Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Մենք ասում ենք՝ ո՛չ՝ պղծությանը, ո՛չ՝ այլասերմանը, ո՛չ՝ քրիստոնեական սրբությունների ծաղրին». Սամվել դպիր Գրիգորյան

«Մենք ասում ենք՝ ո՛չ՝ պղծությանը, ո՛չ՝ այլասերմանը, ո՛չ՝ քրիստոնեական սրբությունների ծաղրին». Սամվել դպիր Գրիգորյան
31
Այսօր, 03:12

Սամվել դպիր Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՄՈՐԳԵՆՇՏԵՐՆԻ՝ ԻԲՐԵՎ ԹԵ «ԴԱՐՁԻ ԳԱԼՈՒ» ՄԱՍԻՆ

Մորգենշտերնի համերգի վերաբերյալ հրապարակումներից հետո ամենատարածված հակափաստարկներից մեկն այս է․ «Նա այլևս նախկին Մորգենշտերնը չէ, փոխվել է, դարձի է եկել, դաջվածքներն է հեռացնում, հավատացյալ է դարձել (ավելի ճիշտ՝ ընդունել է հուդայականություն) և բարեգործությամբ է զբաղվում»։
Եկե՛ք քննենք․
1️⃣ Քրիստոնեական իմաստով դարձը պարզապես նախկին կյանքի համար ափսոսանքը, դաջվածքների հեռացումը, սթափ ապրելը կամ ընդհանրապես «Աստծուն հավատալը» չէ։
Դարձը մեղքից դեպի Աստված դառնալն է՝ ապաշխարությամբ և կյանքի փոփոխությամբ։
2️⃣ Իսկ Մորգենշտերնի արածները քրիստոնեական իմաստով «դարձ դեպի Քրիստոս Աստված» անվանել պարզապես անհնար է։
3️⃣ Բայց կա ավելի կարևոր հանգամանք։ Եթե խոսքը միայն նրա անցյալի մասին լիներ, հարցը բոլորովին այլ կլիներ։ Սակայն նախկին բովանդակությունը դեռ ապրում է նրա ներկա բեմում։
4️⃣ Հենց այդ «արտիստը» սեփական պաշտոնական ալիքում չափազանց խոսուն ձևով նկարագրել է իր վիճակը. մեկ օր երիտասարդներին պատմել է, թե ինչպես է «վերադարձել Աստծու մոտ», իսկ հաջորդ օրը, իր իսկ բառերով, բեմում կրկին կատարել է իր հայտնի գռեհիկ երգը՝ «հայհոյանք է, չեմ ուզում գրել անունը»-ն։
5️⃣ Մենք չենք կարող մարդու սիրտը քննել, բայց կարող ենք քննել նրա գործերը և դրանց պտուղները։
6️⃣ Բարեգործությունը չի սրբագործում սրբապիղծ բովանդակությունը, իսկ դաջվածքից «666»-ը հեռացնելը դեռ չի հեռացնում տարիներով ստեղծված արտադրանքը բեմից, եթե այդ նույն արտադրանքը շարունակում է կատարվել, վաճառվել և մատուցվել հանդիսատեսին։
7️⃣ Ուստի հարցը շատ պարզ է. Եթե ասում եք՝ «նա փոխվել է», ապա ցույց տվեք՝ փոխվե՞լ է այն, ինչ նա այսօր բեմից տալիս է մարդկանց։ Եվ արդյո՞ք նա հրապարակավ զղջացել է իր նախկին պղծությունների համար՝ քրիստոնեական խորհրդանիշների ծաղրի և եկեղեցական միջավայրի սրբապիղծ օգտագործման, իր մոր հասցեին հնչեցրած գռեհկությունների, հայհոյախառն երգերի և երիտասարդներին այլասերող դեգեներատիվ մշակույթի տարածման համար։
Այսպիսով․ Եթե մարդը մի կողմից պատմում է Աստծուն «վերադառնալու» մասին, իսկ մյուս կողմից շարունակում է բեմ բարձրացնել իր նախկին գռեհիկ ռեպերտուարը, մենք իրավունք ունենք գնահատելու ոչ թե նրա սրտի խորհուրդները, այլ նրա հրապարակային գործունեության պտուղները։
Եվ հենց այդ պատճառով չի վերանում մեր հարցադրումը Երևանի 18+ համերգի վերաբերյալ․
Պե՞տք է արդյոք այդ բովանդակությունը մեծ բեմ ստանա առաջինը քրիստոնեությունը պետականորեն ընդունած Հայաստանում։
Մենք ասում ենք՝
Ո՛չ՝ պղծությանը,
Ո՛չ՝ այլասերմանը,
Ո՛չ՝ քրիստոնեական սրբությունների ծաղրին»: