Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Չի բացառվում, որ այս ցուցանմուշը վարպետորեն արված պատճեն է»․ Հայկ Դեմոյան

«Չի բացառվում, որ այս ցուցանմուշը վարպետորեն արված պատճեն է»․ Հայկ Դեմոյան
46
Այսօր, 18:24

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱՑՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն հաղորդումը կազմված է երկու առանցքային մեղադրանքների վրա, որոնք ունեն գիտական-ակադեմիական և քրեաիրավական հիմքեր։
Հիմնական պնդումը հետևյալն է. ՀՀ կառավարությունն ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, առանց հիմնավոր ուսումնասիրության և գիտական փորձաքննության, պետական պահուստային խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել են վիճելի ու ոչնչով չհիմնավորված գնում՝ միջազգային աճուրդից ձեռք բերված իրը ներկայացնելով որպես հայկական մշակութային ժառանգության նմուշ:
Նախապատմություն
2025 թվականի դեկտեմբերին մի քանի ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաններ հայտարարություններ տեղադրեցին իրենց ֆեյսբուքյան էջերում, ազդարարելով, որ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից 175 միլիոն 360 հազար դրամ է հատկացվել (մոտ 550 հազար ԱՄՆ դոլար): Մասնավորապես, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, 2025 թվականի դեկտեմբերի 19-ին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց անհայտ ծագման դռան փեղկի լուսանկարը, դրան կցելով հետևյալ տեքստը. «Միջնադարյան հայկական փայտագործության այս եզակի նմուշը՝ 12-րդ դարի հայկական եկեղեցու դռան փեղկը, կառավարության այսօրվա որոշմամբ կգնվի Լոնդոնի միջազգային աճուրդից և կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան»։ Համանման հայտարարություններ տարածեցին ԿԳՄՍ նախարարությունն ու նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ակնհայտ էր, որ պետական պահուստային միջոցներից ահռելի գումարների դիմաց այս կասկածելի ցուցանմուշի գնումն ուղիղ կապ ուներ 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ և նպատակ ուներ այսպիսի ձեռքբերումը ծառայեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին և Նիկոլ Փաշինյանի վարկանիշի բարձրացմանը:
Հետաքննչական ու քրեաիրավական հիմքեր
Խիստ վիճելի և ծագումնաբանության առումով կասկածելի այս ցուցանմուշին վճարված գումարը չի արտահայտում միջազգային աճուրդներում համանման ցուցանմուշների աճուրդային գները և խիստ ուռճացված է առնվազն տասնապատիկ անգամ։ Այս պարագայում, պետք է ենթադրել, որ ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել հանցավոր համաձայնություն աճուրդ իրականացնող կողմի հետ՝ խոշոր գումար աշխատելու և գումարի զգալի մասը գնող կողմին վերադարձնելու նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիմքով։
Հետաքննող մարմինները պետք է պարզեն, թե արդյո՞ք այստեղ գործ ունենք հնաոճ իրերի սև շուկայի մեջ ներքաշված պետական պաշտոնյաների հետ, երբ վերջիններս հանցավոր համաձայնության գալով հնաոճ իրերի վաճառքով զբաղվող և շուկան վերահսկող գործակալների հետ, գործարք են կնքում խիստ թանկ գնով հնաոճ իր ձեռքբերելու և իրացնելու համար: Արդյունքում մեծ վնաս է հասցվել ահռելի չափերի արտաքին պետական պարտք ունեցող ՀՀ պետական բյուջեին:
Պատկերացրեք այսպիսի մի սխեմա. պայմանավորվածություն է ձեռք բերվում ինչ-որ միջազգային, ոչ առաջնային կարգի աճուրդի հետ, վերջինիս վաճառքի կատալոգում շատ բարձր գնով ցուցանմուշ կամ ձեռագիր մատյան զետեղելու և այն փոխշահավետ պայմանով ձեռք բերելու համար: Ապա իրի լուսանկարն ու գինը որոշ ժամանակով տեղադրելուց հետո այն հեռացվում է վաճառքից: Հաջորդիվ մշակույթի ու արժեքների հանդեպ «սրտացավ» պետական պաշտոնյաներն ի լուր աշխարհր հայտնում են, որ խնդրել են այս կամ այն ցուցանմուշը հանել աճուրդից՝ դրանք ֆիքսված գնով ձեռք բերելու համար:
Վերջին տարիներին նույն բովանդակությամբ հայտարարությունների հիմքով միևնույն աղբյուրից աճուրդային գնումներ են իրականացվել մի քանի անգամ:
Հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ ձեռք բերված ցուցանմուշի գինը աստղաբաշխական է և չի համապատասխանում իրականությանը: ՈՒՂՂԱԿԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ այսպիսի գնով հենց այս կատեգորիայի ցուցանմուշ, այն էլ վիճելի ինքնությամբ ու ծագումնաբանությամբ: Ի դեպ, խնդրահարույց դռան փեղկը լոնդոնյան SAM FOGG աճուրդում վաճառքի է եղել առնվազն 20 տարի, հաշվի առնելով 2000-ականներին տպագրված կատալոգը, ուստի սրտաճմլիկ պատմություններն աճուրդից հանելու վերաբերյալ բանից անտեղյակ լսարանի համար է:
Վերջին 25 տարիների ընթացքում հետևում եմ բազմաթիվ միջազգային աճուրդներում վաճառվող ցուցանմուշների գներին, պարբերաբար ստանում եմ կատալոգներ հեղինակավոր աճուրդներից և պետք է խոստովանեմ, որ թերի, այսինքն՝ ոչ ամբողջական հնաոճ այսպիսի իրի համար 175 մլն 360 հազար դրամ հատկացնելը կատարյալ աբսուրդի ժանրից է: Ավելին, դա ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է: Համեմատության համար նշենք, որ 20 տարի առաջ տասնապատիկ անգամ էժան գնով՝ 50 հազար ԱՄՆ դոլարով, աճուրդում վաճառվել էր Մշո Սուրբ Կարապետ վանքի երկու փեղկերով ամբողջական ու լավ պահպանված դուռը՝ ՀԱՅԵՐԵՆ արձանագրությամբ ու ստույգ թվագրմամբ:
Գիտահետազոտական ու փորձաքննական հիմքեր
Այժմ փորձենք պարզ տրամաբանությամբ վերլուծենք, թե ինչ վիճելի ու կասկածելի դրվագներ կան կառավարության կողմից հարկատուների գումարների հաշվին ձեռք բերված այս իրի կապակցությամբ.
• Իրի հայկականությունը
100 տոկոսով պնդել, որ ձեռք բերված դռան փեղկը «հայկական» է՝ ոչ միայն սխալ է: այլև տգիտության դրսևորում է: Այդպիսի պնդման հիմք կարող է լինել միմիայն հայատառ արձանագրության առկայությունը: Մեզ հասած շուրջ մեկ տասնյակ միջնադարյան և ուշ միջնադարյան հայկական եկեղեցական ԲՈԼՈՐ դռներն ունեն հայերեն արձանագրություններ՝ հստակ թվագրմամբ, պատվիրատուի ու վարպետի անունների հիշատակմամբ: Խնդրո առարկա դռան փեղկն այդպիսի արձանագրություն չունի, հետևաբար իրի հայկական լինելու պնդումը, մեղմ ասած, վիճելի է, քանզի այն հիմնված է միմիայն ԵՆԹԱԴՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ: Նույն ենթադրությամբ այն կարելի է համարել ասորական, ղպտիական կամ այլ մշակույթի պատկանող նմուշ:
• Իրի թվագրումը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանը իր հանրային ելույթներում հայտարարեց, որ, որ ձեռք բերված ցուցանմուշը «Բագրատունյաց շրջանի» է և նույնիսկ նշեց ստույգ թվագրումը՝ 1188 թվական, հղում տալով «ռադիոածխածնային հետազոտությանը»: Իրականում խոսքը, ոչ թե «ռադիոածխածնային հետազոտության», այլ մեթոդի կիրառմամբ մասին է: Նույնիսկ օրգանական ծագում ունեցող փայտանյութի պարագայում ռադիոածխածնային մեթոդի կիրառմամբ հնարավոր չէ հստակ թվական նշել: Քսան տարի առաջ SAM FOGG աճուրդի հրատարակած կատալոգում հիշատակվում է, որ այդ մեթոդի կիրառման արդյունքում փեղկը թվագրվել է 12-րդ դարով: Մինչ օրս հրապարակված չէ այդ փաստաթղթի բովանդակությունը: Ավելորդ չի նշել, որ մտածածին 1188 թվականի հիշատակումը և այն «Բագրատունյաց» շրջանի հետ կապելը, Հայոց պատմության դպրոցական մակարդակի դասագրքային նյութին չտիրապետելու ակնհայտ դրսևորում է:
• Բովանդակության վերլուծություն
Պարզ զննման ու վերլուծության արդյունքում, պարզ է դառնում, որ իրի վրա պատկերված են երեք կապիկներ կամ շներ՝ ըստ որում մեկը նստած է ընկույզներ հիշեցնող կույտի վրա: Դռան փեղկի վրա դրվագված տեսարանները հիմնականում աշխարհիկ են, իսկ խաչի հորինվածքը բնորոշ չէ հայկական միջնադարյան խաչերին: Այն նույն հաջողությամբ կարող է լինել նաև աշխարհիկ շինության դուռ: Չի բացառվում, որ այս ցուցանմուշը վարպետորեն արված պատճեն է, իսկ կեղծարարները հատուկ դիտավորությամբ հայերեն որևէ արձանագրություն չեն թողել՝ բացահայտումից խուսափելու համար:
• Իրի աշխարհագրությունը
