500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, թիմից չի կարողացել թաքցնել պաշտոնական Մոսկվայի՝ իրենց իշխանության նկատմամբ այլևս խիստ անհանդուրժողական վերաբերմունքը և այն վտանգավոր զարգացումները, որ առաջիկա ամիսներին սպասվում է իրենց՝ ռուսական սանկցիաների տեսքով։ Թերևս սրանով են պայմանավորված իշխող թիմում տագնապային տրամադրությունները, առնվազն ռուսամետ կամ չեզոք պատգամավորական շարքերում, որոնք մասնավոր զրույցներում սկսել են քննադատել Փաշինյանի անհեռատես քայլերը և այդ խոսակցությունները վարում են իշխող ֆրակցիայի արևմտամետ կոչվող հատվածում, որոնց քավորությամբ սորոսական ՀԿ-ները Փաշինյանին պարտադրեցին ԵՄ-ին անդամակցության մեռելածին, չգործող օրենքի նախագիծն ընդունել, որը խորհրդարանական մեծամասնությունն ընդունեց անցած տարի։
Այս նախագիծը թեպետ դեկլարատիվ է և գործողություններ չի նախատեսում, սակայն լցրել է Ռուսաստանի համբերության բաժակը և ընկալվեց որպես մարտահրավեր՝ ուղղված իրենց, եւ որպես հստակ ապացույց, որ ՀՀ իշխանությունները հակառուսական քաղաքականություն են իրականացնում: Իսկ ընթացքը սկսվել էր դեռևս տխրահռչակ Հռոմի ստատուտից, որը ևս ոչինչ չտվեց Հայաստանին, բացի Ռուսաստանի հետ հակասությունների սրումից։
Այս անհեռատես գործողությունների արդյունքում էլ Հայաստանը հասել է մի կետի, որը կարող է հանգեցնել տնտեսական կոլապսի: Մեր երկրից ներմուծվող ապրանքների ծավալների սահմանափակումներն ընդամենը ծաղիկներն են։ Նախորդիվ գրել էինք, որ Ռուսաստանն առաջիկայում ավելի է սրելու իրավիճակը, ուժեղացնելու պատժամիջոցները, ՔՊ-ում սարսափով են խոսում շուրջ 500 հազար հայ խոպանչիների Հայաստան «դեպորտ» անելու հեռանկարի մասին: ՔՊ-ն դիվանագիտական խողովակներով և Փաշինյանի մերձավոր շրջապատից տեղեկացել է, որ տնտեսական սանկցիաներից հետո գալու է միգրանտների հերթը: Փաշինյանին պատժելու համար ուզում են վտարել բոլոր այն հայերին, որոնք անլեգալ կարգավիճակ ունեն ՌԴ-ում: ՔՊ-ականները հասկանում են, որ այդ ժամանակ իրենց բանը բուրդ է լինելու, և դա կարող է անգամ սոցիալական բունտի հանգեցնել։
Խոսվում է նաև օդային տարածքը փակելու, դեպի Հայաստան թռիչքները սահմանափակելու եւ այլնի մասին։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը երեկ անոնսեց այդ ամենը։ «ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեն կանցկացնի մինչեւ դեկտեմբեր»,- ТАСС գործակալությանն ասել էր նա։ «Ակնհայտ է, որ եթե մինչեւ դեկտեմբեր հանրաքվե անցկացնելու կոչին Երեւանում ականջալուր չլինեն, ԵԱՏՄ առաջնորդները հաշվի կառնեն այդ փաստը՝ հետագա համատեղ քայլերը հստակեցնելու ժամանակ»,- նշել էր Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Գալուզինի խոսքով՝ Հայաստանի հարցին նախագահները վերադառնալու են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ դեկտեմբերին կայանալիք նիստում։ «Այդ նիստին է, որ պետությունների ղեկավարներին զեկույց կներկայացվի՝ նվիրված 2014 թվականի մայիսի 29-ին կնքված պայմանագրին Հայաստանի մասնակցության դադարեցման հնարավոր հետեւանքների մասին»,- նշել է Գալուզինը։ Ռուսաստանցի դիվանագետը նաև նշել է, թե ինչպես պետք է ձեւակերպված լինի հնարավոր հանրաքվեի դրվող հարցը։ «Դա չպետք է աբստրակտ-տեսական ձեւակերպում լինի (ցանկանո՞ւմ եք անդամակցել ԵՄ-ին, թե՞ ոչ), այլ հստակ և գործնական՝ «պատրա՞ստ եք արդյոք հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունից՝ հանուն ԵՄ-ին անդամակցելու ոչ այնքան ակնհայտ հեռանկարի,- նշել է Գալուզինը՝ հավելելով։- Հարցի նման ձևակերպումն ամենաազնիվը կլինի թե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, թե՛ ԵԱՏՄ մյուս անդամների հանդեպ»։
Խնդիրն այն է, սակայն, որ, ինչպես նշեցինք, Հայաստանը ոչ միայն ԵՄ անդամության հայտ չի ներկայացրել, այլև չի պատրաստվում մոտ ապագայում նման բան անել, քանի որ ԵՄ-ից ուղիղ տեքստով ասել են, որ մեզ չեն սպասում Արեմուտքում։
Օգոստոսի 7-ին թե՛ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, թե՛ նիստից հետո ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում Փաշինյանը եւս խոսել էր այս մասին, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվեի անցկացումը կլինի բովանդակազուրկ. «Դա կնշանակի, որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի քաղաքացիներն ընտրություն կատարեն երկու այլընտրանքի միջև, որոնցից մեկը գոյություն չունի։ Դա անհարգալից կլինի մեր ժողովրդի նկատմամբ և գործնականում՝ ոչ լեգիտիմ»։
Ինչևէ, Գալուզինը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին նախատեսված գագաթնաժողովում:
«Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ սահմանափակող միջոցների հնարավոր կիրառման վերաբերյալ ցանկացած որոշում ամբողջությամբ ընկնում է Հավաքական անվտանգության խորհրդի (որը ներառում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին) իրավասությունների մեջ, որն իրավունք ունի նման որոշումներ կայացնել կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա»,- ասել է Գալուզինը՝ նշելով, որ «խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում, նոյեմբերի 11-ին»։
Որ իշխող թիմում արշալույսները խաղաղ չեն, երեկ պարզ դարձավ նաև ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանի ելույթից։ Նա շտապեց հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս կհայտարարի, որ Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ անդամ, ինչն ամրագրվելու է նաև կառավարության ծրագրում, բայց ՀԱՊԿ-ին վերադարձ չկա։
Իսկ ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է, որը պետք է բարեխղճորեն կատարեն բոլոր կողմերը։ Գալուզինը նշել է, որ կազմակերպության աշխատանքներին Երեւանի չմասնակցելը և ՀԱՊԿ բյուջեի վերաբերյալ տարեկան որոշումները չստորագրելը չեն դադարեցնում կազմակերպության գործունեության ֆինանսավորմանն ուղղված ազգային ներդրումը ժամանակին փոխանցելու Հայաստանի պարտավորությունը։ Այսինքն, Հայաստանի՝ անդամավճար չվճարելն օրինական չէ: «Ցանկացած միջազգային կազմակերպություն ունի այս իրավիճակի համար ընթացակարգեր, ինչպես նշված է իր հիմնադիր փաստաթղթերում։ ՀԱՊԿ-ը բացառություն չէ»։
Հիշեցնենք․ Երեւանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները եւ չի վճարում իր հասանելիք անդամավճարը։ 2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երեւանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, և հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը»։

«Հայաստանի տարածքում մեր մասնագետների իրականացրած վերլուծության արդյունքում որոշվել են այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրասյուները»․ Ալիև
509:48
«Մենք ենք վերահսկում, և ուրիշ ոչ ոք»․ Թրամփը՝ Հորմուզի նեղուցի մասին (տեսանյութ)
2309:45
Նարեկ Կարապետյանի աղմկահարույց որոշման պատճառը․ «Հրապարակ»
3509:30
500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին․ «Հրապարակ»
3509:24
Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ «Ժողովուրդ»
3309:12
«Ու սրանց ձայն տվող կար». Զարուհի Մուրադյան
5908:48
«Կաթողիկոսին դիմում են աշխարհիկ անունով, բայց դատում՝ որպես Կաթողիկոսի»․ Արթուր Ղամբարյան
9402:06
«Արևմտամետ և ռուսամետ բևեռների «գաղափարական» բանավեճը շարունակում է հնացած դոգմաներով»․ Գարիկ Քեռյան
10700:06