Կիրակի, 21 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Դատարանը մերժել է «Հանրային ռադիո»-ի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի հայցն ընդդեմ ՀՀԽ-ի

Դատարանը մերժել է «Հանրային ռադիո»-ի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի հայցն ընդդեմ ՀՀԽ-ի
54
Այսօր, 21:48

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Մալվինա Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի հայցն ընդդեմ Հանրային Հեռարձակողի Խորհրդի: Այս մասին «Առավոտ»-ին ասել է Գարեգին Խումարյանը:

Հիշեցնենք, որ Խումարյանը պահանջում էր 29.07.2024 թվականին Հայաստանի Հանրային հեռարձակողի խորհրդի նիստի շրջանակներում Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով անցկացված մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը ճանաչել ոչ իրավաչափ: «Դեռ փաստաբանների խմբի հետ չենք հանդիպել այս հարցերի շուրջ, դժվարանում եմ որոշում հայտնել այս պահին, մերժման հիմքերին ծանոթ եմ, բայց չեմ ուզում այս պահին գնահատական տալ, որովհետեւ առանձնապես կոմպետենտ չի լինի ասածս»,- Aravot.am-ին ասաց Խումարյանը՝ չբացառելով, որ այնուամենայնիվ կբողոքարկի առաջին ատյանի դատարանի որոշումը:

Անդրադառնալով նախորդ տարի իրեն առաջադրված մեղադրանքին՝ կեղծ դատավարական փաստաթղթեր կազմելու վերաբերյալ, ասաց, որ մեղադրանքը չի ընդունում, բացարձակապես անհիմն մեղադրանք է, դատաքննության փուլում է. «Այդ քրեական գործը ուղիղ շարունակությունն է Հանրային հեռարձակողի խորհրդի դեմ իմ հայցին»: