Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Եթե սկսում եք մեքենաները պակասեցնելուց, ապա՝ առաջինը ձեզանից». Հակոբ Բադալյան

«Եթե սկսում եք մեքենաները պակասեցնելուց, ապա՝ առաջինը ձեզանից». Հակոբ Բադալյան
31
Այսօր, 10:30

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեւանի քաղաքապետը հայտարարում է, թե գլխավոր խնդիրը մեքենաների քանակն է եւ դա պետք է նվազեցնել։
Օրինակ, որ պետք է ավելացնել ճանապարհները, դա չի քննարկվում։ Դե, դա պահանջում է ավելի ստեղծարար եւ կառուցողական ջանք, իսկ դա ավելի դժվար է։ Ավելի հեշտ է թուղթ ու գրիչով նստել ու գիծ քաշել մեքենաների վրա, սահմանել օրինակ «համբալների» կատեգորիաներ՝ անունը դնելով իհարկե «եվրաստանդարտներ», ու գնալ առաջ։
Այո, քաղաքում մեքենաների թիվն ավելացել է էապես։ Իսկ ավելացե՞լ են արդյոք այդ մեքենաներին սպասարկող ենթակառուցվածքները։ Բացարձակապես։ Խոսքն իհարկե փողոցների ասֆալտաջուր նորոգումների մասին կամ մի երկու նեղային փողոց իբրեւ թե «բեռնաթափողի» անվան տակ անիմաստ նորոգելու մասին չէ։
Խոսքը հիմնարար ճանապարհային ենթակառուցվածքի մասին է։ Փոխարենը, գոյություն ունեցող սուղ ճանապարհների որակն էլ տարեցտարի դառնում է խայտառակ։
Կամ, պետք է լուծենք ավտոբուսների ազատ երթեւեկելի ամբողջական երթուղու հարց, ասում է նա։
Մինչ այդ հարցը լուծելը, նախ լուծեք ավտոբուսների բավարար քանակի հարց, որ մարդիկ առավոտյան աշխատանքի գնալիս ավտոբուսում տեղի համար մարտերում չստանան հոգեկան կամ նյարդային այլ հիվանդություններ։ Ինչ տարբերություն՝ ավտոբուսը ազատ է հասնում տեղ, թե խցանումով, եթե մարդիկ տեղ չեն գտնում ավտոբուսում, կամ ստիպված են տեղի համար պայքարում հաղթահարել նույնիսկ բարոյական որոշակի նորմեր, եթե չեն ուզում մինչեւ աշխատանքային օրվա ավարտը մնալ կանգառում։
Այլապես, կարելի է անգիրի նման կրկնել՝ մեքենաներն ավելացել են, պետք է պակասեցնել։
Իսկ, եթե այդուհանդերձ սկսում եք մեքենաները պակասեցնելուց, ապա՝ առաջինը ձեզանից, պարոնայք։ Չգիտեմ, թե ինչ բարձր եվրաստանդարտների են ձեր մեքենաները, բայց այստեղ հարցը մարդկային ու բարոյական ստանդարտն է՝ սկսո՞ւմ եք պակասեցնել, ուրեմն սկսեք ձեզանից, կանգնեք կանգառներում, նստեք ձեր ավտոբուսները, գնացեք ձեր աշխատավայր, հետո սահմանափակեք մյուս քաղաքացիների մեքենա վարելու հնարավորությունը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան