանության COP 17 համաժողովը, չի կարող իրեն թույլ տալ պաշտոնական հարթակներում ունենալ նմանօրինակ կոպիտ սխալներ։ Միջազգային հանրությունը պետք է տեղեկացվի Ադրբեջանի կողմից շարունակվող ՀՀ ինքնիշխան տարածքի զավթման փաստի մասին, վերջինս «դուրս է թողնվել» ՀՀ պետական սահմանից, իսկ քարտեզների ճշգրտումը առաջնային քայլ է այդ ճանապարհին։
Առաջարկություն և պահանջ.
ՏԿԵ նախարարությանը.
Անհապաղ վերանայել mtad.am/pages/geo հարթակի տվյալները և ճշգրտել Ներքին Հանդի ու Շիկահողի արգելոցի հատվածում ՀՀ պետական սահմանի եզրագիծը՝ համապատասխանեցնելով այն դե-յուրե իրողություններին, այն է տվյալ հատվածում սահմանագիծը անցել է և անցնում է ռելիեֆի լեռնային ջրբաժանով և այն ենթակա չէ վերանայման, քանի որ կորցնելու ենք Շիկահողի արգելոցի մի զգալի անտառածածկ տարածք։
GIZ-ին և SDC-ին.
Իրականացնել տեխնիկական և բովանդակային աուդիտ Ձեր կողմից աջակցվող ծրագրի նկատմամբ, որպեսզի բացառվի միջազգային դոնորների միջոցներով սխալ տեղեկատվության տարածումը, որը վտանգում է ՀՀ տարածքային ամբողջականությունը և էկոլոգիական անվտանգությունը։
COP 17 օրակարգ.
Ներառել Շիկահողի արգելոցի զավթված տարածքներում անտառների ոչնչացման փաստը միջազգային զեկույցներում՝ որպես կենսաբազմազանության կոնվենցիայի կոպտագույն խախտում։
Կից ներկայացնում եմ քարտեզագրական ապացույցներ.
1. Նկար 1
2. «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ… 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ նախագիծը և հավելված 2 ( https://e-draft.am/projects/9147/about )
Ակնկալում եմ հետևողական քայլեր և պաշտոնական պարզաբանում սույն հարցի վերաբերյալ։
Հարգանքով՝
Այսեր Ղազարյան
16.06.2026թ.»: