Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Լեհաստանի նախագահը հրատապ խորհրդակցություն է հրավիրել

Լեհաստանի նախագահը հրատապ խորհրդակցություն է հրավիրել
882
Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2026 թ., 09:54

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հրատապ խորհրդակցություն է հրավիրել քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով։ Միևնույն ժամանակ նա կոչ է արել ուժային կառույցների ներկայացուցիչներին լքել Սահմանադրական դատարանի տարածքը՝ իրավապահներին անվանելով կառավարության կողմից ուղարկված հարկադրանքի ուժեր։
Տեղի ունեցած իրադարձությունների հիմքում վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած եվրոպամետ լիբերալների և Նավրոցկու ներկայացրած՝ ԵՄ-ի նկատմամբ թերահավատորեն տրամադրված աջ պահպանողականների միջև հակամարտությունն է։
Այս ֆոնին մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ իշխող կոալիցիան պատրաստվում է Լեհաստանի նախագահի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսել։ Սակայն այդ ընթացակարգի համար անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի աջակցությունը, որը ղեկավարում է նախագահամետ դիրքորոշում ունեցող Բոգդան Սվենչկովսկին։
Ուրբաթ օրը Սահմանադրական դատարանի ղեկավարության շուրջ հակամարտության պատճառով իրավիճակն ավելի սրվեց։ Դատարանի կայքում տեղեկություն հրապարակվեց, որ դատարանի նախագահն ու փոխնախագահը ժամանակավորապես դադարեցրել են իրենց ծառայողական պարտականությունների կատարումը։
Իր հերթին, դատավոր Աննա Կորվին-Պետրովսկայան իրեն հայտարարեց Սահմանադրական դատարանի նոր նախագահ։ Նա նշեց, որ դատարանի շենքում կարող են անկարգություններ լինել, և աշխատակիցների կյանքին ու առողջությանը վտանգ սպառնալ։ Այդ պատճառով նա արգելեց որևէ մեկի մուտքը շենք, այդ թվում՝ երկրի նախագահին։ Ավելի ուշ նա ասաց, որ նախագահին թույլ կտա ներս մտնել, եթե համոզվի, որ դա անվտանգ է։
Նավրոցկին, որն այցով Սենեգալում էր, վերադարձել է մայրաքաղաք։ Նախ նա հանդիպում է ունեցել Սվենչկովսկու հետ, ապա Երևանի ժամանակով ժամը 04։00-ի սահմաններում, թիկնապահների ուղեկցությամբ, մտել է Սահմանադրական դատարանի շենք։

Այս իրավիճակը լուրջ դժգոհություն է առաջացրել ինչպես Լեհաստանի քաղաքական վերնախավի մի շարք ներկայացուցիչների, այնպես էլ հասարակության շրջանում՝ հանգեցնելով կառավարության գործողությունների դեմ բողոքի ցույցերի։