«Մաքսային «կանաչ ուղու» լիարժեք գործարկումն առաջնահերթություն է»․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր»-ի անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերությունը պետք է սկսվի այնտեղ, որտեղ բեռնատարը կանգնած է սահմանին, գործարարը կորցնում է ժամանակ ու գումար, իսկ պետությունը՝ իր տարանցիկ հնարավորությունը։
Այս իմաստով մաքսային «կանաչ ուղու» լիարժեք գործարկումն առաջնահերթություն է։ Նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակումը հնարավորություն է տալիս բեռի մասին տեղեկությունը ստանալ մինչև դրա ժամանումը, նախապես գնահատել ռիսկերը և արագացնել օրինապահ տնտեսվարողների մաքսային ձևակերպումները։ Պակաս պարապուրդ, ավելի ցածր ծախս, կանխատեսելի առևտուր։
Ռազմավարական գործընկերության տնտեսական բովանդակությունը հենց այստեղ է։
Հոկտեմբերի 8-ին հաղորդվեց, որ Թեհրանում համաձայնեցվել է այդ համակարգի լիարժեք գործարկման ժամանակացույցը։ Սակայն այս լուրն ունի պատմություն, որը քաղաքական հարմարավետության համար մոռացության տալ չի կարելի։
Իրավական հիմքը դրվել է դեռևս 2018 թվականի փետրվարի 27-ին՝ Երևանում, հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում։ Ստորագրված արձանագրությունն ուժի մեջ է մտել 2019 թվականի մայիսի 14-ին։ Այն նախատեսում էր տվյալների կանոնավոր փոխանակում, ռիսկերի կառավարման կիրառում, տեխնիկական պահանջների համաձայնեցում, փորձարկում և համակարգի լիարժեք ներդրման հաստատում։ 2019-ին համագործակցությունը շարունակվել է նաև մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ու թվային կապերի զարգացման փաստաթղթերի ստորագրմամբ։
Ուստի այսօր խոսքը տարիներ առաջ սկսված պետական աշխատանքը ավարտին հասցնելու մասին է։ Ութ տարի անց լիարժեք գործարկման ժամանակացույց համաձայնեցնելը ծափահարության առիթ դարձնելուց առաջ իշխանությունը պարտավոր է բացատրել՝ ինչն է խոչընդոտել ընթացքին, որ փուլն է ձախողվել և ինչ պատասխանատվություն է կրել հայկական կողմը։
Ժամանակացույցը դեռ արդյունք չէ, իսկ տարիների ուշացումը, բնականաբար՝ ձեռքբերում։
Ավելի խորքային խնդիրը քաղաքական անհետևողականությունն է։ Մաքսային ուղղությամբ բացվող հնարավորությունը կարող է արժեզրկվել, եթե վճարումները, փոխադրումները և ավիահաղորդակցությունը մնան արտաքին սահմանափակումների նկատմամբ չպաշտպանված։ Ըստ The Wall Street Journal-ի՝ ամերիկյան երկրորդային պատժամիջոցների սպառնալիքը մի շարք երկրներում արդեն հանգեցրել է իրանական ավիաընկերությունների երթուղիների փակման։ Սա ցույց է տալիս, թե որքան արագ կարող է քաղաքական ճնշումը խափանել տնտեսական կապերը։
Հենց այստեղ է չափվում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների իրական արժեքը։ Իշխանությունը պետք է կարողանա Վաշինգթոնում հիմնավորել հայ–իրանական օրինական համագործակցության կենսական նշանակությունը և համապատասխան ոլորտներում բանակցել անհրաժեշտ բացառությունների, թույլտվությունների ու հստակ երաշխիքների շուրջ։ Այդպիսի արդյունքի բացակայությունը հնարավոր չէ փոխհատուցել «ռազմավարական գործընկերություն» արտահայտության հաճախակի կրկնությամբ։
Մեկ գերատեսչությունը կարող է ամիսներով ճանապարհ բացել, իսկ անհետևողական արտաքին քաղաքականությունը՝ մեկ որոշմամբ այն կրկին փակել։ Սա պետական կառավարման ամբողջականության խնդիր է։
Իրանի հետ «կանաչ ուղին» պետք է վերջապես գործի։ Բայց դրա գործարկումը չի կարող իշխանության համար կանաչ լույս դառնալ՝ տարիների ուշացումներն ու դիվանագիտական անարդյունավետությունը հերթական հաջողության պատմությամբ ծածկելու համար»։

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
9909:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
369Երեկ, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
28112.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
91910.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
114309.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
53309.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
52609.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
43609.11.2026, 10:00