Այն պնդումները, թե իբր դռան փեղկը ծագում է Սյունիքի վանական համալիրներից, որևէ ապացուցողական հիմք չունի: Դա զավեշտալի ու անհիմն ենթադրություն է՝ հայերեն որևէ արձանագրության բացակայության պայմաններում: Ինչպե՞ս և ինչու՞ շուրջ 50 կգ կշռող դռան փեղկը լեռնային կածաններով պետք է հասցնեին Մերձավոր Արևելք մեկ այլ հարց է, որին չեն ցանկացել անդրադառնալ պետական միջոցները գիտակցաբար փոշիացրած ՀՀ պետական պաշտոնյաները:
Ամփոփելով նշենք, որ այս դռան հայկականության վերաբերյալ չկա որևէ լուրջ և հիմնավոր գիտահետազոտական աշխատանք: Վերոնշյալ աճուրդի հրատարակած կատալոգում իրը բնութագրող կես էջանոց բացատրագիրը գիտականության տեսակետից որևէ քննություն չի բռնում և հիմնազուրկ է:
Հարուցվելիք քրեական գործի շրջանակում հետաքննող մարմինները պետք է կազմեն առանձին թղթածրար, որում պետք է ներառված լինեն գործի հետ առնչություն ունեցող հետևյալ նյութերը՝
- Նամակագրություն SAM FOGG աճուրդի տան ներկայացուցչի հետ՝ դռան փեղկը աճուրդից հանելու և ֆիքսված գին սահմանելու վերաբերյալ: Ճշտման ենթակա է հիմնական բանակցողի անձը և հիմնավորումները:
- Հավաստի փաստաթուղթ, որով հստակեցվել ու վերջնականացվել են վաճառող կողմի հետ իրի ձեռքբերման պայմանները:
- Փորձագիտական եզրակացության գնի և գնագոյացման շուրջ:
- Ռադիոածխածնային մեթոդի կիրառման փաստաթղթային հիմքերը, որոնք արձանագրված են աճուրդի տան հրատարակած կատալոգում, սակայն տակավին չեն հանրայնացվել:
- Գիտական հիմնավորում կամ փորձագիտական եզրակացություն իրի թեկուզ մոտավոր հայկականությունը պարզելու համար: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում դռան փեղկին ծանոթանալիս ակնարկեց «իզոտոպերի միջոցով» փայտանյութի աշխարհագրությունը պարզելու մասին: Դա պետք է արվեր մինչ ԿԳՄՍ նախարարության կողմից գնումն իրականացնելն ու պետական միջոցների վատնումը: Այն պարտադիր պետք է իրականացվի հարուցվելիք քրեական գործի շրջանակում:
- Դռան փեղկը ՀՀ ներկրելու մաքսային ձևակերպման փաստաթղթերը
- Վաճառողի կամ ընկերության անձնական տվյալները, տվյալներ նույն աղբյուրից այլ իրեր գնելու և Հայաստան տեղափոխելու մասին:
- Իրի բնօրինակ հանդիսանալը, ժամանակագրական տվյալներն ու վավերականությունը հաստատող փաստաթղթեր ու փորձագիտական եզրակացություններ:
Պետական միջոցների վատնման մեղադրանքով հանցագործության մասին սույն հայտարարությունը կներկայացվի ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին և ՀՀ դատախազությանը: (թեպետ, լուրջ կասկած կա, որ այս գործը ևս չի արժանանա նույն ճակատագրին, ինչ Հայոց ցեղասպանության թանգարանում գրքերի գողությունների ու հափշտակումների հիմքով հարուցված երկու քրեական գործերը):
Հաշվի առնելով կառավարության վերոնշյալ անդամների կողմից Բեյրութում գտնվող միևնույն անհայտ ծագում ունեցող դռան երկրորդ փեղկի ձեռքբերման նպատակադրությունը, իրավապահ մարմիններից պահանջում եմ կիրառել կալանքը որպես խափանման միջոց՝ պետական պահուստային ֆոնդի գումարների աննպատակային վատնման նոր փորձը կանխելու համար։
Միաժամանակ հայտնում եմ, որ պատրաստ եմ տալ փորձագիտական գնահատական իրի պատմականության, ծագումնաբանության և ժամանակագրության վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել միջազգային հեղինակավոր աճուրդների կատալոգներ՝ միջնադարյան փայտարվեստի վավերական ու փորձագիտական քննություն անցած նմուշների գների համեմատականը ներկայացնելու համար:
Հ․Գ․ Եթե որևէ պատմաբան կամ արվեստագետ պատրաստ է հանրային բաց բանավեճի ձևաչափով տալ հստակ ու անհերքելի ապացույցներ, առ այն, որ դռան փեղկն անվիճելիորեն հայկական ծագում ունի, ապա ես պատրաստ եմ նման բանավեճի մասնակցել ու հիմնավորել հակառակը։ Միաժամանակ կոչ եմ անում իրենց մասնագիտական ու ակադեմիական համոզմունքները հարգող գիտաշխատողներին իրենց աջակցությունը հայտնեն այս հայտարարության բովանդակությանը»։

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան